Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 3-ից Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում մասնակցեց համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերին: 
Ընդհանուր առմամբ ունիվերսիադային մասնակցում է 170 երկրի շուրջ 20 հազար մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում մեդալների 272 հավաքածու են վիճարկում: Խաղերը կավարտվեն վաղը՝ հուլիսի 14-ին ջրագնդակի մրցաշարով, և տեղի կունենա նաև փակման հանդիսավոր արարողությունը: 
Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանից մասնակցեց 22 հոգի, այդ թվում՝ 12 մարզիկ, 3 պաշտոնյա, 5 մարզիչ, 2 մրցավար: Հայաստանի ուսանող մարզիկները պայքարեցին 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, մարմնամարզություն, լող և թենիս:
Մեր պատվիրակներից միակ մրցանակակիրը մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն (անձնական մարզիչ՝ Կարեն Բաղդասարյան), ով օղակների վրա կատարած վարժության մրցումներում փայլուն արդյունքով՝ 15,5 միավորով, գրավեց 1-ին տեղն ու հռչակվեց ունիվերսիադայի չեմպիոն: 
Նշենք, որ ունիվերսիադայում մրցանակակիր են դարձել 64 երկրի մասնակիցներ: 
Նվաճած 1 ոսկե մեդալով Հայաստանի ընտրանին ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 38-րդ տեղը: 
Համաշխարհային ամառային ուսանողական մարզական 28-րդ խաղերում Հայաստանի մասնակիցներն այսպիսի արդյունքներ արձանագրեցին՝
Սպորտային մարմնամարզություն՝ 
Օղակներ ՝ Արթուր Թովմասյան՝ 1-ին տեղ
Թաեքվոնդո՝
Տղամարդկանց թիմային մրցաշար՝ 5-րդ տեղ
Հայկազ Սամվելյան՝ 58 կգ՝ 5-րդ տեղ 
Սերգեյ Վարդազարյան՝ 68 կգ՝ 9-րդ տեղ 
Դավիթ Վարդումյան՝ 80 կգ՝ 9-րդ տեղ , 
Դավիթ Ղևոնդյան՝ +87 կգ՝ պարտվել է 1/16-րդ փուլում
Ձյուդո՝ 
Արսեն Ղազարյան՝ 66 կգ՝ պարտվել է 1/8–րդ փուլում
Դավիթ Նիկողոսյան՝ 73 կգ՝ 7-րդ տեղ 
Անդրանիկ Չափարյան՝ 81 կգ՝ 7-րդ տեղ
Սուսերամարտ ՝
Խոցասուսեր, աղջիկներ՝ 
Լիլիթ էվոյան՝ 3 հաղթանակ, 3 պարտություն՝ 43-րդ տեղ (70 մասնակից)
տղաներ՝ Ռաֆիկ Աբրահամյան՝ 6 պարտություն՝ 82-րդ տեղ (89 մասնակից)
Լող՝
Վլադիմիր Մամիկոնյան՝ 200 մ ազատ լողաոճ՝ 2:11, 08՝ 46-րդ տեղ (52 մասնակից)
100մ ազատ լողաոճ ՝ 55,57, 61-րդ տեղ (79 մասնակից)
50մ ազատ լողաոճ ՝ վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել:
Թենիս՝ մենախաղ՝
Միքայել Ավետիսյան՝ 1/32-րդ փուլում պարտվել է:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել