Տնտեսական ծանր վիճակով մեկնարկած 2015 թվականը բարելավում է տնտեսական ակտիվության ցուցանիշները, ավելին, դրանք գերազանցում են բոլոր կանխատեսումները: Ըստ վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալների՝ տնտեսական աճը կազմել է 3,8%, ինչը 1,1% ավել է տարեսկզբի հինգ ամիսների ցուցանիշից։

Այսպիսի փոփոխությանը նպաստել է հունիս ամսին գրանցված բարձր ակտիվությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է 7,9%-ով։
Տնտեսական ակտիվության վրա հիմնականում մեծ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության ոլորտում հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 38% աճ, ինչի հետևանքով էլ առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ ոլորտում գրանցվել է ռեկորդային 14,5% աճ։ Վերջինիս ծավալների ավելացումն էապես նպաստել է ոչ միան տնտեսական աճին, այլև արտահանման աշխուժացմանը։ Մասնավորապես՝ հունիսին Հայաստանից 7% ավելի շատ ապրանք է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ամսին։ Այս ցուցանիշով տարեսկզբից սկսած առաջին անգամ արտահանումը նույնիսկ գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։

Արձանագրված տնտեսական ակտիվության վրա նպաստավոր ազդեցություն է ունեցել նաև արդյունաբերությունը։ Ճիշտ է, այս դեպքում աճը չի հասնում գյուղատնտեսությանը, բայց և այնպես քիչ չէ։ Արդյունաբերության ոլորտում արտադրության ծավալներն ավելացել են 5,1 տոկոսով։

Հարկ է նշել նաև, որ անկումային իրավիճակից վերջապես դուրս է եկել էներգետիկան։ Ճիշտ է, տարեսկզբի հինգ ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը զիջում էր նախորդ տարվա մակարդակը, սակայն կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է 1,5% աճ՝ պայմանավորված հունիսին արտադրության ծավալների կտրուկ՝ ավելի քան 31% ավելացմամբ։

Կենդանության նշաններ է տալիս նաև շինարարության ոլորտը: Այն, ճիշտ է, փոքր, բայց նույնպես աճ է գրանցել։

Հուսանք, որ այս միտումը կպահպանվի և կբարելավվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել