1930-ականներին նացիստական ՍՍհրամանատար Հեյնրիխ Հիմլերը ստեղծեց «Լեբենսբորն» ծրագիրը, որը միտված էր բարձրացնելու գերմանացիների ծնելիության մակարդակը, և որը սկսվեց գործարկվել 1935թ․-ի դեկտեմբերին ու շարունակվեց մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտ։ Ծրագրի շրջանակներում գերմանացի զտարյուն կանայք պետք է զուգավորվեին ՍՍ-ի սպաների հետ ու շիկահեր կապուտաչյա երեխաներ ծնեին։ Գոյություն ունեին «Լեբենսբորնի» տներ, որտեղ Հեյնրիխ Հիմլերն անձամբ էր այցելում ու հետևում ծրագրի իրականացման ընթացքին։ Երբ Երկրորդ աշխարհամարտն ավարտվեց, Հիմլերը ձերբակալվեց որպես պատերազմի հանցագործ և 1945թ․-ի մայիսի 23-ին բանտում ինքնասպան եղավ՝ ցիանիդի դեղապատիճ կուլ տալով։

 8  Ծրագրի նպատակը

1900-ականների սկզբին Գերմանիայում ծնելիության մակարդակն անկում էր ապրում։ Տնտեսական ճգնաժամն ու ամուսնության տարիքի տղամարդկանց ցածր թիվը, հատկապես 1918թ․-ի նոյեմբերի 11-ին Առաջին աշխարհամարտին Գերմանիայի պարտությունից հետո, ծնելիության կանխարգելիչ միջոցներ օգտագործելն ու աբորտները Գերմանիայում ծնելիության մակարդակի խիստ անկման պատճառ էին դարձել։ Մինչև 1933թ․-ը հազար մարդու դիմաց ծնելիության մակարդակը կազմում էր միայն 14.7%:
«Լեբենսբորն» ծրագիրը ծնելիության անկումը վերականգնելու ու միաժամանակ բարձրակարգ արիական ռասա ստեղծելու նացիստների ծրագիրն էր, որի արդյունքում ծնված սերունդը պետք է տիրեր Եվրոպան՝ որպես Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի Երրորդ Ռայխ կամ «1000 տարվա ռայխ»։ Հիտլերի ծրագիրն էր ավարտին հասցնել եռյակի վերջին 1000-ամյա կառավարումը. եռյակ, որը ներառում էր Առաջին Ռայխը՝ Հռոմի սուրբ կայսրությունը և Երկրորդ Ռայխը՝ Հոհենցոլերների դինաստիան, որոնցից երկուսն էլ մոտ 1000 տարի շարունակվեցին, սակայն Երրորդ Ռայխը, ինչպես պարզվեց, ընդամենը 11 տարի տևեց։

 7  Լեբենսբորնի տները

Հղի կանայք, ովքեր ապացուցում էին իրենց երեխաների արիական ծագումը, ֆինանսական հատուկ օգնություն ու հատուկ բուժօգնություն էին ստանում կառավարությունից։ Նրանք նաև այլընտրանք ունեին՝ իրենց երեխաներին թողնել Լեբենսբորնի տներում, որտեղ երեխաները լավագույն խնամք էին ստանում և իհարկե նացիստական կրթություն։

Ի սկզբանե գոյություն ունեին լեբենսբորնյան 10 տներ, և բոլորը հիմնվել են Գերմանիայի տարածքում։ Առաջինը բացվել է 1936թ․-ին Ստեինհորինգում՝ Մյունխենի մոտ գտնվող փոքրիկ գյուղում։

Երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, նացիստները սկսեցին հարձակվել ու գրավել եվրոպական այլ երկրներ, և սա հնարավորություն տվեց Հիմլերին ընդլայնել «Լեբենսբորն» ծրագիրը։ Ի վերջո, 9 այլ լիբենսբորյան տներ հիմնվեցին Նորվեգիայում, 2-ը Ավստրիայում և մեկական Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում և Դանիայում։ Ընդհանուր առմամբ Հիմլերը 20-ից ավելի լեբենսբորնյան հաստատություններ հիմնեց:

 6  Առևանգումներ

Լեբենսբորնի ծրագիրը պատասխանատու է նաև հազարավոր եվրոպացի երեխաների առևանգումների համար, և այս երեխաներից շատերը Լեհաստանից ու Սլովենիայից էին։ Յուրաքանչյուր երեխա, որ արիացու արտաքին ուներ ու չուներ հրեական ծագում, առևանգվում էր ու «գերմանացվում»։

1942թ․-ի հուլիսի 25-ին Հիմլերը հանձնարարեց ՍՍ-ին՝ երեխաներին Սլովենիայից Գերմանիա ուղարկել։ 6-12 տարեկան 600 երեխաներ հանձնվեցին Լեբենսբորնի կառավարիչներին։
Իր «Երեխա տուր Ֆյուրերին. Լեբենսբորն կազմակերպություն» գրքում գերմանացի պատմաբան Վոլկեր Կուպը նշել է, որ սլովենացի երեխաների անունների ցանկ է գտել ֆեդերալ արխիվում՝ ՍՍ հրամանատար Ջորջ Ռոդելի կողմից արված գրառումներով, ով յուրաքանչյուր երեխայի անունի դիմաց նշել էր. «ծնողները սպանված են»։

Այս «գերմանացված» երեխաներին ասվում էր, որ նրանց ծնողները մահացել են կամ որ լքել են նրանց։ Երեխաներին նոր ինքնություն էր տրվում, այդ թվում նոր անուններ, ծննդյան փաստաթղթեր ու ծագման մասին կեղծ փաստեր, որից հետո նրանց ուղարկում էին Գերմանիա՝ հատուկ հաստատություններում կամ գերմանական ընտանիքներում ապրելու համար։ 2-6 տարեկան երեխաները Լեբենսբորնի տներ էին ուղարկվում, իսկ այն երեխաները, ում հնարավոր չէր «գերմանացնել», ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ։

 5   Հայրերը

ՍՍ սպաներն ամուսնանալու համար պետք է ստանային պետության համաձայնությունը, իսկ դրա համար սպաների ընտրած կանայք պետք է համապատասխանեին լեբենսբորնյան խիստ չափանիշներին։

1936թ․-ին հրաման արձակվեց, որի համաձայն՝ յուրաքանչյուր ՍՍ անդամ պետք է առնվազն 4 երեխաների հայր լիներ։ Լեբենսբորնի շատ երեխաների հայրեր ամուսնացած էին և իրենց ընտանիքներն ունեին, ովքեր ենթարկվում էին Հիմլերի հրամանին՝ արիական սերմը տարածելու նպատակով։ Ծրագրի գաղտնիության պատճառով հայրերի ինքնությունը ծննդյան փաստաթղթերի վրա չի նշվել։

 4  Մայրերը

Եթե կինը ցանկանում էր մասնակցել Լեբենսբորնի ծրագրին, նա պետք է շեկ մազեր ու կապույտ աչքեր ունենար, չունենար գենետիկ խանգարման բժշկական պատմություն ու արիացի նախնիներ ունենար։ Նա նաև պետք է ներկայացներ հոր ինքնությունը, ով նույնպես պատշաճ ռասայական առանձնահատկություններ պետք է ունենար։ Ծրագրին դիմած կանանց միայն 40%-ն էր անցնում ռասայական մաքրության թեստը։ Լեբենսբորնի ծրագրի մայրերի 60%-ն ամուրի էր։
Լեբենսբորնի ծրագիրը գրանցման հատուկ համակարգ ուներ՝ մայրերի ու հայրերի ինքնությունը գաղտնի պահելու համար, և այս փաստաթղթերի մեծ մասն այրվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտին։
Նացիստները հավատացած էին, որ նորվեգացի կանայք կատարյալ էին ծրագրի համար, քանի որ նրանցից շատերը շիկահեր էին ու կապուտաչյա։ Հաշվարկվում է, որ մոտ 50,000 նորվեգացի կանայք սեռական կապ են ունեցել գերմանացի զինվորների հետ։ Մյուս նորվեգացիների կողմից նրանք համարվում էին «գերմանական պոռնիկներ» և բացասական վերաբերմունքի արժանանում. երբ պատերազմն արդեն ավարտվեց, նրանց գլուխները հասարակայնորեն սափրում էին, իսկ երեխաներին խլում նրանցից, և նրանք այլևս երբեք չտեսան նրանց։

 3  Բժիշկները

Բժիշկները Լեբենսբորնի ծրագրի կարևոր մաս էին կազմում։ Համարվում է, որ բժիշկ Գրեգոր Էբները Հիմլերի հետ է դպրոց հաճախել ու նրա մոտ ընկերն է եղել։ Ստեինհորինգի տանը նա ոչ միայն հետևել ու համակարգել է 3000 լեբենսբորնյան երեխաների ծնունդ, այլև վերարտադրողության գիտափորձեր անցկացրել շատ կանանց վրա։ Էբներին ձերբակալեցին Երկրորդ աշխարհամարտի ավարտին և մեղադրեցին մարդկության դեմ գործած հանցանքների, պատերազմական հանցագործությունների և այլ  հանցանքների համար։ Երբ 1974թ․-ին նա մահացավ, նա դեռևս ամուր պաշտպանում էր նացիստական իր գաղափարները։

Լեբենսբորնի տների հարյուրավոր բժիշկներ ու բուժքույրեր ոչ միայն հոգ էին տանում երեխաների մասին, այլև նրանց նացիստական գաղափարախոսություն քարոզում։ Նրանք նաև որոշում էին՝ արդյո՞ք երեխաները բավականաչափ գերամանացի են, թե՞ պետք է ուղարկվեն համակենտրոնացման ճամբարներներ՝ մահվան։

 2  Երեխաները

Մոտ 8000 լեբենսբորնյան երեխաներ ծնվեցին Գերմանիայում։ Նրանք մկրտվում էին ծիսական արարողությամբ, որտեղ նրանց ծնողները (որդեգրող կամ այլ) խոստանում էին երեխայի հավատարմությունը նացիստական գաղափարախոսությանը։
Այս երեխաները, որոնք լքվել էին իրենց մայրերի կողմից, հոգ էին տարվում լեբենսբորնյան տներում բժիշկների ու բուժքույրերի կողմից, ովքեր աշխատանքի էին անցնում ՍՍ-ի կողմից։ Նրանցից շատերն ի վերջո տրվում էին նացիստական հարուստ ընտանիքներին՝ որպես իրենց սեփական երեխա մեծացնելու համար։

Նորվեգիայում 1940-1945թթ․-ի մոտավորապես 8000-10000 լեբենսբորնյան երեխաներ ծնվեցին, որոնց մոտ կեսը ծնվում էին լեբենսբորնյան հաստատություններում։ Նացիստական կուսակցությունն այս երեխաներին ինքնըստինքյան գերմանացի էր համարում։

 1  Լեբենսբորնի ամենահայտնի երեխան

Լեբենսբորնի ամենահայտնի երեխան Անի-Ֆրիդ «Ֆրիդա» Լինգստադն էր՝ շվեդական «Աբբա» երաժշտական խմբի համահիմնադիրներից մեկը։ Անի Ֆրիդը ծնվել է 1945թ․-ի նոյեմբերի 15-ին։ Նրա հայրը գերմանացի սերժանտ Ալֆրեդ Հաասն էր։ Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրիդայի նորվեգուհի մայրը՝ Սիննի Լինգստադը, վախենալով, որ գերմանացիների հետ ունեցած իր կապը կարող է բացասաբար ազդել իր կյանքի վրա, վերցրեց աղջկան ու տեղափոխվեց Շվեդիա։ Շվեդիա տեղափոխվելուց հետո Սիննին մահացավ երիկամների անբավարարությունից։ Անի Ֆրիդին մեծացրեց նրա տատիկը։
Ֆրիդին ասել են, որ նրա հայրը մահացել է պատերազմի ժամանակ, այնինչ իրականում նա կենդանի էր և ապրում էր Գերմանիայում՝ որպես խմորեղեն պատրաստող խոհարար։ Նա հանդիպեց Հաասային առաջին անգամ 1977թ․-ի սեպտեմբերին։ Հաասան մահացավ 2009թ․-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել