Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Մարդու իրավունքների միության կենտրոնը մամուլի ասուլիսի ընթացքում տվյալներ է հրապարակել վերջին շաբաթվա ընթացքում ահաբեկչական գործողությունների հետևանքով Թուրքիայում զոհերի ու հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվածների տվյալների մասին։

Ինչպես տեղեկացնում է «Ակօսը», կառույցի ղեկավար Օզթյուրք Թյուքդողանը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն ու թուրքական կառավարությանը կոչ է արել խաղաղություն պահպանել և հաշտության համար քայլեր ձեռնարկել։

Նա նշել է, որ մինչև քրդերի հետ հաշտության գործընթացի մեկնարկը հազարավոր մարդիկ են զոհվել բախումների ընթացքում, իսկ այդ գործընթացի ժամանակաշրջանում՝ 2013-2014 թվականներին, զոհվել է միայն 40 մարդ։

Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում զոհվել է 41 մարդ։ Նրանցից 32-ը սպանվել են Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ ոստիկանների ու զինվորականների շրջանում։

Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 1034 մարդ, որոնցից 36-ը՝ անչափահասներ։

Նրանք կասկածվում են ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու համար։

Ձերբակալվածներից 140-ին կասկածում են «Իսլամական պետություն» խմբավորման, 22-ին՝ «Զուգահեռ պետության», իսկ մնացածին՝ PKK-ի և այլ ձախ ուժերի անդամակցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել