Tert.am-ը գրում է.

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ ոստիկանությունը մաքսիմալ հանդուրժողականություն է ցուցաբերել՝ թույլ տալով ցուցարարներին երկու շաբաթ փակ պահել Երևանի հիմնական պողոտան: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ այսօր ոստիկանությունը կատարել է իր առջև դրված պարտականությունը:

«Ընդ որում, եթե սկզբնական շրջանում հասկանալի էր՝ կար զանգվածային բողոքի ցույց, ապա վերջին օրերին, երբ անհամեմատ պակասել էր նրանց թիվը, պողոտան շարունակում էր փակ մնալ միայն ոստիկանների բարի կամքով: Վերջին օրերին փողոցը փակելու լուրջ պատճառ ես չէի տեսնում: Այսինքն՝ առկա էր ցուցարարների հանդեպ հանդուրժողական տրամադրություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 23-ից նստացույց էր սկսել Բաղրամյան պողոտայում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: ՀՀ Նախագահի՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումից հետո նախաձեռնությանը անդամները դադարեցրել էին նստացույցը, որին սակայն չմիացան մի շարք քաղաքացիներ և մինչև օրս շարունակում էին նստացույցը: Այսօր ոստիկանությունը ցրեց նստացույցը և բացեց պողոտան:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ ոստիկանությունն այսօր իրականացրել է իր վրա դրված պարտականությունները:

«Մենք տեսանք, որ վերջին շրջանում ոստիկանությունը բավական պրոֆեսիոնալ գործեց և հնարավորինս քիչ վնասներ են փորձել հասցնել ցուցարարների նկատմամբ: Այսօր գործեց օպերատիվ ու կազմակերպված: Ես ուրախ եմ, որ ամեն ինչ նման ավարտ ունեցավ և մասսայական բախումներ տեղի չունեցան: Ակնհայտ է, որ ոստիկանությունը ավելի հանդուրժող է այսօր, քան մի քանի տարի առաջ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել