Tert.am-ը գրում է.
Մինչ ԱԺ-ն կքննարկեր «Նաիրիտի» վերագործակման հնարավորությունները, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները զուգահեռ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց: Նրանք այս անգամ ոչ թե աշխատավարձերի պահանջով էին հավաքվել, այլ հասկանալու՝ հնարավոր է գործարանը վերագործարկել, թե՝ ոչ:
Հավաքված նաիրիտցիների մի մասը նշեց, որ աշխատավարձերը դեռ չեն ստացել, չնայած տեղյակ էին, որ փոխանցումներ եղել են: «Էլի չենք հավատում, մինչև չստանանք, չենք հավատա»,- ասաց նախկին աշխատողներից մեկը:
Քննարկումներից հետո էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին նախապես զգուշացրեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու: Բայց դրսում հավաքվածների պահանջների հարցում նշեց, որ գումարները աստիճանաբար փոխանցում են:
Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղից են գտել «Նաիրիտ»-ի աշխատավարձերի վճարման աղբյուրները, պատասխանեց. «Օգոստոսի 1-ից հետո կհայտարարենք, թե որտեղից են գտնվել ֆինանսական աղբյուրները: Դա մեկ աղբյուր չէ, այլ տարբեր աղբյուրներ են»: