Tert.am-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 30-ին Կոնգրես հյուրանոցի Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին նաև «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի արդյունքները:
Այս մասին հայտնում են ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը ի դեմս Նորվեգիայի Կառավարության 2012թ. հոկտեմբերի 4-ին դրամաշնորհ է սահմանել «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրին, որը նախատեսվում էր իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Ծրագրի ընդհանուր տևողությունը նախատեսված էր 2.5 տարի և ավարտվեց 2015 թվականի հունիսի 30-ին:
Նպատակները, որոնք դրված էին դրամաշնորհային ծրագրի հիմքում, կարևորագույն նշանակություն ունեին ոլորտի առաջընթացի և արդիականացման գործում: Ծրագրի նպատակներից հատկանշական են Հայաստանում մշտական գործող ՋիՊիԷս(GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը և Հայաստանի տնտեսապես ակտիվ գոտիների օդային լուսանկարահանումը, թվային բարձունքային մոդելի ստեղծումը և օրթոլուսանկարների ստեղծումը:
Ծրագրի առաջին փուլում ձեռք են բերվել և տեղակայվել 12 ռեֆերենց կայաններ, որոնք ձևավորել են Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS): Կայանների ցանցը հնարավորություն է ստեղծել բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում: ARMPOS համակարգի կիրառության ոլորտներն են՝ գյուղատնտեսություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրություն և այլն:
Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է ՀՀ տարածքի զգալի մասի (շուրջ 13.500 ք.կմ) օդային լուսանկարահանումը և լազերային սկանավորումը: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երևան, Գյումրի, Վանաձոր) լուսանկարահանվել են GSD-10սմ, իսկ այլ տարածքները GSD-20սմ ճշտությամբ: Ավարտվել են գեոդեզիական դիտարկումների, թվային բարձունքային մոդելի մշակման և օրթոլուսանկարների ստեղծման ուղղությամբ աշխատանքները: Ներկայումս իրականացվում է նաև աշխատանքի որակի վերահսկում:
Ստացված օրթոֆոտոհատակագծերը մեծապես կնպաստեն առկա քարտեզների ճշգրտման և նոր հատակագծերի ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Աշխատանքային հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը, ինչպես նաև Նորվեգիայի թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության տնօրեն Հելգե Օնսրուդը:
Ստորև ներկայացնում ենք կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ողջյունի խոսքն ամբողջությամբ.
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք ողջունել Ձեզ հայ-նորվեգական «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ
Ինչպես գիտենք, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը` ի դեմս Նորվեգիայի կառավարության, 2012 թվականի հոկտեմբերի 24-ին հաստատել է դրամաշնորհ «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի ֆինանսավորման համար:
Ծրագրի հիմնական նպատակները Հայաստանում մշտական գործող ՋիՊիէս (GPS) 12 ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումն է, Հայաստանի զգալի տարածքի օդային /հինմականում բնակավայրերում/ լուսանկարահանման և օրթոֆոտոհատակագծերի պատրաստումը, ինչպես նաև տեղանքի թվային մոդելի ստեղծումը:
Հայաստանում տեղադիրքի որոշման արբանյակային տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման համար մշտապես գործող ռեֆերենց կայանների ստեղծման ծրագիրը հաջողությամբ իրականացված է: Ստեղծվել է 12 մշտական ռեֆերենց կայաններից բաղկացած ցանց և մեկ վերահսկող կայան Երևան քաղաքում՝ ARMPOS պայմանական անվամբ, որը ծածկում է Հանրապետության ամբողջ տարածքը:
Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցը ստեղծում է մեկ միասնական կոորդինատային համակարգ՝ խնայելով ինչպես մարդկային, այնպես էլ գործիքային զգալի ռեսուրսներ:
Արդյունքում, մի շարք զարգացած երկրների հետ համատեղ ունեցանք իրական ժամանակում աշխատող կենտրոնացված արբանյակային գեոդեզիական ցանց, որը ապահովում է տեղաշարժվող և ստացիոնար օբյեկտների տեղադիրքի ճշգրիտ որոշումը:
Վերոհիշյալ ծրագրերն իրականացվել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում Նորվեգիայի քարտեզագրման կազմակերպության աջակցությամբ, որը տրամադրել է մասնագիտական աջակցություն՝ հավաստելով, որ ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ստատենս Կարտվերկի հետ համագործակցությունը բարձր է գնահատվում որպես ծրագրի հաջող ավարտի երաշխիք:
Հարկ է նշել, որ Հայաստանում կադաստրային համակարգի բարեփոխման դրական արդյունքները ուղղակիորեն կապված են Նորվեգիայի մասնակցության հետ:
Ծրագրի երկրորդ մասը Հայաստանի զգալի տարածքի օդային լուսանկարահանման և օրթոֆոտոհատակագծերի պատրաստումն է, հինմականում բնակավայրերում, ինչպես նաև տեղանքի թվային մոդելի ստեղծումն է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար 10 սմ ճշտությամբ, իսկ այլ տարածքների համար` 20 սմ ճշտությամբ: Ներկա ժամանակահատվածում աշխատանքներն ավարտված են, և ընթանում է որակի ստուգում: Այդ կապակցությամբ, կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ուկրաինական գործընկերներին, ինչպես նաև խորհրդատու տիկին Սվետլանա Զախարկինային, որոնք իրենց աշխատանքները կատարել են բարձր մասնագիտական մակարդակով:
Աշխատանքների տեխնիկական մանրամասնությունները կներկայացվեն մեր ուկրաինական գործընկերների և հայկական կողմի շնորհանդեսներում:
Հանգամանքների բերումով, այսօր Հանրապետությում տոնում են հողաշինարարի և գեոդեզիստի օրը: Օգտվելով առիթից, այդ կապակցությամբ կադաստրի պետական կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը, ի դեմս Նորվեգիայի կառավարության, Հանրապետության համար անհրաժեշտ քարտեզագրագեոդեզիական նյութերի ձեռքբերման գործընթացի կազմակերպման համար և պարգևատրում Ստատենս Կարտվերկի տնօրեն` պարոն Հելգե Օնսրուդին և տիկին Ելենա Բուշին:
Մենք շահագրգռված ենք և հուսով ենք, որ այս հաջող ավարտված ծրագիրը կունենա իր տրամաբանական շարունակությունը»։
Հավելենք, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի հրամանով «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» հայ-նորվեգական ծրագրի արդյունավետ իրականացման և ցուցաբերած արհերստավարժության համար անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվոգրերով պարգևատրվեցին ինչպես նորվեգական, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչներ: