ՀՀ Կառավարությանը
ՀՀ Մշակույթի նախարարությանը

ԴԻՄՈՒՄ – ՊԱՀԱՆՋ
ՀՀ Կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշում, որը որակում ենք չհիմնավորված և վնասակար՝ հիմք ընդունելով հետևյալ անառարկելի փաստերն ու հանգամանքները.
Ա. ՀՀ կառավարության 2007թ-ի համանման որոշման հիման վրա Փարիզի Լուվրի թանգարան տեղափոխված Լոռվա բերդի հազվագյուտ կերտվածքով խաչքարն առ այսօր չի վերադարձվել իր ստեղծման վայրը և հայտնի չէ՝ երբևէ կվերադարձվի, թե ոչ: Եվ այս դեպքը միակը չի:
Բ. Տարիների ընթացքում անվերահսկելի և կամայական կերպով Հայաստանի տարբեր վայրերից Երևան են բերվել բազմաթիվ պատմական հուշարձաններ կամ դրանց առանձին պատառիկներ, որոնք ներկայումս սփռված են տարբեր նշանակության հանրային շինությունների բակերում կամ սրահներում, զբոսավայրերում ու պուրակներում: Դրանց գերակշիռ մասն այժմ զրկված են պատմական արժեքի կարգավիճակից, և խիստ դժվարացել է պարզելը, թե դրանք երբ և որտեղից են բերված: Այսպիսով, խաթարվում է հուշակոթողների ծագումնաբանությունը, որի պատճառով ապագայում հայ ազգի բնիկ լինելու ապացույցները գնալով պակասում են: Եվ հաշվի առնելով թշնամական պետությունների կողմից հայ էթնոսի հայկական լեռնաշխարհում ոչ բնիկ լինելու «ապացույցներին» ուղղված աշխատանքները՝ այս խնդիրը դառնում է արդիական:
Գ. Պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր:
Դ. ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը, քանի որ Կառավարության նախաձեռնությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք այլևս գտնվելու են Երևան քաղաքում:
Ե. Չի պարզվել այդ հուշարձանների սոցիալական գործառույթը: Այսինքն՝ մարդկանց հոգևոր կապը դրանց հետ, թե ինչ արժեք են ներկայացնում իրենցից տվյալ հուշարձանները մարդկանց համար և ինչ սոցիալ-հոգեբանական և մշակութային գործառույթ են իրականացնում:

Ելնելով վերը շարադրվածից՝ պահանջում ենք.
Ա. ՀՀ Կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N 1169-Ա որոշումը ճանաչել անվավեր:
Բ. Մինչ այս պահը տեղափոխված բոլոր հուշարձանները վերադարձնել իրենց նախնական վայրերը և դրանց մասին տեղեկացնել հանրությանը:
Գ. Նման իրավիճակներից խուսափելու համար պահանջում ենք օրենքով սահմանել հետևյալը՝ հանրային որևէ նյութական կամ հոգևոր արժեքների վերաբերյալ որևէ գործառույթ իրականացնելուց առաջ կազմակերպել այդ հարցի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ ներգրավելով համապատասխան անկախ մասնագետների և տեղաբնակների: Ինչպես նաև սահմանել դրանց ընթացակարգը: Իսկ եթե նման օրենք գոյություն ունի, ապա այն կատարելագործել և դնել կիրառության մեջ:
Դ. Կազմակերպել հանրային քննարկումներ կոնկրետ այս խնդրի վերաբերյալ՝ հրավիրելով շահագրգիռ անձանց՝ պարզելով նաև հուշարձանների սոցիալհոգեբանական գործառույթը: Ցանկալի է, որպեսզի քննարկումները լինեն նաև համացանցում, ի նկատի ունենալով, որ շատերը աշխատանքից չեն կարող բացակայել, բայց իրենց հարմար ժամերին կարող են իրենց հուզող հարցերը բարձրացնել, պատասխանողներն էլ իրենց հարմար ժամերին պատասխանել: Քննարկումները կարելի է ծավալել հենց «Պատմական հուշարձանների պահպանություն» ֆեյսբուքյան խմբում:

Մշակույթի նախարարությանը նաև առաջարկում ենք՝
Ա. Դրամական հոսքերն ու դրամաշնորհներն օգտագործել ոչ թե պատմական հուշարձանները տեղահանելու ու տեղափոխելու, այլ դեպի դրանց տանող ճանապարհներն ու դրանց շրջակայքը բարեկարգելու համար, ինչպես նաև շարունակական և բավարար միջոցներ ներդնել դրանք պատշաճ տեսքի բերելու և հուսալի պահպանության համար, որը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը:
Բ. Համապատասխան մասնագետների օգնությամբ պատրաստել այն հուշարձանների կրկնօրինակները, որոնք ենթակա են ցուցասրահներում կամ թանգարաններում ցուցադրվելու: Ինչպես նաև կազմակերպել հուշարձանների պահպանությունը իրենց բուն տեղակայման վայրերում՝ ներգրավելով համապատասխան մասնագետների: Այս մոտեցմամբ կապահովվեն նաև մասնագետների համար նախատեսված աշխատատեղեր մարզերում:
Գ. Առավել լայնորեն օգտագործել համացանցային ծրագրային ու գրաֆիկական միջոցները, որպեսզի միջազգային ասպարեզներում պատշաճ կերպով ներկայացվեն հայկական պատմական հուշարձաններն ու մշակութային արժեքները:
Դ. Մշակել և առաջարկել այդ նույն կոթողներն իրենց միջավայրում տեսնելու տուրիստական և ճանաչողական այցելությունների շարք, որին գումարած վերոնշյալ համացանցային ինֆորմացիոն դաշտը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում:
«Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել