Օր օրի համոզվում ենք, որ մեր իրականության մեջ դեռ պահպանվում և զարգանում է սեփական անձի, իրավունքի, արժանապատվության և անկախության ամրապնդման համար կռիվ տվող երիտասարդների գաղափարական հենքը: Խոսքը, բնականաբար, այն մարդկանց մասին չէ, ովքեր ի վերջո փչացրեցին գեղեցիկ և դրական մթնոլորտը, որը ձևավորվել էր Բաղրամյան պողոտայում՝ էլէներգիայի թանկացման դեմ պայքար-ցույցի սկզբնական շրջանում: Ամենայն անկեղծությամբ պետք է ընդունենք, որ քաղաքացիական ակտիվությունը և դրա ճիշտ դրսևորումը շատ կարևոր է հատկապես մերօրյա իրականության համար: Ցավալին այն է, որ միշտ էլ հայտնվում են մարդիկ, ովքեր հեշտությամբ կարողանում են նավակի ճոճն ուժեղացնել կամ թուլացնել իրենց հարմար տարբերակով:

Այն, ինչ կատարվեց հիշյալ ակցիաների նախնական շրջանում, և այն, ինչ շարունակվում է այսօր, լիովին տարբեր դրսևորումներ են:

Հասկանալի է, որ բողոքն ամբողջությամբ չի բավարարվել, կամ այլ խնդիրներ կան, բայց արդեն նորմալ չէ, երբ ամեն օր քաղաքի կենտրոնական, բանուկ փողոցները կաթվածահար են լինում որևէ անհատի պոռթկումային ցանկությամբ: Դրան հաջորդում են խցանումներ, վարորդների դժգոհություններ, նույնիսկ բախումներ տվյալ փողոցը փակած ցուցարարների և որոշ վարորդների միջև. մեկը հիվանդանոց է շտապում, մյուսը գործից է ուշանում, երրորդը՝ օդանավակայան, և այսպես մեքենաների մի մեծ շարք, այն էլ նման շոգի պայմաններում:
Լավ, դեռ համընդհանուր խնդիր ներկայացնող բողոքի պարագայում հասկանալի է, բայց օրինակ մարդկանց այն բողոքը, որը կապված է մասնավոր ընկերության՝ գործատու-աշխատող կամ հարևան-բարեկամի՝ միմյանց չհասկանալու հետ, ըստ իս, արդարացի չէ դարձնել մյուսների համար առանց այն էլ բարդ առօրյա կյանքում ևս մեկ «դարդ»:

Գուցե սխալվում եմ, բայց... Եթե խախտվել են քո իրավունքները, քեզ չի լսում քո գործատուն, պետությունը, ապա դիմիր դատարան, միջազգային ատյաններ և այլն: Ճանապարհները շատ են: 
Թույլ մի՛ տվեք, որ ձեր իրավունքների պաշտպանությամբ խախտեք մյուս քաղաքացիների իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել