Tert.am-ը գրում է.

Հայաստանի էներգետիկ համակարգը շատ զգայուն է, և կախվածությունը շատ մեծ է Ռուսաստանից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ է, տնտեսական, թե այլ խնդիրներ չենք կարող լուծել»,-ասաց նա և նշեց, որ մեր էներգետիկ համակարգը իսկապես մաշված է, և անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ինչը հնարավոր է արևմտյան երկրների հետ համագործակցության շրջանակում, սակայն դա էլ բացառված է ԵՏՄ շրջանակում:

«Հայաստանը ի վիճակի չէ ինքնուրույն որոշում կայացնելու, այլ պետք ենթարկվի ԵՏՄ ընդհանուր շահերին»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը էներգետիկ քաղաքականությունը վերջին տասնհինգ տարիների ընթացքում հանձնել է ռուսական էներգետիկ ընկերություններին։

Աշոտ Եղիազարյանը հայտնեց, որ ԵՏՄ շրջանակում նախատեսված է միասնական էներգետիկ շուկա ունենալը, որը հավանաբար կգործի 2019 թվականին: 

Ինչ վերաբերում է,  ՀԷՑ-ի  ազգայնացմանը, նա ասաց, որ չի հավատում, թե այդ մասին խոսք կա:

«ՀԷՑ-ը իսկապես պետք է տրվի կառավարման այն ընկերություններին, որոնք ունեն տեխնոլոգիական հնարավորություններ և ֆինանսական միջոցներ: Նոր հզորությունն են պետք, եղածը արդեն իրենց դարն անցել են, սակայն մենք այլընտրանք չունենք, քանի որ ԵՏՄ անդամ ենք: Մինչ Հայաստանը դուրս չգա ԵՏՄ-ից, խնդիրները մտնում են փակուղի, ԵՏՄ-ն Հայաստանի համար միշտ եղել է  փակուղի»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտ է ՀԷՑ-ը ազգայնացնել և տալ արևմտյան արդյունավետ մենեջմենթ իրականացնող ընկերության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել