Այս գիշեր երազիս մեկն ինձ մի առակ պատմեց:
Մի երկրի իշխանությունը մկան ձեռքին է լինում: Այս մուկն իր շրջապատով ողջ երկիրը ուտո՜ւմ է ու ուտում: Անգամ շենքերից համարյա բան չեն թողել՝ պանրի նման քրքրել, անցքեր են բացել: Այդ մկանը ծանոթ ավանակն էլ տանը նստած վրդովվում է, թե ինչքա՞ն կարելի է, երկրից բան չթողեցի՜ն, շուտով իր տա՜նն էլ կհասնեն, ե՞րբ են վերջապես հեղափոխություն անելու, սրանց քշե՜ն: Մի օր էլ հեռուստացույցից, թե ինտերնետից, չեմ հիշում, իմանում է, որ երկրում հեղափոխություն է կատարվել: Ուրախանո՜ւմ է, վեր կենում, գնում կառավարության, թե նախագահական (չեմ հիշում) շենքի մոտ: Ճանապարհին ոգևորված իրեն-իրեն խոսելով. «Վերջապե՜ս, մեր ժամանակներն եկա՜ն» և դրա նման բաներ: Հասնում է իշխանական այդ շենքի մոտ, տեսնում է՝ ժողովուրդը, լուրը լսելով, ոգևորված ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ, հավաքվել, «նոր» «իշխանի» ճառն է լսում: 
Հա՜, մոռացա ասել. ինձ ռուսերեն պատմեցին այս առակը... Չգիտեմ ինչի:
Է՜, մոռացա ասել նաև, թե ո՜վ էր այդ «նորը»... Կամ՝ լավ, թողնեմ ընթերցողի երևակայությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել