Կարծում եմ՝ այս քանդակի մասին բոլորն էլ գիտեն:
Օգյուստ Ռոդեն «Համբույր»:
Սկզբնապես, սակայն, այս քանդակը կոչվում էր «Ֆրանչեսկա դա Ռիմինի»:
Ո՞վ էր այդ Ֆրանչեսկան, և ինչպե՞ս էր նա հասել XIX դար:
XIII-XVI դդ իտալական քաղաքները թևակոխել էին սինյորիայի դարաշրջան: Որևէ անվանի և հարուստ ընտանիք սկսում էր գերակայել քաղաքային ինքնավարության մարմիններում և գրավում էր իշխանությունը: Ընտանիքի գլուխը ստանում էր պոդեստի (տիրակալի) կամ ժողովրդական կապիտանի պաշտոնը, դարձնում այն ցմահ, իսկ այնուհետև փոխանցում իր ժառանգներին: Այսպես, դա Պոլենտա տոհմը գրավեց իշխանությունը Ռավեննայում, Մալատեստաները` Ռիմինի և Չեզենե քաղաքներում, դ՛Էստեները` Ֆեռառայում:
Մալատեստաների տոհմը Իտալիայի պատմության մեջ հիշատակվում է X դարից: Ռոդոլֆո անունով մեկն իր կռվարար և անսանձ բնավորության պատճառով ստացավ Malatesta (բառացի` վատ (չար) գլուխ) մականունը: Նրան չէին զիջում և տոհմի մնացած ներկայացուցիչները, և շատ չանցած Malatesta մականունը վերածվեց տոհմանվան, իսկ Էմիլիա-Ռոմանյայի քաղաքական կյանքում հայտնվեցին Մալատեստա տոհմի դաժան և վայրագ գործիչները:
Տոհմի վերելքը սկսվեց շնորհիվ Մաստին դե Վերոկկիոյի (Mastin da Verrucchio): Նա Ռոմանյայի գվելֆերի առաջնորդն էր (գվելֆերը և գիբելինները 14 դարի իտալական հիմնական քաղաքական հոսանքներն էին): 1295 թվականին նա տիրեց Ռիմինի քաղաքին`դաժանաբար սպանելով հակառակորդ Պարկիտատի (Parcitati) տոհմի ներկայացուցիչներին, իսկ հետագայում հաստատեց իր իշխանությունը Ռոմանյայի զգալի հատվածում: XIV դարում Մալատեստաներն իրենց հզորության գագաթնակետին էին գտնվում, որն հետագայում կկորցնեն իրենց ներքին երկպառակությունների և XVI դարասկզբին Չեզարե Բորջիայի հետ առճակատվելու հետևանքով: Ռիմինին լքելով` XVII դարում Մալատեստա տոհմը պատմության թատերաբեմից ցած կիջնի:
Եվ այս ամենով հանդերձ այս տոհմից առնվազն երեքի` Ջովաննի, Պաոլո և Սիջիզմոնդո Մալատեստաների անուններն անմահացան արվեստի ստեղծագործություններում և երաժշտության մեջ:
1270-ական թթ սկզբին Մալատեսստա և Դա Պոլենտա ընտանիքները տասնամյակների թշնամանքից հետո վերջ ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի գալ և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար որոշեցին դինաստիկ ամուսնություն կնքել:
Որոշվեց, որ Գվիդո դա Պոլենտայի (Guido il Minore da Polenta) դուստր Ֆրանչեսկան կամուսնանա Մաստին Մալատեստայի ավագ որդու` Ջովաննիի հետ: Վերջինս խելացի և բանիմաց քաղաքական գործիչ էր, ակտիվ մասնակցել և մասնակցում էր գիբելինների դեմ պատերամներին, բազմիցս նշանակվել էր Պեզարիայի պոդեստ: Միաժամանակ հայտնի էր իր խիստ բնավորությամբ և դաժան արարքներով: Նաև տգեղ էր և ի ծնե կաղ, և նրան այդպես էլ անվանում էին` Կաղ Ջովաննի կամ Gianciotto (Gianciotto –ն անվան «Giovanni» և մականվան` «ciotto» - «կաղ» միավորումն է մեկ բառի մեջ, մյուս մականուններն էին` Lanciotto, lo Sciancato):
Կասկածելով, որ գեղեցկուհի Ֆրանչեսկան կհամաձայնի ամուսնանալ Ջովաննիի հետ, հայրը դիմեց նենգության: Որոշեցին իրականացնել «matrimonio per procura»` «բացակա ամուսնություն»: Այս արարողությունն անցկացվում էր փեսացուի հարգելի բացակայության (պատերազմական կամ քաղաքական պատճառներով) դեպքում: Փեսացուի փոխարեն պսակադրությանը մասնակցում էր նրա վստահված անձը, այնուհետև հարսնացուին ուղեկցում էին ամուսնու տուն, որտեղ նա սպասում էր ամուսնու վերադարձին: «Matrimonio per procura»–ն դեռ հին հռոմեական ամուսնական իրավունքի բաղկացուցիչ մասն էր և բավականին տարածված էր միջնադարում. թագավորական և ազնվական շատ ընտանիքներ հաջողությամբ կիրառում էին այն բազմաթիվ դարերի ընթացքում (օրինակ Աննա Բրետոնացու ամուսնությունը Մաքսիմիլիան Հաբսբուրգի հետ, Կոնստանտին XI դուստր Սոֆիա Պալեոլոգի ամուսնությունը ռուս մեծ իշխան Իվան III-ի հետ և այլն):
Եվ այսպես, պսակադրության համար Ռավեննա հրավիրեցին Ջովաննիի կրտսեր եղբայր Պաոլոյին: Ի տարբերություն ավագ եղբոր` սա գեղեցիկ էր և նրբագեղ շարժուձև ուներ: Եվ նրան այդպես էլ անվանում էին` Paolo Il Bello - Պաոլո Գեղեցիկ:
Պաոլոն ծնվել էր 1246 թվականին, հոր հետ կռվել էր Ռոմանյայի գիբելինների դեմ, 1265 թվականին մասնակցել էր գիբելինների առաջնորդ Գվիդո դա Մոնտելֆերոյի դեմ ճակատամարտին: Ավելի ուշ, երբ Մալատեստաները հաշտվեցին Դա Պոլենտաների հետ և համատեղ ուժերով կռվում էին Տրավերսարիի դեմ, Պաոլոն ակտիվ մասնակցում էր այս ռազմական գործողություններին ևս: Խելացի էր և օժտված էր բնատուր դիվանագիտական տաղանդով: 1269 թվականին 17-ամյա Պաոլոն ամուսնացել էր Ուբերտոյի Գյաջոլո կոմսի դստեր` 15-ամյա Օրաբիլ Բեատրիչեի հետ, երկու տարի անց ծնվել էր նրանց առաջնեկ Ուբերտոն, որն էլ ստացավ Գյոջոլոյի կոմսի տիտղոսը, իսկ ավելի ուշ ծնվեց Մարգերիտ դուստրը:
Եվ այսպես, Պաոլոն ներկայացավ Ռավեննա որպես Ջովաննի Մալատեստա: Ֆրանչեսկան ուրախությամբ համաձայնեց ամուսնանալ նրա հետ, և 1275 թվականին Ռավեննայում տեղի ունեցավ պսակադրությունը: Երջանիկ և որևէ բան չկասկածող Ֆրանչեսկային տարան Ռիմինի, որտեղ էլ նա ծանոթացավ իրական Ջովաննիի հետ:
Իհարկե, պատմության որևէ գզրոցում Ֆրանչեսկայի իրական ապրումները, հիասթափությունն ու վիրավորանքը չեն պահպանվել: Բայց և այնպես Ֆրանչեսկան Ջովաննիի հետ ապրեց մոտ տասը տարի, դուստր ունեցավ, որին ի պատիվ Ջովաննիի մոր կոչեցին Կոնկորդիա: Նաև ունեցավ արու զավակ Ֆրանչեսկո անունով, որը մահացավ մանուկ հասակում:
Պաոլոյի դերակատարումն այս պատմության մեջ չսահմանափակվեց «matrimonio per procura»-ին իր մասնակցությամբ: Որոշ ժամանակ անց նա դարձավ Ֆրանչեսկայի սիրեկանը: Հավանաբար, հենց այս կապը և Ֆրանչեսկայի սերն էին պատճառը, որ Պաոլոն, 1282 թվականին նշանակվելով Ֆլորենցիայի ժողովրդական կապիտան (capitano del popolo), հատուկ խնդրանքով դիմում է իշխանություններին` հայցելով հայրենիք վերադառնելու թույլտվությունը:
Այդ գաղտնի կյանքը երկար տևել չէր կարող: Ինչքան էլ Ջովաննին հաճախ էր բացակայում Գրադարա դղյակից, որտեղ ապրում էր Ֆրանչեսկան երեխաների հետ, այդուհանդերձ մի գեղեցիկ օր ծառաներից մեկն ամեն ինչ պատմեց տիրոջը, և գազազած Ջովաննին Ֆրանչեսկայի և Պաոլոյի հերթական ժամադրության ժամանակ ներխուժեց ննջարան: Պաոլոն չհացրեց փախչել, Ֆրանչեսկան նետվեց առաջ` դաշույնի հարվածն իր վրա վերցնելով: Բայց Պաոլոյին փրկել չհաջողվեց: Դաշույնի հաջորդ հարվածներից նա տեղում մահացավ:
Այս դեպքը տեղի է ունեցել 1285 կամ 1289 թվականին (դեռ հստակեցված չէ. 1286 թվականին է վերաբերում Ջովաննիի երկրորդ ամուսնությունը, իսկ աղոտ հիշատկություններ Մալատեստաների ընտանիքում «տարօրինակ իրադարձությունների» և վեճերի մասին թվագրվում են 1289 թվականով):
Դա Պոլենտա և Մալատեստա ընտանիքների միջև 1289 թվականի սեպտեմբերին վեճ ու կռիվ բորբոքվեց, որը դժվարությամբ կարողացավ կարգավորել Նիկոլո IV պապի պատվիրակ Ստեֆան Կոլոնը 1290 թվականի մայիսին:
Ջովաննին ամուսնացավ երկրորդ անգամ Տեբալդելլո Ձամբրազիի դստեր Ջամբրազինայի հետ, որից հինգ զավակ ունեցավ: Աղոտ հիշատակություններ կան, որ Ջովաննին ամուսնացել է երրորդ անգամ ոմն Տադեայի հետ: Մահացավ (կամ սպանվեց) 1304 թվականին Սկորտիկատա (այժմ Torriana) ամրոցում իր վասալների ներկայությամբ:
Պաոլոյի և Ֆրանչեսկայի պատմությունը սակայն դեռ չէր ավարտվել: Պաոլոյի զավակներին` Ուբերտո Գյաջոլոյին և Մարգերիտին իր խնամքի տակ առավ պապը` Մաստին Հարյուրամյան (նա 100 տարի ապրեց` 1212-ից մինչև 1312 թվականը): Հասակ առած Ուբերտո Գյաջոլոն տասնամյակներ անց որոշեց լուծել հոր վրեժը: Այդ մասին իմացան Ջովաննիի որդիները, և նրանցից մեկը` Ռամբերտո Մալատեստան 1323 թվականին Ուբերտոյին հրավիրեց ընթրիքի, որտեղ էլ վերջինիս սրախողխող արեցին Ջովաննիի ապօրինի որդիները:
Իսկ ահա 1315 թվականին Ֆլորենցիայից աքսորված և թափառական Դանթեին Ռավեննայում ապաստան է տալիս Ֆրանչեսկայի եղբորորդին` Գվիդո դե Պոլենտա Նորը (Guido Novello da Polenta): Դանթեն Ռավեննայում ապրեց մինչև իր մահը (1321 թվ.): Գվիդոն նրան տուն նվիրեց, Դանթեի մոտ եկան նրա որդիները` Ջակոբոն և Պյետրոն, իսկ դուստր Անտոնիան միանձնուհի էր տեղի Սան Ստեֆանո վանքում: Այստեղ է, որ Դանթեն լսեց Ֆրանչեսկայի և Պաոլոյի պատմությունը, և նրանք տեղ գտան «Աստվածային կատակերգության» հերոսների շարքում. դժոխքի V գլխում դժոխքի երկրորդ պարունակ (տառապանքների պարունակ նրանց համար, ովքեր տարփանքներին և կրքերին են տրվել) իջած Դանթեն հանդիպում է Ֆրանչեսկայի և Պաոլոյի գրկախառնված հոգիներին և զրուցում նրանց հետ:
Ժողովրդական ավանդության մեջ պահպանվել էր այն կարծիքը, որ Պաոլոյին և Ֆրանչեսկային թաղել են հենց հաջորդ օրը մի քարադամբանի մեջ: Այս կարծիքը տեղ գտավ նաև Բոկկաչոյի մեկնություններում: Դա հաստատելու եկավ 1581 թվականին S. Agostino di Rimini եկեղեցում հայտնաբերված մարմարե մի քարադամբանը, որի մեջ երկու կմախք կար: Երկուսն էլ իբրև թե դաշույնի հարվածների հետքերով էին, և պահպանվել էին նրանց մետաքսե զգեստների մնացորդները: Իրական Պաոլոն և Ֆրանչեսկան էին արդյոք դրանք թե ոչ, որևէ կերպ ապացուցել անհնար է:
Իհարկե, ժողովրդական ավանդության մեջ և հետագայում էլ գրական հերոսների պարագայում մոռացվեցին և Ֆրանչեսկայի տասնամյա ամուսնական կյանքն ու երկու զավակները, և Պաոլոյի ընտանիքը: Խանդոտ Ջովաննին զբաղեցրեց բացասական հերոսի իր «պատվանդանը»` կարգավիճակից բխող բոլոր գերադրական մակդիրներով հանդերձ, իսկ զոհված Պաոլոն օժտվեց հնարավոր բոլոր բարեմասնություններով: Սպանության դրդապատճառն էլ դարձավ «Լանչիլոտը» (Արթուր արքայի ասպետներից մեկի մասին պատմող և միջնադարում լայն տարածում ստացած վեպերից մեկն է, որի սյուժեի հիմքում արքայի հավատարիմ ասպետներից մեկի` Լանչիլոտի և Ջենեվրա թագուհու սիրո պատմությունն է), որի ընթերցանությանը չդիմանալով`Պաոլոն ու Ֆրանչեսկան միմյանց «անմեղ» համբույր պարգևեցին:
Այդ համբույրը և «Աստվածային կատակերգության» այդ դրվագը եվրոպական և ռուսական արվեստի և գրականության համար ոգեշնչման հարուստ աղբյուր հանդիսացան: Օպերաներ և ֆանտազիաներ, թատերական ներկայացումներ և ողբերգություններ, ֆիլմեր, բանաստեղծություններ և պոեմներ, անհամար կտավներ և որպես հոյակապ վերջակետ` ռոդենյան «Համբույրը»:
Ահա կտավներից մի քանիսը և Չայկովսկու սիմֆոնիկ ֆանտազիան.
Մալատեստաների մասին
Իտալիայի պատմության որոշ դրվագներ
Դանթեի և իր դարաշրջանի քաղաքական իրադարձությունների մասին