Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ ադրբեջանական զինուժը ողջ գիշեր կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան հայ դիրքապահները կրակ են բացել և կորուստներ պատճառել հակառակորդին։

«Հուլիսի 24 –ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետներից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,– նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև նշել է, որ «ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին»: «Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,– ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել