Հայաստանյան ներքին զարգացումների արդյունքում այս օրերին մենք կրկին համաշխարհային ուշադրության կենտրոնում էինք: Բաղրամյանի ցույցերի հետևանքով, կարելի է ասել, նոր որակական միջավայր է ձևավորվել մեր շուրջը՝ ավելի բարդ աշխարհաքաղաքակական խնդիրներով հանդերձ:

Երեկ Ռուսաստան էին այցելել նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս ամենի հետ մեկտեղ վերջին շրջանում Ռուսաստանը կարծես փոխում է իր վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ: Իհարկե, դա չի արվում հենց այնպես, դրան նպաստում են մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ տարածաշրջանում իսլամական ռադիկալ խմբավորումների կողմից վտանգի ավելի ռեալ դառնալը, քրդական անկախական գործընթացները, որոնք ստիպում է Ռուսաստանին վերաշարադրել իր դիրքորոշումն ամբողջ տարածաշրջանի նկատմամբ: Իրենց ներգործությունն են ունեցել նաև Բաղրամյան պողոտայում մի քանի օր տևած նստացույցերը:

Մեդվեդևի և Աբրահամյանի քննարկման ամենակարևոր հարցերից մեկը եղել է հայկական էլեկտրացանցների ճակատագիրը: Ինչպես նաև քննարկվել են Իրան-Հայաստան երկաթուղու իրականացման հետ կապված հարցեր:

Իսկ Սերժ Սարգսյանը BRICS-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին իր ելույթում բարձրացրել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը: Ճանապարհը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: 
Սա կարող է շահագրգռվածություն առաջացնել միության բոլոր երկրների համար:

Ժամանակին Ռուսաստանը թերահավատորեն էր վերաբերվում այս նախագծին, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Չի բացառվում աբխազական երկաթուղու վերաբերյալ հարցի կրկին բարձրացումը:

Ակնհայտ է, որ ստեղծվել է բարենպաստ իրավիճակ՝ մեր երկրում էներգետիկ և տրանզիտային հնարավորությունները զարգացնելու համար, և այստեղ պետք է ճիշտ աշխատել բոլոր կողմերի, հատկապես՝ Ռուսաստանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել