Եկեղեցական տարբեր տոներին հաջորդող երկուշաբթի օրերը մեռելոց ու ոչ աշխատանքային օր հայտարարել-չհայտարարելու խնդիրը մշտապես քննարկումների առիթ է հանդիսացել:

Այսօր կառավարությունում տեղի ունեցած արտահերթ նիստում որոշվել է Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթի օրը հայտարարել ոչ աշխատանքային օր: Այնուամենայնիվ, հանձնարարվել է ԴԱՀԿ ծառայությանը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Ինչպես նաև ՀՀ ԿԲ-ին առաջարկվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

Աշխատանքային օր լինել-չլինելու համար հակասական կարծիքներ են հնչում եկեղեցու և գործարարների կողմից.

Գործարարները նշում են, որ ոչ աշխատանքային օր լինելու փաստը հարվածում է իրենց բիզնեսին, քանի որ հիմնականում արտաքին գործընկեր ունեցող կազմակերպություններն իրենց հետ համագործակցող արտերկրյա գործարարներին չեն կարողանում հստակ հիմնավորել, թե ինչու պետք է այս կամ այն գործարքը հետաձգել:

Իսկ եկեղեցին էլ պնդում է, որ մենք, լինելով քրիստոնյա արժեքներ կրող հասարակություն, ինչպես նաև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկիր, եկեղեցական տոներին հաջորդող օրերը պետք է ամրագրենք որպես ոչ աշխատանքային:

Երկու կողմերն էլ բերում են փաստարկներ, որոնք ունեն օբյեկտիվ պատճառներ, ուստի հուսանք, որ լայն քննարկումները կտան իրենց արդյունքը, և կգտնվեն ամենաօպտիմալ ու ճիշտ լուծումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել