Հայ տղամարդուն վայել չէ…
Միանշանակ հիացած ու հպարտացած եմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ արդարացիորեն պայքարող մեր երիտասարդների ու ակտիվիստների աննկուն կամքով ու միասնական պայքարի ոգով: Ի տարբերություն նախորդ բազմաթիվ բողոքի ակցիաների, այդ թվում նաև տասնամյակներով «գործող» քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքների՝ մեր երիտասարդներն իրենց բողոքի ակցիան անց են կացնում կազմակերպված, չզլանալով նաև համագործակցել օրինապահ մարմինների հետ:
Մեկ հարցում, սակայն, կտրականապես համաձայն չեմ մեր ակտիվիստների հետ:
Հասկանալի պատճառներով Բիբինն այս օրերին հայ ժողովրդի ու հասարակության մոտ ասոցացվել է ամենաբացասական իմաստներով, ու թերևս նրա պահվածքն ու արհամարհական վերաբերմունքը ոչ միայն ժողովրդի, այլ նաև մեր պետական կառույցների հանդեպ արժանի է լուրջ կշտամբանքի, վիրավորանքի ու հայհոյանքի:
Այս օրերին նրան հայհոյում ենք բոլորս… մտովի…
Սակայն, հարգելիներս, հայ տղամարդը միշտ առանձնացել է իր առաքինությամբ ու պարկեշտությամբ, որի համար էլ բարձր է գնահատվել ոչ միայն հայ կնոջ, այլ տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից: 
Իսկ հիմա նույն այդ հայ տղամարդն ինչ-որ Բիբինի պատճառով կորցնում է իր դեմքը:
«Բիբինս ուտես», «Բիբինիդ չդնես», «Բիբինս տեսե՞լ ես» ու նմանատիպ այլ հայհոյախառն արտահայտությունները մեզ պատիվ չեն բերում: 
Նույն այդ Բիբին կոչեցյալին մենք կարող ենք վիրավորել ու կշտամբել քաղաքակիրթ շատ ու շատ այլ ձևերով, որը հայհոյանքից էլ առավել վատ ազդեցություն կարող է ունենալ: Բայց ոչ այդ բառերով, ոչ մեր մայրերի ու քույրերի ներկայությամբ, ոչ համայն աշխարհի առջև:
Իսկ ամենասարսափելին այն է, երբ նույն այդ հայհոյախառը պաստառը բռնում է մեր դեռահաս հայուհի օրիորդը…
Սիրելի´ ակտիվիստներ, բողոքի ակցիայի սիրելի´ համակարգողներ, փոխե´ք Բիբինին վիրավորելու մարտավարության այդ ձևը, խնդրում եմ:
Դրանով մենք կորցնում ենք հայ առաքինի ու պարկեշտ տղամարդու մեր կերպարը, դրանով մենք վիրավորում ենք նաև մեր հայուհիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել