Սթենլի Կուբրիկի «Լարովի նարիջ» ֆիլմը ("Заводной апельсин" Էնթոնի Բյորջես համանուն գրքով) տարիներ շարունակ չեմ հասկացել: Վերջերս նորից դիտեցի. ծանոթ ու արդիական մի նյուանս ինձ մտածել տվեց: Հիշեցի մեր երկրի քննադատողներին ու քննադատվողներին: Ֆիլմի առանցքային գաղափարներից է մարդու մեխանիկական բնույթը: Այսինքն եթե մարդ հակվում ու պարբերաբար անում է նույն բանը, ապա անկախ դաստիարակչական թերապիաներից ու անգամ հիշողության մաքրումից նրա մեխանիկական ու լարովի հակվածությունը այս կամ երևույթից շարունակում է մնալ ու ժամանակի հետ նորից գլուխ է բարձրացնում: Հիմա ևս հետևելով քաղաքկան այս կամ այն երևույթների, շարժումների, ընդվզումների, փոփոխությունների, դեմքերի վերաբերյալ դիտարկումներն ու հայտնած մտքերը (ուսումնասիրության լավագույն տարբերակը սոցցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի դաշտն է) միանգամից հասկանում ես վերը նշված ֆիլմի արդիականությունը: Մարդկանց մի խումբ միշտ քննադատում է, բողոքում ու հայհոյում է, այսինքն դա անում է անկախ ամեն ինչից, անում է որովհետև պետք է անի, պարզապես չի կարող չանել, այդպես է պետք և վերջ: Մյուս խումբն էլ պաշտպանվում է, որովհետև հակված է պաշտպանվելու, անկախ նրանից պետք է, թե ոչ: 
Քննադատելն ու պաշտպանվելը, ընդդիմությունն ու իշխանությունը, դեմ ու կողմ տեսակետները նորմալ ու առողջ երևութներ են, բայց երբ այդ ամենը քո հասարակության մեջ մեխանիկական ու «սուրբ» պարտականություն է դառնում, արդեն հիվանդագին է, անտրամաբանական է, հակամարդկային է: Երկրում տարբեր զարգացումներ են լինում, բայց մեխանիկականները նույն դաշտում են, տարիներով մաշված նույն լոզունգներով՝ քննադատում են, քննադատվողներին էլ իրենց հետ բերում նույն դաշտ: «Պայքարը» դոփում է տեղում: Փոխեք ձեր «ռեպերտուարը», արդեն մաշված լոզունգները, դրանք էլ բանի պետք չեն: Ասածս ինչ է... Փորձենք ուշադրություն դարձնել մի նրբության. Աստված մի արասցե սահմանին նորից իրավիճակի լարվածության մասին լուր է հաղորդվում, քննադատողը ակտիվ զբաղված է իր քննադատությամբ ու իր կուռքերի «փառավոր» անցյալի գովերգմամբ, շարունակում է աղմկել, շեղվում է քննադատության արժանի բուն նյութից` առաջ քաշելով սեփականը. նա լարովի է, մեխանիկական է՝ չի էլ պատկերացնում, որ իր հանած աղմուկով ստվերում է երկրի համար կարևորագույն նշանակության ինչ-որ բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել