Tert.am-ը գրում է.

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am -ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ վերջին բանաձևում հակահայկական ձևակերպումներին, որոնք հայաստանյան պատվիրակության ջանքերով չեզոքացվել էին, ասաց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: «Եվ լուրջ վնաս հասցնել վստահության մթնոլորտի ձևավորմանը»,– ասաց նա և իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ կարող են ԵԽԽՎ-ում լինել այլ պատգամավորներ, ովքեր կարող են նման զեկույցներ գրել:

-Պարո՛ն Զաքարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին համանախագահ Ժաք Ֆորը ԼՂ բանակցությունների համատեքստում խոսելով այն մասին, որ ԼՂ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այնուամենայնիվ, որպես հակամարտության չլուծման հիմնական պատճառ նշեց փոխվստահության մթնոլորտի պակասի ու այն մասին, որ երկու երկրների նախագահները վախենում  ինչ-որ քայլեր անել` երկրի ներսում  ոչ պոպուլյար առաջնորդ չերևալու և ներքին ցնցումներ չառաջացնելու համար: Արդյո՞ք սա դեղին քարտ չէ միջազգային հանրության կողմից, մանավանդ, որ բանակցությունները դոփում են տեղում:

-Նախ, ցանկանում եմ ասել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ–ռոթ» սեմինարը բավականին հետաքրքիր օրակարգ ուներ, և արդյունավետ աշխատանք իրականացրեց, և այսօր անվտանգության և այդ ոլորտում համագործակցության համար անհրաժեշտ խնդիրները մասնագիտական ու քաղաքական դաշտում քննարկվեցին:

Պարոն ֆորի զեկույցը, ներկա եմ եղել, լսել եմ և պետք է ասեմ, որ նրա մի շարք հաստատումներ, որոնք կարևորագույն հանգամանքներ են և գնահատում եմ նախկին համանախագահի անկեղծությունը գնահատում եմ, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ուրևէ կերպ Ադրբեջանի տարածքում լինել: Եվ դա նշանակում է` ձախողել խաղաղ կարգավորման գործընթացը, և միջազգային հանրության բոլոր սուբյեկտները, նրանք, ովքեր կոնֆլիկտի կարգավորման գործում ունեն անկողմնակալ դիրքորոշում, վստահ են այս հարցում: Հիմա. Ինչպե՞ս հասնել դրան:

Բնականաբար, փոխվստահության մթնոլորտի և փոխզիջումների ճանապարհով, բնականաբար, բացառելով ուժի սպառնալիքի  կիրառումը: Եվ, բնականաբար, թիվ մեկ խնդիրն այսօր կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումն է: Մենք պետք է միջազգային հանրությունից այսօր ակնկալենք, որ յուրաքանչյուրի գործողությունը պետք է ուղղված լինի վստահության մթնոլորտի ձևավորմանը: ՀՀ-ն միշտ պատրաստակամ է եղել իր կողմից անհրաժեշտ քայլերն այդ ուղղությամբ իրականացնելու համար, Ադրբեջանը շարունակաբար ձախողել է, խուսափել է և խոչընդոտել է բոլոր այն ծրագրերին, միջոցառումներին և ջանքերին, որոնք կարող են բերել վստահության մթնոլորտ երկու հասարակությունների միջև: Մասնավորապես, և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ մասնագիտական առումով ադրբեջանցիները շարունակաբար ձախողում են:

Էլ չեմ ասում` սահմանի վրա լարվածությունների անընդհատ մեծացումը և ոտնձգությունները: Այս հարցում նաև շատ կարևոր են միջազգային տարբեր կառույցների դիրքորոշումները, որոնք պետք է լինեն հավասարակշռված իրենց բանաձևերում ու հայտարարություններում: Եվ հենց վստահության մթնոլորտի պակասի պատճառ են դառնում նաև այնպիսի բանաձևերը, որոնք օրինակ` այս օրերին քննարկվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

- Ի դեպ, շատ վատատեսական կանխատեսումներ կան, որ հայկական պատվիրակությանը կհաջողվի հանել այդ ձևակերպումները:

-Չէի ցանկանա կանխատեսումներ անել, բայց բուն երևույթն ինձ մտահոգում է: Այսինքն` մտահոգիչ է
այն երևույթը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կան պատգամավորներ, ովքեր կարող են նման բանաձևեր գրել և ականջալուր չլինել բազմաթիվ կոչերին, որ այդ բանաձևերը ոչ թե հենց այդպես, դարակում դրվող կամ սիրողական բնույթի բաներ են, այլ դրանք Ադրբեջանը կարող է վերածել …. հաղթաթուղթ չասեմ, բայց անվստահության մթնոլորտի դեմ ուղղված գործողության:

-Բացի այն, որ խոսեցիք, որ Եվրոպայի  խորհուրդը  զբաղվում է մի բանով, որով չպետք է զբաղվեր, «Չաթըմ հաուս»-ի ներկայացուցիչը` ադրբեջանական ազգանունով (Շիրիև), Երևանում `նույն սեմինարի շրջանակներում խոսեց այն մասին, որ Մինսկի խմբի ձևաչափը պետք է փոխվի, որ Ադրբեջանի ժողովուրդն այլևս չի վստահում Մինսկի խմբին, որ Մինսկի խմբում կա, մեջբերում եմ, «առաջնորդության և նախաձեռնողականության պակաս»:  Չմոռանանք, որ մեր փորձագետները անընդհատ խոսում են այն մասին, որ  Ադրբեջանը փորձում է Մինսկի խումբը փոխարինել Մինսկի կոնֆերանսով: Սրանք, ըստ Ձեզ, զուգահեռ պրոցեսնե՞ր են:

-Միացյալ թագավորության ազգությամբ ադրբեջանցի «Չաթըմ Հաուսի» ներկայացուցիչը, երևի, չի պատկերացնում, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում Մինսկի խմբին այլընտրանք ուղղակի չի կարող լինել: Սա այդպես է եղել տարիների ընթացքում, ավելի քան երկու տասնամյակ այս գործընթացն առաջ է գնում և եթե Մինսկի խմբի կողմից տարվող բանակցությունների ներքո առայժմ առաջընթաց չկա, դրա միակ մեղավորը պաշտոնական Բաքուն է. ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ հայկական երկու կողմերը դրանում չունեն իրենց մեղքի բաժինը, որովհետև բազմաթիվ անգամներ իրենց պատրաստակամությունն են հայտնել կառուցողական ճանապարհով երկխոսության և ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքի վրա շարժվել առաջ: Իսկ Ադրբեջանը միակ կողմն է, որը շարունակաբար ձախողել է գործընթացը և այսօր էլ դա փորձում է բարդել Մինսկի խմբի վրա:

-Նույն այդ Շիրիևը խոսում էր այն մասին, որ պետք են ոչ թե բանավոր համաձայնություններ, որոնք ըստ նրա եղել են, այլ գրավոր համաձայնություններ:

-Չեմ կարծում, որ պարոն Շիրիևը բանակցային գործընթացից շատ բան հասկանում է: Եվ կարող եմ բերել Կազանի օրինակը, որը մեծ հույսեր էր բերում խնդրի խաղաղ կարգավորմանը և Ադրբեջանի ջանքերով այն ձախողվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել