Հայաստանում մաքուր քաղաքական համակարգ, որպես այդպիսին, չկա, գոյություն չունի, իսկ եղածները գտնվում են ստվերում: Հայաստանի քաղաքական համակարգը մենաշնորհային է՝ փտած ու նեխված, և տարօրինակն այն է, որ փտած ու նեխված են դեռևս ցարական Ռուսաստանի ու Կրեմլի ազգային անվտանգության մարմիններում իրենց ծննդյան օրերից... Չեմ էլ պատկերացնում՝ բացառություններ եղել են, թե՝ չէ... Արդյունքում, գրեթե բոլոր կուսակցությունները ենթակա են ու հպատակ ռուսական գաղտնի ծառայություններին ու իրականում գործում են Կրեմլի հայեցողությամբ ձևավորված Հայաստանի իշխանական թևի վաղօրոք մշակված հրահանգների համաձայն՝ խաղալով իրենց դերն ամենօրյա հերթական թատերական բեմադրություններում, շահարկելով մարդկանց ազնիվ զգացմունքները... Նմանօրինակ շոուներում ներգրավում են նաև հիմնականում անկեղծ, ինքնաբուխ մարդկանց, իսկ հարկն եղած դեպքերում համաժողովրդական հուզումների կրակը հանգցնում են՝ մարում, զսպում՝ օգտագործելով ոստիկանությանը, հատուկ ջոկատայիններին, հատուկ տեխնիկա ու նույնիսկ արդեն հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին: 

Ամենատարօրինակն այն է, որ ամենահին «ազգային» կուսակցությունները, որպես այդպիսիք, իրականում գոյություն չունեն և գոյություն ունենալ չեն էլ կարող՝ հիմնադրված լինելով դեռևս ցարական Ռուսաստանի գաղտնի ծառայությունների կողմից, ինչպես վրացական մենշևիկների ու ադրբեջանական մուսաֆաթիստների կուսակցությունները, որոնց ռուս ցարը պրեզերվատիվի պես օգտագործում էր ժողովուրդներին իրար դեմ հանելու, զինելու, իրար կոտորելու համար ու որից հետո կեղծ խաղաղարարի դերով հանդարտացնում էր, կառավարում, խեղդում ժողովրդական ու ժողովրդագրական շարժումները՝ մեկտեղելով գաղափարներն ու շահը՝ վաճառելով զենքեր հարևան ժողովուրդներին միմյանց բնաջնջելու ու ոչնչացնելու համար և առ այսօր դեռ հանդես են գալիս խամաճիկի իրենց դերում... Ստեղծվում են պայմաններ, որ մարդիկ, անելանելի վիճակներից ելնելով, ընտանիքներով քոչեն, փախչեն, հեռանան երկրից՝ հասնելով նույնիսկ մատուշկա Ռուսաստանի անծայրածիր տարածքներ, Սիբիր ու Ալթայ ու հիմա էլ արտագաղթում են՝ հարստացնելով և լրացնելով ռուս մեծ քեֆչի ժողովրդի դեմոգրաֆիական պանծալի կերպարը... Հայաստանը հայաթափում են առ այսօր: Իսկ ռուս միլիարդատերերը և ոչ միայն ռուս, տենչում են Հայաստանի մաքուր օդն ու ջուրը, և նույնիսկ ընտանիքներով են այսօր տեղափոխվում՝ ապրելու իրենց կողմից չսիրված հայերի երկիր, ինչը ժամանակին անում էին թուրքերը, թաթարներն ու այլոք...
Շատ մի հավատացեք կուսակցություններին, նրանց հանցագործ լիդերները լոկ իրենց անձնական շահերով են առաջնորդվում: Հիշո՞ւմ եք, ինչպես սկսեցին ազգային կուսակցությունների ներկայացուցիչներից ոմանք, որոնք նախարարական պորտֆելներ ստացանալուց անմիջապես հետո հավերժորեն լռեցին՝ մոռանալով իրենց իսկ կողմից արվող ամենօրյա բարձրագոչ հայտարարությունները երկրում տիրող անօրինականությունների ու թալանի մասին և պարտակեցին մեծ աղմուկ հանած չարաբաստիկ մազութի գործն այլ մարդասպանություններն ու դաժան հանցագործությունները, նույնը կատարվում է հիմա, այսօր... Հիշեք 1999թ. հոկտեմբերի 27-ի հրեշավոր հանցագործությունը, 2008թ. մարտի 1-ի եղեռնագործությունը... Փորձեք այս ամենը հասկանալ, բացատրել... Հայաստանը հիմնականում լի է նաև խաբված կուսակցականներով ու ցնորային գաղափարախոսություններով... Կոմունիստների շարքերում էլ կային մաքուր, առաքինի մարդիկ, որոնք հավատում էին թղթային սոցիալիստական, կոմունիստական գաղափարներին... Արդյունքում անընդհատ մեզ խաբում են հերթափոխի եկած կուսակցականացված մուտանտներն ու նրանց ժառանգորդ զոմբիները...
Մեր ժողովրդին առաջին հերթին հենց գործող կուսակցություններից ու նրանց քաղցկեղածին մետաստազներից է պետք փրկվել, ազատվել: Դեմ չեմ լինի, եթե գաղափարական թարմացումները մեր հասարակությանը մատուցվեն նոր ստեղծվող կուսակցությունների ու միությունների տեսքով՝ առանց կրեմլյան գերգաղտնի լրտեսական ծառայությունների ու ամերիկաեվրոպական «բարեկամական» միջնորդությունների:
Մեզ պետք են ժողովրդավարական փոփոխություններ... Բայց մեր ժողովուրդը չի գտնում մաքուր գաղափարախոսություն, մաքուր ԼԻԴԵՐ, որին կվստահի և որի հետևից կգնա, բայց նրանք իր կողքին են, իր աչքի առաջ, իր մեջ...
Որպես առաջնորդներ մեզ պետք են բացարձակապես անկախ ու ազատ մարդիկ՝ անկախ տարիքից, որոնք մեզ կապահովեն առաջին հերթին պատվաբեր աշխատանքով... Նրանց փոխարեն այսօր հրապարակ են գալիս քաղաքականությունից ու քաղաքական պայքարի մեթոդաբանությունից հեռու ինչ-որ սարքածո մուտանտ-զոմբիներ, որոնք ուղղակի սաստում են քաղաքական ու քաղաքացիական արդար հուզումները՝ դրանք վերածելով իսկական կապիկությունների, ու օրստօրե մարում՝ հանգցնում են նաև մարդկանց վերջին հույսն օրինական երկիր երբևէ ունենալու առումով: 
Շուրջ 30 երկար ու ձիգ տարիներ առաջարկում եմ ու պահանջում, որ գաղտնազերծվեն ԱԱԾ արխիվները, որ ժողովուրդը հստակ տեղեկատվություն ունենա առ այսօր գործող կուսակցական և գործակալական ցանցերի մասին, չընկնի թյուրիմացությունների մեջ ու չկատարի ազգադավ ընտրություն օտարերկրյա հավաքագրված լրտես-ավանտյուրիստների միջև, ովքեր իրենց ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին՝ օտարերկրյա գաղտնի ծառայություններին արջի ծառայություններ մատուցելով, սեփական ժողովրդին ու երկիրը թալանելով ու անվերջ ամայացնելով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել