Թերևս ոչ բոլորը գիտեն, բայց մենք ունենք մամուլի հրաշալի պատմություն ու մամուլի նախապատմություն: Մի ժամանակ ինձ համար հայկական մամուլի արխիվում ժամանակ անցկացնելը վերածվել էր հոբբիի: Բանավիճում էին «Հյուսիսափայլն» ու «Մշակը»: Գտնվելով մամուլի մեր արխիվում ու վերընթերցելով հոդվածները՝ ծանոթ մի բան էի նկատում այդ ամենում, և հարց է ծագում՝ մի՞թե 19-րդ դարից ի վեր մեր երկրում ոչինչ չի փոխվել: Ժամանակի մեծագույն դեմքերից Միքայել Նալբանդյանը, ով ինձ համար լրագրող է և ոչ թե բանաստեղծ, արտահայտել է մտքեր, որոնք այսօր էլ արդիական են՝ կարող ենք միայն նախադասությունները հարմարեցնել այսօրվա լեզվամտածողությանը, և դրանք կդառնան մերօրյա: 
«Անկարելի է հայոց ազգի հիմքը նորոգել, ուժ և զորություն դնել նորա մեջ, քանի որ ազգը, հասարակ ժողովուրդը, կարոտ է օրական հացի, քանի որ նորա տնտեսական խնդիրը կարգի չէ դրվում»: Այսինքն՝ այսօր ևս երկրի համար շատ նշանակալից հարցեր ստվերվում են չինովնիկների հանած աղմուկի ներքո՝ փոխարենն առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք էականորեն դեր չեն կարող խաղալ, քանի դեռ ստվերված են գլխավոր հարցերը: Նալբանդյանին՝ որպես հայ հեղափոխական դեմոկրատիայի գաղափարախոսի, ամենից առաջ հուզում էին հայ հասարակության զարգացման պրոբլեմները Ռուսաստանի և Թուքիայի սոցիալ-տնտեսական կարգերի պայմաններում, երկրներ, որտեղ ապրում էր հայերի նշանակալից մասը: 
«Մարդիկ տանում են աղքատության ծանր լուծը, առանց հաշիվ տալու ինքն ինքյան, թե ինչ բանի համար են այն զրկանքները, որ հանձն է առնում հնազանդությամբ` հնազանդություն, որի մեջ խորամանկությամբ դրված է բովանդակ ստրկության սերմը»: Սա կապիտալիզմի նալբանդյանական բնութագրումն է: Չմտածեք, թե սրան հակասող ու հակամետ տեսակետ ունեցող չկար այն ժամանակվա լրատվական դաշտում: Եթե Նալբանդյանը ռուսական գաղափարների կրողն էր և ակտիվ քննադատում էր բուրժուազիան ու ծաղրում «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» լոզուգը, ապա «Մշակի» գլխավոր խմբագիր Գրիգոր Արծրունին հակասում էր իր արևմտամետ հայացքներով, քանզի վերջինս Հայաստանի փրկությունը տեսնում էր արևմուտքում: 
Խոսում եմ 19-րդ դարի հայ մամուլի մասին, բերում օրինակներ և փաստեր՝ միայն մեկ բանի համար, որ պարզ լինի. 19-րդ դարից մինչ օրս, մեղմ ասած, քիչ բան է փոխվել մեր երկրում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել