ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ

Մի անմիտ մարդ, հունապի ծառը դժնիկ կարծելով, հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.
— Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։
Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում՝ բարուն իբրև չարի խոշտանգելով։

ՄԱՐԴՆ ՈԻ ԾԱՌԵՐԸ

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց.
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ՝ կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Առակիս ծառը խրատում է հյուրերին ու աղքատներին, որ հարմար ժամի գնան մեծարանք փնտրելու, հյուրերը՝ ուտելու և հանգստանալու, իսկ աղքատները՝ կարիքները բավարարելու։ Եվ ամեն ժամ հյուրընկալողները պատրաստ չեն ընդունելու, կամ բարեգործները` ողորմություն տալու: Իսկ ամբաստանելու և տրտնջալու դեպքում չպետք է չարանալ, այլ անհրաժեշտ է պատասխանել քաղցրությամբ, բացատրել անպատրաստության պատճառները և այլ ժամի առատաձեռնությունը։

ԽՈՀԵՄ ՄԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնո՞ւմ ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել