Նկարը՝ Պետո Պողոսյանի, ջրաներկ

Որտե՞ղ ես տեսել այսքան սիրուն ու տաք աշուն… Մենակ այս քաղաքում, մենակ իմ աչքերի առաջ կա նման էյֆորիա… Ոնց որ նկարի կտավից կենդանացած պատկեր լինի: Նայում եմ անցորդներին ու երանի իմ աչքերին, որ այսքան ուշադիր են, ինձ թվում է՝ մյուսները չեն նկատում այս եղանակը, այս պահը` նրանք չափից դուրս շտապում են, իսկ սա ինձ համար հոգու ներդաշնակություն է` տեսնել, զգալ, հասկանալ: Ու որքան շնորհակալ եմ երկրագնդին, որ նման սիրունություն կա նրա մի փոքր անկյունում: Ուզում եմ՝ բոլորը ժպտան ու ապրեն, չափսոսեն, չզղջան, ուղղակի ապրեն ու շնորհակալ լինեն դրա համար. չնայած հիմա մարդիկ ագահացած են ու փոքր-ինչ ջղային, չար, բայց ինչի՞ համար, ախր ես համոզված եմ, որ նրանց հոգու խորքում էլ բարություն կա ու ամեն գիշեր չէ, որ նրանք հանգստորեն են իրենց գլուխը դնում փափուկ բարձին, նրանք էլ խիղճ ունեն, ուղղակի ինչ-որ մի բան ներքինում նրանց դրդում է չարության: Ես 21 տարեկան եմ, բայց հասցրել եմ արդեն տխրել, ուրախանալ, լացել, ժպտալ … տառապել ու կարոտել, ու ես արդեն ուժեղ եմ, ես շուտ չեմ կոտրվում, առաջ եմ գնում ու հավատ կա ներսս, որ ամեն ինչ վաղը ավելի լավ կլինի, քան այսօր: Ես ունեմ աշխատանք, ընտանիք, որի անդամներին շատ եմ սիրում, ունեմ դիպլոմ, իմ կողքին կան մարդիկ, որոնք իսկապես ինձ սիրում են: Հպարտանալու բաներ են սրանք, իմ կյանքի նվաճումներն են` միգուցե ոչ այդքան խոշոր ու աչք ծակող, բայց ես գոհ եմ ու շնորհակալ: Հիմա ես ժպտում եմ… Իսկապես իմ մեջ հիմա հանգստություն կա, ես ազատ եմ, ես կամ: Ապրում եմ, հավատում եմ, սպասում եմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել