Մարդիկ դուրս են եկել էներգետիկ թալանի դեմ բողոքի, մինչդեռ ժամանակին ինձ միայնակ էի զգում այդ պայքարում։ Լինելով ընդամենը մի հասարակ չինովնիկ՝ առավոտից գիշեր հետները ներսից կռիվներ էի տալիս ու հոգնում։ Այս պարտքի գունդուկծիկը համարյա պոչ չունի, որ փնտրես ու գնաս, գտնես այդ անտեր պոչը. պրոֆիլակտիկայի համար էներգետիկայի կառավարման օղակների ղեկավարներին կարելի է մեկումեջ կամ ավելի ճիշտ հինգից չորսին նստացնել, ու սխալ դատելու հավանականությունը, միևնույնն է, զրո կլինի։
Ուրախ եմ, որ այսօր մարդիկ տեսնում են ռացիոնալն ու անհիմնը։ Ու հասկանում են երկրի խնդիրները։ 
Բայց մի սենց բան ասեմ. լավ, ո՞ւմ դեմ պայքարես։ Կամ պիտի ամբողջ մենեջմենթը փոխվի (և՛ կառավարման, և՛ կարգավորման և՛ վերահսկման կառույցներում), կամ էլ էլի ինչ-որ ժամանակավոր լուծում տրվի, ու սպասենք տարիներ հետո նույն կոտրած տաշտակին։
Եթե բողոքենք արտադրողների ու բաշխողների կառավարումից, պիտի գնանք Ռուսաստանի կառավարման դեմ բողոքենք։
Բայց եթե ուզում ենք բողոքել կառավարումից ու կարգավորումից, ուրեմն արդեն տասնյակ տարիներ այդ հարցում մեզ օժանդակում է USAID-ը։ Այո-այո, ամերիկացիները, ում փորձագետների հետ ժամանակին շփվելուց միայն մի զգացողություն եմ ունեցել՝ սրանք ձեռ-ձեռի պաշտպանում են միայն էներգետիկների շահերը։
Փաստորեն, էս ամբողջ կալամբուռը ռուս-ամերիկյան համագործակցություն ոնց որ լինի մեր դեմ։ 
Կատակը՝ կատակ, բայց միշտ քննադատելի է մեր կողմը, միայն նրանք են հաշվետու մեր առաջ։ Սա ուղղակի գրեցի, որ պարզ լինի, որ այս հարցում աշխարհաքաղաքական ու չգիտեմ ինչեր չկան։ Ու եթե Միացյալ նահանգները մտահոգություն է հայտնել (չեմ կարդացել, լսել եմ), ապա այդ մտահոգություն հայտնողին ասեք, որ դիմի իր դեսպանատուն ու հաշվետվություն պահանջի այդքան ծրագրերի (ան)արդյունավետությունից։ Իսկ ռուսներն էլ թող ոչ միայն Բիբինից, այլև Գալդունչիկից ու բոլոր էներգետիկ կառույցների ղեկավարներից հաշվետվություն պահանջեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել