«Հինգ շիմպանզե նստած են դատարկ սենյակում, որի մեջտեղում աստիճան կա: Աստիճանի վրա՝ բանան: Առաջին կապիկը նկատում է բանանն ու մագլցում դրա հետևից, որ վերցնի, ուտի: Բայց հենց մոտենում է մրգին, առաստաղից սառցե ջրի շիթը թափվում է գլխին ու նրան ցած գլորում:

Մյուս կապիկներն էլ են փորձում բարձրանալ աստիճանի վրա: Բոլորին էլ ջրի շիթը գլորում է, և նրանք հրաժարվում են բանանը վերցնելու փորձերից:

Ջուրն անջատում են, իսկ թրջված կապիկներից մեկին փոխում են ուրիշ մեկով՝ չոր կապիկով: Հենց սա մտնում է տարածք, մյուս կապիկներն սկսում են ամեն ինչ անել, որ նրան թույլ չտան աստիճանի վրա բարձրանալ, որ ջուրը նրան էլ չգլորի: Նոր կապիկը չի հասկանում՝ ինչ է կատարվում: Նա միայն տեսնում է, որ ցեղակիցները իրեն թույլ չեն տալիս քաղցրեղենին տիրանալ: Նա փորձում է ուժով առաջ գնալ, կռվում է: Բայց ինքը մենակ է, և մնացած չորս
կապիկները հաղթում են:

Սենյակից էլի մի թրջված կապիկ են հանում ու ներս թողնում էլի մի չորի: Հենց սա հայտնվում է, նախորդը, ենթադրելով, որ նորերին պետք է հենց այդպես դիմավորել, հարձակվում է նրա վրա, խփում, էնպես որ սա նույնիսկ չի հասցնում աստիճանն ու բանանը տեսնել:

Հետո մնացած թրջված կապիկներին էլ հերթով փոխում են չորերով: Եվ ամեն անգամ նոր եկածին խփում են, հենց սա սենյակ է մտնում: Ամեն անգամ եկածի ընդունելությունն ավելի ու ավելի դաժան է դառնում: Կապիկները խմբով հարձակվում են մտնողի վրա: Եվ այսպես, բանանը դեռ աստիճանի վրա է, բայց հինգ կապիկներն էլ, մշտական կռիվներից շշմած, նույնիսկ չեն մտածում դրան մոտենալու մասին: Հիմա նրանց միակ հոգսը մի նոր կապիկի մուտքը հսկելն է, որ անմիջապես հարձակվեն վրան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել