Exclusive

Քչերը գիտեն, որ Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշի՝ անմոռուկի գաղափարի հեղինակը երգահան Վարդան Զադոյանն է։ BlogNews.am-ը նրա հետ հետհայաց հարցազրույց է արել գաղափարի ստեղծման, կրկնօրինակման մասին քննարկումների, դրա հետ կապված բացթողումների, այն կոմերցիոն նպատակներով օգտագործելու և բիզնեսի վերածելու մասին։

-Վարդան, ինչո՞ւ հենց անմոռուկ, ինչպե՞ս ծնվեց գաղափարը։

-Երբ լսեցի, որ Ցեղասպանության 100-ամյակի համար լոգոտիպի մրցույթ է անցկացվում, մտածում էի՝ ինչ սիմվոլ կարելի է վերցնել, որպեսզի չմոռացվի։ Մտածեցի՝ ինչ լավ կլիներ՝ «Незабудка» լիներ, ափսոս հայերենով այդպես չի հնչում, պարզվեց՝ հենց այդպես է հնչում, և որոշեցի ներկայացնել անմոռուկը։

-Քննարկվեց, որ խորհրդանիշը վերցրել եք այլ տեղերից։

-Այն, ինչ մեզ տվել է բնությունը, ապրաքանիշի գրանցում չունի, և ես կարող եմ օգտագործել դա։ Այսօր գոյություն ունի 66 ընկերություն, որ օգտագործում է անմոռուկը, բայց դա չի նշանակում, որ այլևս ոչ ոք իրավունք չունի օգտագործել անմոռուկը։

­-Անմոռուկը սկսեցին կիրառել ամենուր՝ մանիկյուրից մինչև փուչիկներ։ Դրա սխալ գործածությունը Ձեզ չէ՞ր նյարդայնացնում։

-Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Եթե նման բան կա, իհարկե, լավ չէ։  Ստացվում է, որ մենք Ցեղասպանության 100-ամյակից տոն ենք սարքում։ Ես դրանում չեմ մեղադրում գնորդին, որովհետև այս դեպքում նա այնքան մեղավոր չէ, որքան վաճառողը։ Այսօր մեր պետությունում այնքան բաներ են կատարվում, որոնք չպիտի կատարվեն։

-Ըստ Ձեզ՝ PR-ը ճի՞շտ արվեց։

-Ես Մոսկվայում էի և չեմ հետևել PR-ին։ Վիզուալ PR-ն ինձ դուր եկավ, ես օդանավակայանում տեսա, որ ներկայացված էր՝ ինչ է նշանակում յուրաքանչյուր տարրը, ինչպես են կրում անմոռուկը և այլն։ Դա արված էր այն մարդկանց համար, ովքեր ժամանում էին Հայաստան։ Երբ ես անմոռուկի գաղափարի, ներկայացման մասին հարցնում եմ մարդկանց, ովքեր այդ փուլում էին եկել Հայաստան, նրանք շատ գոհ են, իսկ մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, դժգոհ են։ Քանի որ հայերս օտարամոլություն ունենք և ամեն բան ավելի լավ անում ենք ուրիշների, քան մեզ համար, այս դեպքում էլ այդպես եղավ։ Յուրաքանչյուր արտասահմանցի, սփյուռքահայ, որ գալիս էր Հայաստան, նրան տալիս էին անմոռուկ, բուկլետներ։ Այլ հարց է, թե ինչպես ենք վերաբերում երևանցիներին, գյուղաբնակներին, պարզ է, որ նրանց կարծիքը պետք է անտեսվեր, որովհետև մեզ մոտ այդպես է ընդունված։

-Անմոռուկը մեյնսթրիմ էր մինչև ապրիլի 24-ը։ Ինչպիսի՞ն եք տեսնում «Անմոռուկի» ապագան ապրիլի 24-ից հետո։ Ի՞նչ կլինի այս խորհրդանիշի հետ, օրինակ, մեկ տարուց։

-Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի անոռուկի հետ 1 տարի հետո, ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ ինչ կլինի ժողովրդի հետ։ Անմոռուկը սիմվոլ է, որը, չգիտեմ, կապրի, թե՝ ոչ։ Մենք չպետք է ծաղիկ ամրացնենք մեր ժողովրդի վրա, որ դրանով ցույց տանք մեր հայությունը։ Անմոռուկի ապագան կախված է մեր ժողովրդից, չի կարելի ծաղիկ կպցնել մի մարդու վրա, ով սոված է։

Անմոռուկը ստեղծելուց չէի ցանկանում այն վերագրել միայն հայ ժողովրդին, լավ կլիներ, որ այն ցեղասպանության խորհրդանիշ դարձնեն բոլոր այն ժողովուրդները, որոնք ապրել են նմանատիպ ողբերգություն։ Պարզվում է, որ ցեղասպանություն ապրած բոլոր ազգերի լեզվով անմոռուկը հենց այդպես է թարգմանվում, մինչդեռ կան այլ լեզուներ, որոնցով թարգմանելիս այն կորցնում է իր նշանակությունը։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիք։ Ձեր սպասումները գերազանցվեցի՞ն։ Կա՞ն բաներ, որոնք չստացվեցին այնպես, ինչպես Դուք էիք ցանկանում։

-Երբ Ապրիլի 24-ին եկա Երևան, տեսա, որ մարդիկ կրում են անմոռուկները, սակայն դուրս չեկավ, որ անմոռուկներ վաճառում էին։ Ես ընդհանրապես չէի կարծում, որ հնարավոր է այնպիսի բան, որ սիմվոլը, որը, իմ կարծիքով, պետք է անվճար բաժանվեր ժողովրդին, կվաճառեն։

-Գուցե խնդիրն այն էր, ստեղծվեց անմոռուկի պահանջարկ, սակայն չեղավ առաջարկ։

-Ես կռահում էի, որ կհայտնվեն կազմակերպություներ, որոնք բարեգործական տարբերակով ժողովրդին կբաժանեն անմոռուկներ, սակայն նրանք վաճառեցին դրանք։

-Ի՞նչ դասեր պետք է քաղենք այս ամենից։

- Մենք պետք է դաս քաղենք՝ որպես հիմք վերցնելով այն ասացվածքը, որ այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, չունի ապագա։

-Այժմ, երբ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտված են, և հնարավոր է հետ նայել, որքանո՞վ եք գոհ ստացված արդյունքից։ Կնշե՞ք դրական և բացասական եզրահանգումները, որոնց Դուք եք եկել այս համատեքստում։

-Ինձ շատ դուր եկավ «Շարմ» ընկերության աշխատանքը, վիզուալ PR-ը, որ ես տեսա քաղաքում՝ ինչպես էր ամեն բան պատրաստված, փակցված։

Ինձ դուր չեկավ բիզնեսը, որ եղավ, կցանկանայի, որ ժողովրդին տրամադրվեր անվճար։ Ես չգիտեմ՝ ներքին խոհանոցում ինչ է կատարվում. ինչպես հայտնվեցին անմռուկներ, որոնք պատրաստված էին էժանագին պլաստիկատից և բաժանվում էին ժողովրդին, ինչու հայտնվեցին անմոռուկներ, որոնց գինը 3000 դրամ էր, իսկ ոսկեգույններինը՝ 5000, 7000։ Ինձ դուր չեկավ անմոռուկի դասակարգումը՝ ոսկե, արծաթե, պլաստմասե, ռեզինե... Ես գիտեմ, որ դա շատ բնորոշ է մեր բարձրաստիճան չինովնիկների մտածելակերպին։ Չգիտեմ՝ կոնկրետ որ մեկին, բայց կան մարդիկ, ովքեր կարող են սգից բիզնես սարքել։ Ես՝ որպես Վարդան Զադոյան, այսօր նայում եմ՝ ինչ է կատարվում ու հասկանում եմ, որ մենք չունենք բողոքելու հնարավորություն։ Մեր ազգի մեջ դեռ չկա առաջ գոռացող մեկը, ով կգոռա առաջ ու կգնա ոչ թե իրար ջարդուխուրդ անելու, այլ հասկանալու՝ ինչու է այդպես։ Յուրաքանաչյուր մարդ այսօր կարող է մեր ազգի սուգը դարձնել բիզնես։ Դա ճիշտ է, թե՝ սխալ, պետք է ասեն բողոքողները, իսկ բողոքողներ չեն կարող լինել, որովհետև մեր ազգում մեթոդները բանակցական չեն։ Եթե ժողովուրդը բողոքում է, ի վերջո, դա կբերվի, կհասցվի նրան, որ բողոքողը մի լավ ծեծ է ուտելու։ Եթե մենք ապրում ենք այդպիսի երկրում, ինչո՞ւ ենք զարմանում, որ անմոռուկ է վաճառվում։ Վաղը, մյուս օրը Մարտի 1-ի զոհերի հետ կապված մի բան կլինի, որը ևս կվաճառվի։

Ինձ դուր եկավ, որ մեր ժողովրդի մեջ կային մարդիկ, ովքեր անմոռուկն իրոք ընդունեցին որպես խորհրդանիշ, շատ հուզմունքով ու հարգանքով ընդունեցին այն։ Ինձ դուր եկավ, որ ժողովրդի մեջ հայտնվեցին մարդիկ, ովքեր քննադատեցին անմոռուկը, որովհետև առանց քննադատության էլ է դժվար։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել