Ժառանգության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ չպետք է վախենալ ակցիայի քաղաքականացվելուց:

«Խնդիրը քաղաքական է, դիմում ենք իշխանությանը, խնդիրը կապված է իշխանության և մեկ այլ իշխանության հետ, սա քաղաքական հարց է, ժողովուրդ ջան, խնդրում եմ, մի վախեցեք քաղաքական բառից»,- նշել է Սանասարյանը:
Եթե խնդիր է դրվել ակցիան քաղաքականացնելու, ապա դա քննարկման այլ հարց է, սակայն ակցիայի քաղաքականացման ինչ հիմնավորում բերում է Սանասարյանը, նվազագույնն անհասկանալի է:

Ինչ է նշանակում՝ եթե դիմում ենք իշխանության, ապա քաղաքականացնում ենք: Օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ տարբեր հարցերով դիմում կամ բողոքում են տարբեր պետական գերատեսչություններից՝ նամակների, դիմումների, մի քանի հոգանոց ակցիաների միջոցով: Արդյո՞ք սա էլ է քաղաքականացնում այդ պրոցեսները:
Կարելի է հասկանալ Սանասարյանին. ակցիան այս պահին փակուղում է, մարդկանց հոսքը Բաղրամյան վերջին օրերին կրճատվում է: Այն վերաիմաստավորելու խնդիր կա, ինչի ճանապարհը Սանասարյան Դավիթը հենց քաղաքականացման մեջ է տեսնում. դա մոտեցումներից մեկն է:

Հարգանքի է արժանի Սանասարյանի անկեղծությունը. նա փաստացի միակն է, ով ազնվորեն հայտարարում է իր դիրքորոշման մասին, մնում է պարզել՝ արդյո՞ք սա միայն իր, թե՞ նաև նախաձեռնող խմբի տեսակետն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել