Վերջերս տարբեր մարդկանցից լսում եմ երևի իրենց կյանքում արտահայտած ամենասխալ ու ապազգային նախադասություններից մեկը. «Ով առաքելական չի, հայ չի»: Ուրեմն, ընթերցողի թանկագին ժամանակը չխլեմ ու միանգամից անցնեմ վիճակագրությանը: Աշխարհի զույգ կիսագնդերում ապրում է 10 միլիոնից ավել հայ: Հայերի մոտ կեսն է առաքելական, մյուս կեսի մեջ կան քրիստոնեական այլ ճյուղերի պատկանողներ, մահմեդականներ, հեթանոսներ և ոչ կրոնավորներ (ագնոստիկներ, աթեիստներ, ապաթեիստներ...), և շատ սխալ կլինի մյուս կեսին զրկել հայ տիտղոսից, այն էլ, երբ «զրկողներն» իրենք իրենց կյանքում հայրենիքի համար ավելի քիչ բան են արել, քան «երկրորդ կեսի», «թերի հայերի» կամ էլ «չհայերի» ներկայացուցիչներից շատերը:
Գաղափարական տեսանկյունից էլ է սա սխալ, որովհետև կրոնը մարդու ազգային ինքնորոշման գլխավոր գործոնը չէ: Ճիշտ է՝ կրոնն էլ ունի իր դերն այդ հարցում, բայց լեզուն, մշակույթը, մտածելակերպը և շատ ուրիշ այդպիսի գործոններ ևս ունեն իրենց դերն այս հարցում ու կրոնը... չէ, կրոնը չէ.. կրոնի մի ճյուղը չի կարող այն կարգի վճռական լինել այս հարցում, որ մարդ մեր սովետական ժամանակահատվածի հերոսներին, օրինակ՝ Հովհաննես Բաղրամյանին, զրկի «ՀԱՅ» տիտղոսից: Հետաքրքիր է՝ այդ նախադասությունն իրենց ճակատին խփած «հայրենասերներն» իրար կպցրած գոնե Բաղրամյանի գործերի կեսի կեսի չափն արած կա՞ն:
Իսկ պատմական տեսանկյունից այդ նախադասությունն արտաբերելը նշանակում է անտեսել հայոց պատմությունը մինչև 301թ., նշանակում է անտեսել Հայկին, Արամին և Տիգրանին, ովքեր հայի խորհրդանիշն են, նշանակում է անտեսել մեր հին մշակույթը...
Մարդու կրոնը վերազգային է, և այդ կրոնի ծառայողը չպետք է իրեն իրավունք վերապահի ասելու, թե ով ինչ ազգի է պատկանում:
Իսկ սոցիալ-տնտեսական տեսանկյունից սա կրկին սխալ է, որովհետև մեր գիտնականների մեծ մասն անկրոն է, և առանց նրանց մեր վիճակն ավելի վատ կլիներ: 
Կարճ՝ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԸ ՀԱՅ Է՝ ԱՆԿԱԽ ԿՐՈՆԻՑ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել