Կարծում եմ՝ այս քանդակի մասին բոլորն էլ գիտեն:

Օգյուստ Ռոդեն «Համբույր»:

Սկզբնապես, սակայն, այս քանդակը կոչվում էր «Ֆրանչեսկա դա Ռիմինի»:

Ո՞վ էր այդ Ֆրանչեսկան, և ինչպե՞ս էր նա հասել XIX դար:

Այդ ամենի մասին ստորև::

Օգյուստ Ռոդեն «Համբույր»:

The_Kiss_(Auguste_Rodin)


XIII-XVI դդ իտալական  քաղաքները թևակոխել էին սինյորիայի դարաշրջան: Որևէ անվանի և հարուստ ընտանիք սկսում էր գերակայել քաղաքային ինքնավարության մարմիններում և գրավում էր իշխանությունը: Ընտանիքի գլուխը ստանում էր պոդեստի (տիրակալի) կամ ժողովրդական կապիտանի պաշտոնը, դարձնում այն ցմահ, իսկ այնուհետև փոխանցում իր ժառանգներին: Այսպես, դա Պոլենտա տոհմը գրավեց իշխանությունը Ռավեննայում, Մալատեստաները` Ռիմինի և Չեզենե քաղաքներում, դ՛Էստեները` Ֆեռառայում:

Մալատեստաների տոհմը Իտալիայի պատմության մեջ հիշատակվում է X դարից: Ռոդոլֆո անունով մեկն իր կռվարար և անսանձ բնավորության պատճառով ստացավ Malatesta (բառացի` վատ (չար) գլուխ) մականունը: Նրան չէին զիջում և տոհմի մնացած ներկայացուցիչները, և շատ չանցած Malatesta մականունը վերածվեց տոհմանվան, իսկ Էմիլիա-Ռոմանյայի քաղաքական կյանքում հայտնվեցին Մալատեստա տոհմի դաժան և վայրագ գործիչները:

Տոհմի վերելքը սկսվեց շնորհիվ Մաստին դե Վերոկկիոյի (Mastin da Verrucchio): Նա Ռոմանյայի գվելֆերի առաջնորդն էր (գվելֆերը և գիբելինները 14 դարի իտալական հիմնական քաղաքական հոսանքներն էին): 1295 թվականին նա տիրեց Ռիմինի քաղաքին`դաժանաբար սպանելով հակառակորդ Պարկիտատի (Parcitati) տոհմի ներկայացուցիչներին, իսկ հետագայում հաստատեց իր իշխանությունը Ռոմանյայի զգալի հատվածում: XIV դարում Մալատեստաներն իրենց հզորության գագաթնակետին էին գտնվում, որն հետագայում կկորցնեն իրենց ներքին երկպառակությունների և XVI դարասկզբին Չեզարե Բորջիայի հետ առճակատվելու հետևանքով: Ռիմինին լքելով` XVII դարում Մալատեստա տոհմը պատմության թատերաբեմից ցած կիջնի:

Եվ այս ամենով հանդերձ այս տոհմից առնվազն երեքի` Ջովաննի, Պաոլո և Սիջիզմոնդո Մալատեստաների անուններն անմահացան արվեստի ստեղծագործություններում և երաժշտության մեջ:

1270-ական թթ սկզբին Մալատեսստա և Դա Պոլենտա ընտանիքները տասնամյակների թշնամանքից հետո վերջ ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի գալ և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար որոշեցին դինաստիկ ամուսնություն կնքել:

Որոշվեց, որ Գվիդո դա Պոլենտայի (Guido il Minore da Polenta) դուստր Ֆրանչեսկան կամուսնանա Մաստին Մալատեստայի ավագ որդու` Ջովաննիի հետ: Վերջինս խելացի և բանիմաց քաղաքական գործիչ էր, ակտիվ մասնակցել և մասնակցում էր գիբելինների դեմ պատերամներին, բազմիցս նշանակվել էր Պեզարիայի պոդեստ: Միաժամանակ հայտնի էր իր խիստ բնավորությամբ և դաժան արարքներով: Նաև տգեղ էր և ի ծնե կաղ, և նրան այդպես էլ անվանում էին` Կաղ Ջովաննի կամ Gianciotto (Gianciotto –ն անվան «Giovanni» և մականվան` «ciotto» - «կաղ» միավորումն է մեկ բառի մեջ, մյուս մականուններն էին` Lanciotto, lo Sciancato):

Կասկածելով, որ գեղեցկուհի Ֆրանչեսկան կհամաձայնի ամուսնանալ Ջովաննիի հետ, հայրը դիմեց նենգության: Որոշեցին իրականացնել «matrimonio per procura»` «բացակա ամուսնություն»: Այս արարողությունն անցկացվում էր փեսացուի հարգելի բացակայության (պատերազմական կամ քաղաքական պատճառներով) դեպքում: Փեսացուի փոխարեն պսակադրությանը մասնակցում էր նրա վստահված անձը, այնուհետև հարսնացուին ուղեկցում էին ամուսնու տուն, որտեղ նա սպասում էր ամուսնու վերադարձին: «Matrimonio per procura»–ն դեռ հին հռոմեական ամուսնական իրավունքի բաղկացուցիչ մասն էր և բավականին տարածված էր միջնադարում. թագավորական և ազնվական շատ ընտանիքներ հաջողությամբ կիրառում էին այն բազմաթիվ դարերի ընթացքում (օրինակ Աննա Բրետոնացու ամուսնությունը Մաքսիմիլիան Հաբսբուրգի հետ, Կոնստանտին XI դուստր Սոֆիա Պալեոլոգի ամուսնությունը ռուս մեծ իշխան Իվան III-ի հետ և այլն):

Եվ այսպես, պսակադրության համար Ռավեննա հրավիրեցին Ջովաննիի կրտսեր եղբայր Պաոլոյին: Ի տարբերություն ավագ եղբոր` սա գեղեցիկ էր և նրբագեղ շարժուձև ուներ: Եվ նրան այդպես էլ անվանում էին` Paolo Il Bello - Պաոլո Գեղեցիկ:

Պաոլոն ծնվել էր 1246 թվականին, հոր հետ կռվել էր Ռոմանյայի գիբելինների դեմ, 1265 թվականին մասնակցել էր գիբելինների առաջնորդ Գվիդո դա Մոնտելֆերոյի դեմ ճակատամարտին: Ավելի ուշ, երբ Մալատեստաները հաշտվեցին Դա Պոլենտաների հետ և համատեղ ուժերով կռվում էին Տրավերսարիի դեմ, Պաոլոն ակտիվ մասնակցում էր այս ռազմական գործողություններին ևս: Խելացի էր և օժտված էր բնատուր դիվանագիտական տաղանդով: 1269 թվականին 17-ամյա Պաոլոն ամուսնացել էր Ուբերտոյի Գյաջոլո կոմսի դստեր` 15-ամյա Օրաբիլ Բեատրիչեի հետ, երկու տարի անց ծնվել էր նրանց առաջնեկ Ուբերտոն, որն էլ ստացավ Գյոջոլոյի կոմսի տիտղոսը, իսկ ավելի ուշ ծնվեց Մարգերիտ դուստրը:

Եվ այսպես, Պաոլոն ներկայացավ Ռավեննա որպես Ջովաննի Մալատեստա: Ֆրանչեսկան ուրախությամբ համաձայնեց ամուսնանալ նրա հետ, և 1275 թվականին Ռավեննայում տեղի ունեցավ պսակադրությունը: Երջանիկ և որևէ բան չկասկածող Ֆրանչեսկային տարան Ռիմինի, որտեղ էլ նա ծանոթացավ իրական Ջովաննիի հետ:

Իհարկե, պատմության որևէ գզրոցում Ֆրանչեսկայի իրական ապրումները, հիասթափությունն ու վիրավորանքը չեն պահպանվել: Բայց և այնպես Ֆրանչեսկան Ջովաննիի հետ ապրեց մոտ տասը տարի, դուստր ունեցավ, որին ի պատիվ Ջովաննիի մոր կոչեցին Կոնկորդիա: Նաև ունեցավ արու զավակ Ֆրանչեսկո անունով, որը մահացավ մանուկ հասակում:

Պաոլոյի դերակատարումն այս պատմության մեջ չսահմանափակվեց «matrimonio per procura»-ին իր մասնակցությամբ: Որոշ ժամանակ անց նա դարձավ Ֆրանչեսկայի սիրեկանը: Հավանաբար, հենց այս կապը և Ֆրանչեսկայի սերն էին պատճառը, որ Պաոլոն, 1282 թվականին նշանակվելով Ֆլորենցիայի ժողովրդական կապիտան (capitano del popolo), հատուկ խնդրանքով դիմում է իշխանություններին` հայցելով հայրենիք վերադառնելու թույլտվությունը:
Այդ գաղտնի կյանքը երկար տևել չէր կարող: Ինչքան էլ Ջովաննին հաճախ էր բացակայում Գրադարա դղյակից, որտեղ ապրում էր Ֆրանչեսկան երեխաների հետ, այդուհանդերձ մի գեղեցիկ օր ծառաներից մեկն ամեն ինչ պատմեց տիրոջը, և գազազած Ջովաննին Ֆրանչեսկայի և Պաոլոյի հերթական ժամադրության ժամանակ ներխուժեց ննջարան: Պաոլոն չհացրեց փախչել, Ֆրանչեսկան նետվեց առաջ` դաշույնի հարվածն իր վրա վերցնելով: Բայց Պաոլոյին փրկել չհաջողվեց: Դաշույնի հաջորդ հարվածներից նա տեղում մահացավ:

Գրադարա դղյակը

Gradara


Այս դեպքը տեղի է ունեցել 1285 կամ 1289 թվականին (դեռ հստակեցված չէ. 1286 թվականին է վերաբերում Ջովաննիի երկրորդ ամուսնությունը, իսկ աղոտ հիշատկություններ Մալատեստաների ընտանիքում «տարօրինակ իրադարձությունների» և վեճերի մասին թվագրվում են 1289 թվականով):

Դա Պոլենտա և Մալատեստա ընտանիքների միջև 1289 թվականի սեպտեմբերին  վեճ ու կռիվ բորբոքվեց, որը դժվարությամբ կարողացավ կարգավորել Նիկոլո IV պապի պատվիրակ Ստեֆան Կոլոնը 1290 թվականի մայիսին:

Ջովաննին ամուսնացավ երկրորդ անգամ Տեբալդելլո Ձամբրազիի դստեր Ջամբրազինայի հետ, որից հինգ զավակ ունեցավ: Աղոտ հիշատակություններ կան, որ Ջովաննին ամուսնացել է երրորդ անգամ ոմն Տադեայի հետ: Մահացավ (կամ սպանվեց) 1304 թվականին Սկորտիկատա (այժմ Torriana) ամրոցում իր վասալների ներկայությամբ:

Պաոլոյի և Ֆրանչեսկայի պատմությունը սակայն դեռ չէր ավարտվել: Պաոլոյի զավակներին` Ուբերտո Գյաջոլոյին և Մարգերիտին իր խնամքի տակ առավ պապը` Մաստին Հարյուրամյան (նա 100 տարի ապրեց` 1212-ից մինչև 1312 թվականը): Հասակ առած Ուբերտո Գյաջոլոն տասնամյակներ անց որոշեց լուծել հոր վրեժը: Այդ մասին իմացան Ջովաննիի որդիները, և նրանցից մեկը` Ռամբերտո Մալատեստան 1323 թվականին Ուբերտոյին հրավիրեց ընթրիքի, որտեղ էլ վերջինիս սրախողխող արեցին Ջովաննիի ապօրինի որդիները:

Ֆրանչեսկայի դուստր Կոնկորդիան 1289 թվականին 13 տարեկան էր: Նրան ուղարկեցին Santarcangelo di Romagna վանք, և նա այնտեղ միանձնուհի դարձավ: Պապը, նույն Մաստին Մալատեստան թոռնուհուն միջոցներ նվիրաբերեց Convento delle Sepolte Vive (այժմ Monastero delle Clarisse) մենաստանն հիմնելու համար: Այսօր մենաստանին կից շենքերից մեկի վրա պահպանվել է կավե մի սալիկ, որի վրա պատկերված է թախծոտ մի աղջիկ, որն «աղոթում է ժպիտով և արցունքներով» («con un sorriso di lacrime»):
Ջովաննիի կենդանության օրոք այս պատմության մասին չէին խոսում: Ո՛չ Մալեստաները, ո՛չ էլ Դե Պոլենտաները շահագրգռված չէին, որ այն հայտնի դառնա հանրությանը: Ավելին, կա կարծիք, որ Ջովաննին ստիպել է ոչնչացնել պաշտոնական բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Ֆրանչեսկային: Ենթադրաբար, Ֆրանչեսկայի պատկերը պահպանվել է միայն Ռավեննայի մոտակայքում գտնվող Santa Maria in Porto Fuori եկեղեցու որմնանկարներում: Ահա այն.

Francesca_PortoFuori


Իսկ ահա 1315 թվականին Ֆլորենցիայից աքսորված և թափառական Դանթեին Ռավեննայում ապաստան է տալիս Ֆրանչեսկայի եղբորորդին` Գվիդո դե Պոլենտա Նորը (Guido Novello da Polenta): Դանթեն Ռավեննայում ապրեց մինչև իր մահը (1321 թվ.): Գվիդոն նրան տուն նվիրեց, Դանթեի մոտ եկան նրա որդիները` Ջակոբոն և Պյետրոն, իսկ դուստր Անտոնիան միանձնուհի էր տեղի Սան Ստեֆանո վանքում: Այստեղ է, որ Դանթեն լսեց Ֆրանչեսկայի և Պաոլոյի պատմությունը, և նրանք տեղ գտան «Աստվածային կատակերգության» հերոսների շարքում. դժոխքի V գլխում դժոխքի երկրորդ պարունակ (տառապանքների պարունակ նրանց համար, ովքեր տարփանքներին և կրքերին են տրվել) իջած Դանթեն հանդիպում է Ֆրանչեսկայի և Պաոլոյի գրկախառնված հոգիներին և զրուցում նրանց հետ:


Ահա իմ շատ սիրելի Ուիլյամ Բլեյքի նկարազարդումն այս թեմայով.

Blake_William-The_Lovers_Whirlwind_Francesca_da_Rimini_and_Paolo_Malatesta

Դանթեն սակայն չի նշում և չի մեկնաբանում, թե ովքեր էին իրականում Պաոլոն և ֆրանչեսկան: Դա արդեն Ջովաննի Բոկկաչոյի ներդրումն էր: Դանթեի մահից հետո Ջովաննի Բոկկաչոն երկու ստեղծագործություն գրեց` գովերգելով «Կատակերգությունն» ու նրան տալով «Աստվածային» մակդիրը և մեկնություններում («Աստվածային կատակերգության» 17 երգի մեկնություններ «Commento alla Commedia») մանրամասն նկարագրեց Ֆրանչեսկայի և Պաոլոյի պատմության մանրամասները:


Ժողովրդական ավանդության մեջ պահպանվել էր այն կարծիքը, որ Պաոլոյին և Ֆրանչեսկային թաղել են հենց հաջորդ օրը մի քարադամբանի մեջ: Այս կարծիքը տեղ գտավ նաև Բոկկաչոյի մեկնություններում: Դա հաստատելու եկավ 1581 թվականին S. Agostino di Rimini եկեղեցում հայտնաբերված մարմարե մի քարադամբանը, որի մեջ երկու կմախք կար: Երկուսն էլ իբրև թե դաշույնի հարվածների հետքերով էին, և պահպանվել էին նրանց մետաքսե զգեստների մնացորդները: Իրական Պաոլոն և Ֆրանչեսկան էին արդյոք դրանք թե ոչ, որևէ կերպ ապացուցել անհնար է:

Իհարկե, ժողովրդական ավանդության մեջ և հետագայում էլ գրական հերոսների պարագայում մոռացվեցին և Ֆրանչեսկայի տասնամյա ամուսնական կյանքն ու երկու զավակները, և Պաոլոյի ընտանիքը: Խանդոտ Ջովաննին զբաղեցրեց բացասական հերոսի իր «պատվանդանը»` կարգավիճակից բխող բոլոր գերադրական մակդիրներով հանդերձ, իսկ զոհված Պաոլոն օժտվեց հնարավոր բոլոր բարեմասնություններով: Սպանության դրդապատճառն էլ դարձավ «Լանչիլոտը» (Արթուր արքայի ասպետներից մեկի մասին պատմող և միջնադարում լայն տարածում ստացած վեպերից մեկն է, որի սյուժեի հիմքում արքայի հավատարիմ ասպետներից մեկի` Լանչիլոտի և Ջենեվրա թագուհու սիրո պատմությունն է), որի ընթերցանությանը չդիմանալով`Պաոլոն ու Ֆրանչեսկան միմյանց «անմեղ» համբույր պարգևեցին:

Իբրեւ ժամանց կարդում էինք մի օր մենք
Լանչիլոտտի պատմությունը սիրային.
Մենակ էինք եւ չունեինք մտքեր նենգ:
Ընթերցումն այդ մեր հայացքները շատ հեղ
Հանդիպեցրեց եւ մեր դեմքերն այլայլեց,
Բայց մեր խելքը կորցնել տվեց լոկ մի տեղ:
Երբ կարդացինք, որ տարփածուն ցանկալից
Սիրեցյալի ժպտուն բերանն համբուրեց,
Սա, որ երբեք չի բաժանվի ինձանից,
Համբուրեց իմ բերանն համակ հուզադող:
Գիրքը դարձավ Գալեոտտո մեզ համար:
Է՛լ այն օրը չկարդացինք ոչ մի տող:»

Դանթե, «Աստվածային կատակերգություն», Դժոխք, V, 127:136



Այդ համբույրը և «Աստվածային կատակերգության» այդ դրվագը եվրոպական և ռուսական արվեստի և գրականության համար ոգեշնչման հարուստ աղբյուր հանդիսացան: Օպերաներ և ֆանտազիաներ, թատերական ներկայացումներ և ողբերգություններ, ֆիլմեր, բանաստեղծություններ և պոեմներ, անհամար կտավներ և որպես հոյակապ վերջակետ` ռոդենյան «Համբույրը»:

Ահա կտավներից մի քանիսը և Չայկովսկու սիմֆոնիկ ֆանտազիան.

Jean August Dominique Ingres

jean august dominique ingres 1819

Ary Scheffer

1835 Ary Scheffer - The Ghosts of Paolo and Francesca Appear to Dante and Virgil.

Giuseppe Frascheri

Giuseppe Frascheri, Dante e Virgilio incontrano Paolo e Francesca, 1846

Dante Gabriel Rossetti

росетти

George Watts

George frederick watts pablo and francesca

Amos Cassieli

Amos Cassieli

Alexandre Cabanel

Alexandre Cabanel, Morte di Francesca da Rimini e di Paolo Malatesta, 1870

Gaetano Previati

Gaetano Previati

Եվ ավելին. Ֆրանչեսկան տեղ գտավ նաև մեր քնարերգության մեջ: Նրան է նվիրված Պարույր Սևակի «Ֆրանչեսկա դա Ռիմինի» պոեմը:
Պարույր Սևակ
Ֆրանչեսկա դա Ռիմինի (ըստ Դանթեի)



Ինչպե՞ս եղավ, որ (տե՜ր աստված) այսպես եղավ...

Ի՞մ միամիտ-անգետ ձեռքով,
Քո՞ կույր կամքով,
Թե՞ պարզապես բախտի բերմամբ
Անկարելին տնկվեց ձախում՝
Մեկ սյունի պես,
Անհնարինն աջում տնկվեց՝
Երկրորդ մի սյուն,
Սյուներն այդ զույգ միացվեցին
Անթուլատու հույսի լծով
Եվ ստացվեց...
Եվ չստացվե՞ց մի... կախաղան՝
Մի այնպիսի հանցավոր սեր,
Մի այնպիսի սեր ահռելի,
Որից հետո չի կարելի
Նախկին անվամբ ապրել կյանքում:
Եվ այսուհետ ես Պաոլո,
Դու այսուհետ՝ Ֆրանչեսկա...

Ինչպե՞ս եղավ, որ (տե՜ր աստված) այսպես եղավ...
Ինչպե՞ս եղավ,
Որ ողջ կյանքը թողած մի կողմ,
Ասես ուրիշ մի գործ չունենք,
Հիմա պիտի, Ֆրանչեսկա՛,
Տասը ծանոթ պատվիրանի անդաստանում
Քաղհան անենք,
Եվ ի՜նչ քաղհան տառապալից.
Բան չգտնենք քաղհանելու...
Միշտ զբաղված անկարելի այս քաղհանով,
Եվ խաշվելով մի քրտինքով շիկակրակ,
Որ չի պղտում դեմքի վրա,
Այլ պտկում է հեգ հոգու մեջ,
Հիմա պիտի ստվերաշատ այս աշխարհում
ստվեր փնտրենք ու չգտնենք
Եվ ստիպված տնկենք... ասե՛ղ,
Որ ասեղի՜ ստվերի տակ
Ոչ թե մի կերպ հանգստանանք,
Այլ թաքցնենք մեր գաղտնիքը...

Ֆրանչեսկա՛,
Այդ գաղտնիքը՝
Գաղտնիքներից զարհուրելին,
Հաստանալով հաստանում է,
Ինչպես շյուղը օտար աչքում:
Որտեղ որ է նա կդառնա գերան մի մեծ՝
Այլևըս մե՛ր աչքերի մեջ,
Եվ մարդկանցից ամենաբութն անգամ դարձյա՛լ կհասկանա,
Որ մեզ իրար շաղկապողին Սեր չեն կոչում,
Այլ անվանում Աններելի՜...

Ի՞նչ ես անում դու առանց ինձ,
Ֆրանչեսկա՛:

Ես առանց քեզ այդ գերանն եմ անվերջ տաշում.
Մեր գաղտնիքի ա՛յն գերանը,
Որ մեր աչքում հաստանալով հաստանում է:
Ու տաշում եմ` ամեն ձևով,
Մինչեւ անգամ եղունգներով իմ հնամաշ:
Ու տաշում եմ,
Ու քերծում եմ,
Ու ճանկռտում,
Որ բարակի՛,
Գեթ բարակի՜...

Դու առանց ինձ արդյոք ի՞նչ ես միշտ երազում:
Ես առանց քեզ երազում եմ,
Թե սա, իբըր, մի իսկական սեր չէ բնավ,
Իբըր, միայն փոխ է տրված,
Ու ես պիտի ժամանակին վերադարձնեմ իր տիրոջը:
Ֆրանչեսկա՛,
Ի սեր սիրո՝ իսկականի՜,
Ինձ այս սերը փոխ տվողին մի կերպ գտի՛ր,
Որ իր փոխը վերադարձնեմ,
Հետն էլ տամ շահ, բարձըր տոկոս...

Իսկ այդ սերը`
Աններելին,
Ինձ է ահա շրջափակել
Կայսերական մի անիրավ սահմանի պես...
Բայց դա քիչ է,
Ֆրանչեսկա՛,
Սահմանապահ զորամասերդ ավելացրու,
Սահմանախախտ ամեն հայացք
Եվ հետախույզ ամեն ակնարկ ձերբակալի՛ր,
Ֆրանչեսկա՛:

Կա և ուրիշ մի կայսրություն՝
Կույրերինը:
Եվ վարժվել եմ այնտեղ ապրել ու գործելուն.
Մթան մեջ էլ,
Փակ աչքով էլ ես գտնում եմ՝
Ողորկություն-կորությունները քո բոլոր,
Ակնկալված նորությունները քո բոլոր,
Որոնք -գուցե մինչև անգամ քեզնից թաքուն -
Որոնում են իմ շոյանքը,
Որոնում են՝
Աղվամազիդ յուրաքանչյուր շոշափուկով...
Ի սեր արյան և թանկարյուն եղբայրության,
Մի հրաշքով բաց անել տուր աչքերըս կույր,
Մի կերպ գտիր ամենաբուժ Հիսուս մի նոր,
Որ նայեմ քեզ նախկինի պես՝
Բա՛ց աչքերով՝
Ու նայելով բաց աչքերով՝
Չտեսնե՜մ քեզ այս տեսությամբ...

Բայց աշխարհում
Թե ամեն բան իր բույնն ունի և իր հոտը,
Մի՞թե դժբախտ երջանկությունն է, որ չունի:
Ա՜խ, չէ՜.
Նա էլ ի՛ր բույրն ունի՝
Քո արգելված մարմնի բույրը,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից, ինչ ունես դու...

Տե՛ս,
Ծառերի արյան ճնշումն ահա կրկին
Բարձրանում է և բարձրանում այնքան գուցե,
Որ գնում է ուշքը նրանց.
Նրանք ճոճվում ուշակորույս, բայց չեն ընկնում:
Ես վաղուց եմ եղբայրացել նրանց բախտին`
Քո՛ պատճառով,
Ավելի ճիշտ` քո բուրմունքի՜,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից,
Ինչ որ ունի քո արգելված այս մարմինը...
Դու չես կարող
Դառնալ անհոտ և անբուրմունք,
Բայց աղաչում-պաղատում եմ,
Վերստացի՜ր նախկին բույրըդ:
Իսկ նախապես դու ունեիր ցորենի՛ բույր,
Սուրբ ցորենի՜, ոչ թե սրճի,
Որ հանգստի ու քնի դեմ ունի հին ոխ
Եվ խռովքի աջակիցն է ավանդական...
Դու ազնիվ ես,
Ինչպես ինքը որթատունկը,
Շնորհալի ողկույզի պես,
Եվ այսքանը ավելի քան բավական էր.
Պետք չէր դառնալ նաև գինի
Եվ առավել պետք չէ հետո օղի՜ դառնալ...
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ջայլամ,
Որ ամեն ինչ կուլ տամ իսկույն:
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ստվեր,
Որ հեշտությամբ
Կտրեմ - անցնեմ ամեն արգելք ու խոչընդոտ:
Եթե անգամ ամե՜ն արգելք ու խոչընդոտ`
Ո՛չ այս մեկը,
Այս միա՜կը,
Ֆրանչեսկա՛...

Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե դաղձը և առվակը:
Մենք ավելի ենք մտերիմ,
Քան թե շունչը և կոկորդը:
Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե օղակն ու կոճակը:
Սակայն պիտի, Ֆրանչեսկա՛,
Հավիտենից հավիտյանըս մնանք կարոտ
Մտերմությանն այն հասարակ,
Որ սփռոցին է լուռ թառում`
Ցերեկային անքուն - անգույն բուի նման,
Իսկ երբ հոգնում է նստելուց`
Պտըտվում է լուսամփոփի ուղեծիրով:
Ու բերանըս,
Որ եղել է խոսքի փեթակ,
Նույն բերանըս վերածվել է արդեն բանտի.
Կալանքել եմ այնտեղ բառեր`
Սիրո՛,
Տենչի՛,
Ու ցանկությա՛ն բառեր անթիվ,
Ամեն մեկը` մի ավազակ,
Ամեն մեկը` մի հանցագործ,
Ես էլ` միակ պահակ բանտի...
Եվ նրանցից ո՞վ է արդյոք բանտարկյալը.
Բանտարկյա՞լը, թե՞ պահակը բանտարկյալի:
Եվ նրանցից ո՞վ ավելի է կաշկանդված.
Դռան հետև կալանվա՞ծը,
Թե՞ տնկվածը դռան առջև...

Ֆրանչեսկա՛,
Չէ՞ որ եթե մենք իրա՛ր չենք, ես քո՛նն եմ գեթ:
Գոնե խղճա իբրև քոնի՜դ,
Եվ արձակիր բոլոր նրանց,
Եվ ազատիր ինձ էլ մի կերպ
Անվանարկու և խոշտանգող
Այս պաշտոնից բանտապահի...

Ա՜խ, մի՛ լսիր, Ֆրանչեսկա՛,
Իսկ լսել ես եթե արդեն`
Մի՛ կատարիր իմ խնդիրքը,
Թե չէ հենց որ արձակեցիր փակ բերանըս`
Ես քեզ կասեմ...
... Զարհուրելի՜ խոսքեր կասեմ:
Կասեմ, որ դու միշտ ինձ հետ ես,
Միշտ ինձ հետ ես,
Ինչպես ծուխը ծխախոտի`
Բերնիս վրա,
Հագուստիս մեջ,
Իմ թոքերում...

Քո անունը, անու՜նը լոկ
Ինձ ձգում է,
Ինչպես աղբյուրն անապատում.
-Եվ գեղեցի՜կ-գեղեցի՜կ ես,
Ինչպես մեղքը...
-Իսկ բերանըդ հրաբխի խառնարան է...
-Իսկ քայլքիդ տակ
Ինքը հողն է հեռախոսում
Հրահեղուկ իր արգանդից...
-Իսկ աչքերըդ ապստամբած երկրներ են.
Նոր արքայի են սպասում...
-Կըշիկանան մատները... քեզ մերկացնողի
Ու շիկացած՝ կեռերի պես կըկորանան,
Իսկ քեզ այդպես` մերկ տեսնողը, անտարակույս,
Տեղն ու տեղը և մեկընդմիշտ կը... կուրանա...

Ֆրանչեսկա՜,
Ի սե՜ր աստծո,
Ըմբերանիր ինձ վերստին ու առհավետ:
Ըմբերանիր և դրանով օգնիր դու ինձ,
Որ ես դառնամ
Երազելի այն մարդն էլի,
Որ ստվերի՛ց, և ստվերի՜ց է ամաչում:
Թե չէ այսպես բարբաջելիս ինքըս հիմա
Զզվելու չափ շատ եմ նման
Մի երջանի՜կ դատավորի,
Որ իր անկուշտ վառարանը ձմեռային
Տաքացնում է օրենսգրքի այն էջերով,
Որոնցով նա ամբողջ կյանքում դատ է վարել...



Մալատեստաների մասին
Իտալիայի պատմության որոշ դրվագներ
Դանթեի և իր դարաշրջանի քաղաքական իրադարձությունների մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել