Միքայել Նալբանդյան
Հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ.- այս օրը` նոյեմբերի 14-ին:

«ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»

Մանկության օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո˜հ դուք երջանիկ, ո˜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:

Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն:

Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս…
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս:

Ավա˜ղ. Այդ քնարն իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
Ուրախացուցիչ չգտա մի լար:

Ես այն ժամանակ միայն զգացի, 
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:

Մանկության օրեր, ինչու այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան.
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:

Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ոհ, անիծում եմ ես այս օրերը:

Լուռ կաց, դու քնար, այլ մի հնչեր ինձ,
Ապոլլոն, հետ առ դարձյալ դու նորան,
Տուր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:

Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:

Ներկա օրերում այլ ինչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
Արյուն ու կրակ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

Թող պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի.
Թող միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի:

Թող նա թարգմանե զրպարտությունը,
Թող մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում:

Ով հայր, ով դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
Մի տար զոհ գնալ թշնամիների.
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել