Tert.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 30-ին Կոնգրես հյուրանոցի Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին նաև «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի արդյունքները:

Այս մասին հայտնում են ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը ի դեմս Նորվեգիայի Կառավարության 2012թ. հոկտեմբերի 4-ին դրամաշնորհ է սահմանել «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրին, որը նախատեսվում էր իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Ծրագրի ընդհանուր տևողությունը նախատեսված էր 2.5 տարի և ավարտվեց 2015 թվականի հունիսի 30-ին:

Նպատակները, որոնք դրված էին դրամաշնորհային ծրագրի հիմքում, կարևորագույն նշանակություն ունեին ոլորտի առաջընթացի և արդիականացման գործում: Ծրագրի նպատակներից հատկանշական են Հայաստանում մշտական գործող ՋիՊիԷս(GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը և Հայաստանի տնտեսապես ակտիվ գոտիների օդային լուսանկարահանումը, թվային բարձունքային մոդելի ստեղծումը և օրթոլուսանկարների ստեղծումը:

Ծրագրի առաջին փուլում ձեռք են բերվել և տեղակայվել 12 ռեֆերենց կայաններ, որոնք ձևավորել են Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS): Կայանների ցանցը հնարավորություն է ստեղծել բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում: ARMPOS համակարգի կիրառության ոլորտներն են՝ գյուղատնտեսություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրություն և այլն:

Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է ՀՀ տարածքի զգալի մասի (շուրջ 13.500 ք.կմ) օդային լուսանկարահանումը և լազերային սկանավորումը: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երևան, Գյումրի, Վանաձոր) լուսանկարահանվել են GSD-10սմ, իսկ այլ տարածքները GSD-20սմ ճշտությամբ: Ավարտվել են գեոդեզիական դիտարկումների, թվային բարձունքային մոդելի մշակման և օրթոլուսանկարների ստեղծման ուղղությամբ աշխատանքները: Ներկայումս իրականացվում է նաև աշխատանքի որակի վերահսկում:

Ստացված օրթոֆոտոհատակագծերը մեծապես կնպաստեն առկա քարտեզների ճշգրտման և նոր հատակագծերի ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Աշխատանքային հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը, ինչպես նաև Նորվեգիայի թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության տնօրեն Հելգե Օնսրուդը:

Ստորև ներկայացնում ենք կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ողջյունի խոսքն ամբողջությամբ.

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք ողջունել Ձեզ հայ-նորվեգական «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ»  ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ

Ինչպես գիտենք, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը` ի դեմս Նորվեգիայի կառավարության, 2012 թվականի հոկտեմբերի 24-ին հաստատել է դրամաշնորհ  «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի ֆինանսավորման համար:

Ծրագրի հիմնական նպատակները Հայաստանում մշտական գործող ՋիՊիէս (GPS) 12 ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումն է, Հայաստանի զգալի տարածքի օդային /հինմականում բնակավայրերում/ լուսանկարահանման և օրթոֆոտոհատակագծերի պատրաստումը, ինչպես նաև տեղանքի թվային մոդելի ստեղծումը:

Հայաստանում տեղադիրքի որոշման արբանյակային տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման համար մշտապես գործող ռեֆերենց կայանների ստեղծման ծրագիրը հաջողությամբ իրականացված է: Ստեղծվել է 12 մշտական ռեֆերենց կայաններից բաղկացած ցանց և մեկ վերահսկող կայան Երևան քաղաքում՝ ARMPOS պայմանական անվամբ, որը ծածկում է Հանրապետության ամբողջ տարածքը:

Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցը ստեղծում է մեկ միասնական կոորդինատային համակարգ՝ խնայելով ինչպես մարդկային, այնպես էլ գործիքային զգալի ռեսուրսներ:

Արդյունքում, մի շարք զարգացած երկրների հետ համատեղ ունեցանք իրական  ժամանակում աշխատող կենտրոնացված արբանյակային գեոդեզիական ցանց, որը ապահովում է տեղաշարժվող և ստացիոնար օբյեկտների տեղադիրքի ճշգրիտ որոշումը:

Վերոհիշյալ ծրագրերն իրականացվել են  ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում Նորվեգիայի քարտեզագրման  կազմակերպության աջակցությամբ, որը տրամադրել է մասնագիտական աջակցություն՝  հավաստելով, որ ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ստատենս Կարտվերկի  հետ համագործակցությունը բարձր է գնահատվում որպես ծրագրի հաջող ավարտի երաշխիք:

Հարկ է նշել,  որ Հայաստանում կադաստրային համակարգի բարեփոխման դրական արդյունքները ուղղակիորեն կապված են Նորվեգիայի մասնակցության հետ:

Ծրագրի երկրորդ մասը Հայաստանի զգալի տարածքի օդային լուսանկարահանման և օրթոֆոտոհատակագծերի պատրաստումն է, հինմականում բնակավայրերում, ինչպես նաև տեղանքի թվային մոդելի ստեղծումն է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար 10 սմ ճշտությամբ, իսկ այլ տարածքների համար` 20 սմ ճշտությամբ: Ներկա ժամանակահատվածում աշխատանքներն  ավարտված են, և ընթանում է որակի ստուգում: Այդ կապակցությամբ, կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ուկրաինական գործընկերներին, ինչպես նաև խորհրդատու տիկին Սվետլանա Զախարկինային, որոնք իրենց աշխատանքները կատարել են բարձր մասնագիտական մակարդակով:

Աշխատանքների տեխնիկական մանրամասնությունները կներկայացվեն մեր ուկրաինական գործընկերների և հայկական կողմի շնորհանդեսներում:

Հանգամանքների բերումով, այսօր Հանրապետությում տոնում են հողաշինարարի և գեոդեզիստի օրը: Օգտվելով առիթից, այդ կապակցությամբ կադաստրի պետական կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը, ի դեմս Նորվեգիայի կառավարության, Հանրապետության համար անհրաժեշտ քարտեզագրագեոդեզիական նյութերի ձեռքբերման գործընթացի կազմակերպման համար և պարգևատրում Ստատենս Կարտվերկի տնօրեն` պարոն Հելգե Օնսրուդին և տիկին Ելենա Բուշին:

Մենք շահագրգռված ենք և հուսով ենք, որ այս հաջող ավարտված ծրագիրը կունենա իր տրամաբանական շարունակությունը»։

Հավելենք, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի հրամանով «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» հայ-նորվեգական ծրագրի արդյունավետ իրականացման և ցուցաբերած արհերստավարժության համար անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվոգրերով պարգևատրվեցին ինչպես նորվեգական, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել