Առանձնապես չկենտրոնանալով վրացական այլախոհության երեւոյթների վրա, ուզում եմ միանգամից խոսել, կամ հիշել ու հիշեցնել ուկրաինական այլախոհ մտավորականության մի հատվածի մասին: Սիմոնենկո, Դրաչ, Վինգրանովսկի, Գորսկայա, Դեյուբա, Ստուս.....հազարավորներ, որ ընդվզում էին ոչ միայն սովետական իրականության ու կարգերի դեմ, այլ եւ սեփական երկրի ու ժողովրդի ազգային ազատագրության խնդիր ունեին: Այս մարդկանցից շատերը կամ զոհվեցին աքսորավայրերում, կամ վերադառնալով մահացան ծանր հիվանդություններից որովհետեւ իսկապես հյուծվել ու քայքայվել էին սովետական բանտախցերի մեջ, որ թեեւ առանձնապես շատ չէր տարբերվում հարաբերական ազատության մեջ ապրող սովետական մարդու ապրած իրականությունից, բայց այն ու ամենայնիվ ավելի սոսկալի էր:
Ես հատկապես թվարկեցի այլախոհ գրողների անունները որովհետեւ մի շատ տարօրինակ ձեւով, Հայաստանի մեջ այլախոհական շարժումը ոչ մի կերպ չմտավ գրական միջավայր նույնիսկ այն դեպքում, երբ Լենինյան մրցանակակիր Հրանտ Մաթեւոսյանին համառորեն ներկայացնում են որպես այդպիսին, անշուշտ գյուղագրությունը շփոթելով այլախոհության հետ: Նույն կերպ վարվում են նաեւ Պարույր Սեւակի հետ, մինչդեռ ի տարբերություն Ստուսի կամ Դրաչի, Բրոդսկու կամ Գալիչի՝ Սեւակի ամեն գրված տողը հրատարակվում էր այլ ոչ թե մյուսների նման ձայնագրվում ու տարածվում որպես <<սամիզդատ>>...Ուրեմն պետք է ենթադրել, որ Հայաստանի մեջ նկատի ունենալով ազգային հատկանիշները, ԿԳԲ-ն շատ ավելի դյությամբ լուծեց խնդիրը: Առանց աղմուկի, պարզապես լուսանցքի մեջ առավ ազատ միտքն ու փոխարենը <<ծնեց>> գյուղագիր ու ռուսական կայսրությանն ու մրցանակներին նվիրված, անշուշտ շնորհալի, բայց ոչ համարձակ գրողների: Այսպիսով այլախոհությունը որպես մտավորականության առողջ հատվածին բնորոշ երեւոյթ, դարձավ Սարի թաղ կամ Սովետաշեն թաղերի անկիրթ երիտասարդության ու պատանեկության սեփականություն, որպեսզի քիչ հետո պատմեմ թե ինչ հետեւանքներ ունեցավ...
Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել