«2000 թվից սկսած՝ նորանկախ Հայաստանում ժողովրդի վիճակն էլ ավելի սկսեց վատթարանալ: Երկրի տնտեսության մի քանի ոլորտներ հայտնվեցին օտարերկրյա սեփականատերերի ձեռքին: Ժողովրդին մի կողմից նեոգաղութարարներն էին հարստահարում՝ հոսանքի, գազի, ջրի, հեռախոսակապի վարձերը բարձրացնելով, մյուս կողմից՝ հայրենի չինովնիկներն ու օլիգարխիան, կլանային խմբավորումները: Երկրում ահավոր մեծ չափերի էր հասել կոռուպցիան, պետական միջոցների վատնումը, արտագաղթը: Պարբերական ընդմիջումներով աշխատող եզակի գործարանների աշխատողները տարիներով աշխատավարձ չէին ստանում. որպես կանոն՝ յուրաքանչյուր եռամսյակը կամ վեցամսյակը մեկ՝ 1 ամսվա կտրվածքով: Մարդիկ ստիպված բանկերից վարկ էին վերցնում՝ բնակարանները գրավի տակ դնելով, սակայն, անկարող լինելով մարել վարկը, սնանկանում էին ու հայտնվում փողոցում կամ գաղթի ճանապարհը բռնում, կամ էլ ինքնասպանության դիմում: Գյուղատնտեսությունը զրկվել էր տղամարդ-ձեռքերից, քանի որ տղամարդիկ մեկնել էին արտագնա աշխատանքների, ու դաշտերը  կանայք էին մշակում: Երկրի խոշոր օլիգարխները գյուղացիներից կաթն ու բանջարեղենը գնում էին ցածր գներով, որի արդյունքում վերջիններիս ծախսերը չէին փոխհատուցվում, իսկ քաղաքացիների վրա վաճառում էին շատ ավելի թանկ գնով: Դրա հետևանքով գյուղացիական ընդվզումներ էին լինում: Ժողովուրդը ծայրահեղ բևեռացման մեջ էր. մի կողմից՝ գերշքեղ ապրելակերպի մեջ էին օլիգարխները, որոնցից ոմանք հարստացել էին հարկերից խուսափելու հետևանքով, մյուս կողմից՝ աղքատության ճիրաններում հայտնված ու պարտքերի տակ կքած ժողովուրդը: Բնակչության թիվը պարբերաբար կրճատվում էր՝ անժամանակ մահացությունների, մեծ չափերի հասնող ավտովթարների և ռազմի դաշտում պարբերաբար զոհվող կամ ինքնասպանության վարկածով մահերի պատճառով: Իշխանական վերնախավն ու նրանց սպասարկող մարզպետները, քաղաքապետերը, նախարարներ, բիզնեսն ու պատգամավորությունն ապօրինաբար համատեղող պատգամավորներն ապրում էին զեխության մեջ, իսկ հասարակ ժողովուրդը մշտական կարիքների մեջ էր: Մարդիկ հուսալքված էին: Երկրում պարբերաբար բողոքի ցույցեր էին լինում, իսկ քաղաքացիական ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումներ էին գործադրվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել