Tert.am-ը գրում է.

Ռուսական «Գազպրոմ» և թուրքական Botas ընկերությունները պայմանավորվածության են հասել գազի գնի զեղչի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է gazeta.ru-ն:

Նախարարի խոսքով՝ զեղչի չափը կկազմի 10,25 տոկոս:

«Մեր տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմի» և Botas-ի միջև գազի գնի զեղչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Զեղչը կկազմի 10,25 տոկոս»,- հայտարարել է Նովակը:

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի համար գազի գնի մասին վեճը որոշիչ գործոն չէ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հետաձգման համար:

Ուրբաթ օրը՝ հուլիսի 31-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև աշնանը «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունների անցկացման մասին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան հետաձգել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունները՝ գազի գնի շուրջ վեճի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել