Tert.am-ը գրում է.

Մոլդովայում հայ համայնքի ու հայկական պատմամշակութային գույքի նկատմամբ ճնշումները ոչ միայն շարունակվում են, այլև զարգացման միտում ունեն և սա այն պահն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է միջամտեն, որ վիճակն ինչ-որ հանգուցալուծում ստանա:

Tert.am-ին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը, ով այսօր առավոտյան զրույցել է Մոլդովայում հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանի հետ:

Արագած Ախոյանը  մանրամասնեց, թե ինչ միջամտություն նկատի ունի.«Բնականաբար, պետք է միջամտեն Արտգործնախարարությունն ու Սփյուռքի նախարարությունը, որոնք պետք է հետևեն, որ նոր օջախներ չստեղծվեն»։

Հիշեցնենք, որ  Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանն ահազանգել էր , որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու և դրան հարակից 14-րդ դարի հայկական գերեզմանատունը ցանկանում են ապօրինաբար վերցնել համայնքից։

Տարածքներն ազատելու պահանջ դրվել էր ոստիկանության, շրջանային ղեկավար մարմնի ներկայացուցիչների ու գերեզմանատան տնօրենի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել