Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու ԲՀԿ-ն մնաց Բաղրամյան պողոտայում, ոչ թե մյուսների հետ գնաց «Ազատության» հրապարակ:

-Տիկին Զոհրաբյան, երեկ արդեն «Ոչ թալանին» շարժումն ակնհայտորեն բաժանարար գիծ արձանագրեց. Բաղրամյան պողոտայի քաղաքացիական ակտիվիստները Օպերա տեղափոխված քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր բավարարված կամ մասնակիորեն էին բավարարված Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, համարեցին դավաճաններ, իսկ Օպերայից էլ Բաղրամյան պողոտայում գտնվողներին կոչեցին սադրիչներ: Դուք Բաղրամյան պողոտայում էիք, ինչո՞ւ ոչ Օպերայում, այլ՝ Բաղրամյանում:

-Ցավում եմ, որ երիտասարդների` իսկապես սոցիալական արդար պայքարի վրա խարսխված, ինքնաբուխ, անկեղծ շարժումը պառակտվեց և սկսեցին հնչել միմյանց հասցեին վիրավորանքներ: Այո, այն հատվածը, որը բավարարվեց Սերժ Սարգսյանի հայտարարությամբ և գտավ, որ պետք է տեղափոխվել Ազատության հրապարակ` պայքարի այլ գործիքակազմով շարունակելու համար, որակվեց դավաճան: Իսկ նրանք, ովքեր մնացին Բաղրամյանում, այո , ունեն շատ ավելի ռադիկալ կոչեր ու կատեգորիկ են տրամադրված: Ինչ վերաբերում է, թե ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները մնացին Բաղրամյանում, ապա Բաղրամյանում, քանի որ այստեղ էր սադրանքների ու բռնության էսկալացիայի ամենամեծ հավանականությունը:  Ես զրուցել եմ Բաղրամյան պողոտայի ակտիվիստների հետ և ստացել տպավորություն, որ այստեղ մնացած՝ առավել ռադիկալ տրամադրված ակտիվիստները չունեն մեկ միասնական օրակարգ և իրենց հերթին, այստեղ մնացած խմբերից յուրաքանչյուրն ունի իր օրակարգը՝ ընդհուպ մինչ ամենածայրահեղ քայլերը: Իսկ դա կարող է բերել ուղղակի քաոտիկ իրավիճակի, ինչի նախանշանները երեկ երեկոյան արդեն իսկ նկատելի էին:

Դա էր պատճառը, որ մենք ողջ կազմով մնացինք Բաղրամյան 3-ում՝ հնարավոր սադրանքներն ու բռնությունները կանխելու նպատակով: Մի բան հստակ է՝ բռնություն ցուցարարների նկատմամբ չի կարող և չպետք է լինի: Ուզում եմ նշել, որ անգամ ամենակատեգորիկ օրակարգը պետք է հանգուցալուծվի բացառապես և միայն երկխոսության ճանապարհով: Ցավում եմ, որ Հայաստանի քաղաքական մշակույթը հասցրել են այս վիճակին, երբ երկխոսությունը, փոխզիջումը, միմյանց լսելը դարձել են դավաճանության հոմանիշ: Դա մեր քաղաքական դաշտի ողբերգությունն է, որի համար բոլորս ենք մեղավոր` բոլոր քաղաքական ուժերը:

Բայց, կրկնում եմ, երկխոսության այլընտրանքը լինելու են բռնությունն ու քաոտիկ իրավիճակը, ինչի նախանշանները երեկ Բաղրամյան պողոտայում արդեն նկատելի էին, և ինչը կործանարար է լինելու երկրի համար և հերթական հարվածն է հասցնելու Հայաստանի միջազգային հեղինակությանը։

-Հենց ակտիվիստները հայտարարեցին, որ քաղաքական ուժերը փորձում են քաղաքականացնել շարժումը:

-Քավ լիցի, նման նկրտում բացարձակապես չեմ նկատել որևէ քաղաքական ուժի կողմից: Կոնկրետ մեր մասով հավելեմ, որ «Բարգավաճ Հայաստանը»  բնավ որևէ նման ցանկություն և կամ մոտիվացիա չունի: Մենք, կրկնում եմ, այդտեղ էինք մեկ խնդիր լուծելու համար. որպեսզի թույլ չտանք սադրանք, բախում: Բայց մեկ բան հասկանալի է նաև, որ խնդիրները, որոնք օրակարգում են, պահանջում են քաղաքական լուծում: Այլ լուծում, այլ ճանապարհ հնարավոր չէ, և այդ պատճառով էր ԲՀԿ-ն այս ողջ ընթացքում` սկսած խորհրդարանական լսումներից, զգուշացնում էր , որ եթե այս խնդիրը դուրս եկավ քաղաքական դաշտից, դառնալու է անվերահսկելի և որ խնդիրը պետք է լուծել մասնագիտական, պրոֆեսիոնալ դաշտում: Եվ այդ պատճառով էր, այո, որ մենք, մասնակցելով բոլոր քննարկումներին, ներկայացրել էինք մասնագիտական առաջարկներով փաթեթ, որը թույլ կտար չբարձրացնել սակագինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել