Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը, այդ ժամանակ կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք, որին նպաստում են  բազմաթիվ  գործոններ` ապագա մոր անառողջ ապրելակերպն ու վարքագիծը, ժառանգականությունը և այլն: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում մանկական ուռուցքների տարածման պատկերն ու վիճակագրությունը մոտ է աշխարհում տարածված միջին վիճակագրականին: Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում քաղցկեղից բուժվող 500 հիվանդներից 10-ը երեխաներ են: Եթե այլ երկրներում քաղցկեղի բուժումն իրենց վրա են վերցնում պետությունը կամ ապահովագրական ընկերությունները, ապա Հայաստանում հոկտեմբերի 1-ից պետպատվերի փոխարեն գործում է համավճարով բուժումը: Մեր երկրում այդպես էլ իրականություն չի դարձել մանկական ուռուցքաբանության կենտրոնի ստեղծումը: Մանկական ուռուցքաբանության բաժնի ղեկավար Գրիգոր Խաչատուրի Բադալյանը նշում է, որ ապագայում հնարավոր է մասնագետների պակաս լինի, քանզի երիտասարդները մանկական ուռուցքաբան դառնալ չեն ցանկանում` աշխատավարձը քիչ է, գործը` լարված ու պատասխանատու: Նշենք նաև, որ բժշկությունն առաջընթաց է ապրում, ստեղծվում են բուժման առավել արդյունավետ մեթոդներ, որոնց արժեքը բարձր է պետության տրամադրած միջոցներից: Բայց կա դեղորայքի մեծ խնդիր։ Որոշ դեղեր  չկան մեր երկրում, սակայն լայնորեն օգտագործվում են ժամանակակից երկրներում և շատ արդյունավետ են։ Հետևաբար դրանց պահանջարկը մեծ է մեզանում:
«ԷԽՈ» ՀԿ թիմը  իր  «Առողջ մանկություն» ծրագրի շրջանակներում աջակցում է օնկոլոգիական հիվանդություններով (լեյկոզ) տառապող  երեխաներին: Շատ կարևոր է, որ արյան հիվանդություններով տառապող հայ երեխաները Հայաստանում ստանան այնպիսի բուժում, ինչպիսին կա արտասահմանում, քանզի երեխաները ամենակարևորն ու թանկն են մեր կյանքում:  Իսկ ամենամեծ հարստությունը նրանց առողջությունն  ու երջանկությունից փայլող աչքերն են: Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք: Այն ամենալուսավորն է մեր կյանքում, որքան էլ այնտեղ առկա են եղել մութ ու գորշ ստվերները: Միևնույն է այն մեր լուսավոր ու բարի սկիզբն է, և միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել: Հետևաբար հոգում փնտրելով ամենավեհ ու նվիրական զգացմունքները` պետք է օգնենք կարիքավոր երեխաներին՝ լուսավորելով նրանց անմեղ, պարզ ու բարի մանկության մութ անկյունները:
 Եթե երբևէ առնչվել եք նմանատիպ խնդիրների հետ կամ ունեք ձեզ տանջող հարցեր, ապա առանց երկմտելու կարող եք դիմել «ԷԽՈ» ՀԿ թիմին: Ետադարձ կապ կարող եք հաստատել www.ekhongoarmenia.am կայքի միջոցով, որտեղ  կծանոթանաք բոլոր հրատապ ծրագրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել