Երեկ մինչ Իսրայելի վարչապետը պարսկերենով թվիթերյան հաշիվ էր բացում և արդեն Իրանի պետական լեզվով խիստ տոնայնությամբ քննադատում Վիեննայում ընթացող բանակցությունները, երկարատև բանակցային մարաթոնից հետո Թեհրանը սկզբունքային, բայց ճկուն դիրքորոշման շնորհիվ «վեցյակի» հետ հասավ համաձայնության, ինչը միանգամից ուժեղացնում է Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության առանց այն էլ աննախադեպ ազդեցիկ դիրքը:

Դատելով տեղեկատվական արտահոսքերից՝ զենքի և սպառազինությունների մասով կիրառվող պատժամիջոցների առնչությամբ բանակցությունների ամենախրթին հարցը ևս առնվազն մասնակիորեն լուծվել է, և Իրանն այսուհետ կարողանալու է ավելի ազատորեն զենք և զինամթերք մատակարարել տարածաշրջանում իր դաշնակիցներին, ինչը նշանակում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարում արդեն իսկ հաջողություններ գրանցող սիրիական բանակը, լիբանանյան «Հիզբալլահը» և իրաքյան շիայական աշխարհազորը կստանան լրացուցիչ օժանդակություն Թեհրանից:

Մյուս կողմից՝ բանակցությունների վերաբերյալ դրական տեղեկատվության ֆոնին նավթի գներն անընդհատ անկում են գրանցում, ինչը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել տարածաշրջանում Իրանի հիմնական մրցակիցներից Սաուդյան Արաբիային, որը խիստ ծախսատար և փաստացի անարդյունավետ պատերազմի մեջ է ներքաշվել եմենյան և սեփական երկրի շիաների հետ:

Այնպես որ՝ Իսրայելի վարչապետի անհանգստությունը տեղին է, սակայն թվիթերյան արձագանքն ուշացած: Իզուր չէ, որ հենց նույն Թվիթերում իրանցի օգտատերերից մեկը կատակելով արձագանքել էր նրան՝ «Կներես, Բիբի, բայց Իրանի հետ գործարքը կայացավ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել