Tert.am-ը գրում է.

Մինչ ԱԺ-ն կքննարկեր «Նաիրիտի» վերագործակման հնարավորությունները, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները  զուգահեռ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց: Նրանք այս անգամ ոչ թե աշխատավարձերի պահանջով էին հավաքվել, այլ հասկանալու՝ հնարավոր է գործարանը վերագործարկել, թե՝ ոչ:

Հավաքված նաիրիտցիների մի մասը նշեց, որ աշխատավարձերը դեռ չեն ստացել, չնայած տեղյակ էին, որ փոխանցումներ եղել են: «Էլի չենք հավատում, մինչև չստանանք, չենք հավատա»,- ասաց նախկին աշխատողներից մեկը:

Քննարկումներից հետո էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին նախապես զգուշացրեց, որ  ոչ մի հարցի չի պատասխանելու: Բայց դրսում հավաքվածների պահանջների հարցում նշեց, որ գումարները աստիճանաբար փոխանցում են:

Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղից են գտել «Նաիրիտ»-ի աշխատավարձերի վճարման աղբյուրները, պատասխանեց. «Օգոստոսի 1-ից հետո կհայտարարենք, թե որտեղից են գտնվել ֆինանսական աղբյուրները: Դա մեկ աղբյուր չէ, այլ տարբեր աղբյուրներ են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել