Ես չեմ հասկանում այն քաղաքական ուժերի տրամաբանությունը, որոնք նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ առաջարկում են անցնել պառլամենտական կառավարման ձեւին, իմսատը ո՞րն է:

Ըստ իս՝ այս գաղափարը առաջ է քաշվել հետեւյալ պատճառներով..

1. Զգալով եւ գիտակցելով, որ իրենք չեն կարողանա լուրջ, այլընտրանքային թեկնածու առաջարկել Սերժ Սարգսյանի դեմ՝ փորձում են օգտագործել այս պատրվակը նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ այդպիսով քաղաքական կոնկրետ դիրքորոշում ու ծրագիր ներկայացնելուց եւ պատասխանատվություն ստանձնելուց խուսափելու համար, ինչպես նաեւ չմասնակցելով նախագահական ընտրություններին՝ հնարավորություն ունենալ դրանից հետո «հանգիստ խղճով» ստվերել տեղի ունեցած ընտրությունները ու սասանել սեփական երկրի վարկը միջազգային հանրության առաջ:

2. Պառլամենտական կառավարման ձեւը ենթադրում է կայացած քաղաքական եւ կուսակցական համակարգ, ընդ որում՝ այն առաջին հերթին ենթադրում է ներկուսակցական ժողովրդավարության առկայություն, ինչը այդ գաղափարը առաջարկող կուսակցությունների պարագայում, մեղմ ասած, բացակայում է, ինչպես նաեւ որպես ներկուսակցական ժողովրդավարության բաղկացուցիչ մաս այդ քաղաքական ուժերում կարող են ու պետք է լինեն տարբեր ֆրակցիաներ, որոնք կարող են ունենալ կուսակցության պաշտոնական տեսակետից տարբերվող այլ տեսակետ եւ ոչ թե հեռացվեն կամ մեկուսացվեն կուսակցությունից պաշտոնական տեսակետից տարբերվող տեսակետ ունենալու համար:

3. Ինձ թվում է, որ այդ գաղափարը առաջ է քաշվել, որպեսզի իրենց ընտրողներին բացատրեն, թե ինչպես կարող են իրար հետ միասնաբար հանդես գալ ընդհանուր ոչ մի եզրեր չունեցող կուսակցություններ, որոնք, ըստ էության, միանում են միայն մեկ բանի համար, այն է՝ ապակայունացնելու եւ այդ ֆոնին իշխանության գալու եւ իրար մեջ բաժանելու իշխանությունը: Ընդ որում, այս առաջարկը առաջին հերթին ձեռնտու է հենց ՀԱԿ-ին, որպեսզի վերջինս կարողանա «բացատրել» իր նվազող ընտրազանգվածին, թե ինչու են համագործակցում այն ուժի հետ, որին իրենք 5 տարի քննադատել են, ու որին իրենք համարում են մարտի 1-ի իրենց վարկածով պատասխանատուներից եւ կարեւոր դերակատարներից մեկը: 
Ավելի մեծ անբարոյական, տմարդի ու արհամարհական վերաբերմունք սեփական համակիրների ու գաղափարների նկատմամբ դժվար է պատկերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել