Մինչ այս պահը տեղափոխված բոլոր հուշարձանները վերադարձնել իրենց նախնական վայրերը. դիմում-պահանջ
17:23 , 8 նոյեմբեր, 2012
ՀՀ ԿառավարությանըՀՀ Մշակույթի նախարարությանըԴԻՄՈՒՄ – ՊԱՀԱՆՋՀՀ Կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշում, որը որակում ենք չհիմնավորված և վնասակար՝ հիմք ընդունելով հետևյալ անառարկելի փաստերն ու հանգամանքները.Ա. ՀՀ կառավարության 2007թ-ի համանման որոշման հիման վրա Փարիզի Լուվրի թանգարան տեղափոխված Լոռվա բերդի հազվագյուտ կերտվածքով խաչքարն առ այսօր չի վերադարձվել իր ստեղծման վայրը և հայտնի չէ՝ երբևէ կվերադարձվի, թե ոչ: Եվ այս դեպքը միակը չի:Բ. Տարիների ընթացքում անվերահսկելի և կամայական կերպով Հայաստանի տարբեր վայրերից Երևան են բերվել բազմաթիվ պատմական հուշարձաններ կամ դրանց առանձին պատառիկներ, որոնք ներկայումս սփռված են տարբեր նշանակության հանրային շինությունների բակերում կամ սրահներում, զբոսավայրերում ու պուրակներում: Դրանց գերակշիռ մասն այժմ զրկված են պատմական արժեքի կարգավիճակից, և խիստ դժվարացել է պարզելը, թե դրանք երբ և որտեղից են բերված: Այսպիսով, խաթարվում է հուշակոթողների ծագումնաբանությունը, որի պատճառով ապագայում հայ ազգի բնիկ լինելու ապացույցները գնալով պակասում են: Եվ հաշվի առնելով թշնամական պետությունների կողմից հայ էթնոսի հայկական լեռնաշխարհում ոչ բնիկ լինելու «ապացույցներին» ուղղված աշխատանքները՝ այս խնդիրը դառնում է արդիական:Գ. Պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր:Դ. ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը, քանի որ Կառավարության նախաձեռնությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք այլևս գտնվելու են Երևան քաղաքում:Ե. Չի պարզվել այդ հուշարձանների սոցիալական գործառույթը: Այսինքն՝ մարդկանց հոգևոր կապը դրանց հետ, թե ինչ արժեք են ներկայացնում իրենցից տվյալ հուշարձանները մարդկանց համար և ինչ սոցիալ-հոգեբանական և մշակութային գործառույթ են իրականացնում:Ելնելով վերը շարադրվածից՝ պահանջում ենք.Ա. ՀՀ Կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N 1169-Ա որոշումը ճանաչել անվավեր:Բ. Մինչ այս պահը տեղափոխված բոլոր հուշարձանները վերադարձնել իրենց նախնական վայրերը և դրանց մասին տեղեկացնել հանրությանը:Գ. Նման իրավիճակներից խուսափելու համար պահանջում ենք օրենքով սահմանել հետևյալը՝ հանրային որևէ նյութական կամ հոգևոր արժեքների վերաբերյալ որևէ գործառույթ իրականացնելուց առաջ կազմակերպել այդ հարցի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ ներգրավելով համապատասխան անկախ մասնագետների և տեղաբնակների: Ինչպես նաև սահմանել դրանց ընթացակարգը: Իսկ եթե նման օրենք գոյություն ունի, ապա այն կատարելագործել և դնել կիրառության մեջ:Դ. Կազմակերպել հանրային քննարկումներ կոնկրետ այս խնդրի վերաբերյալ՝ հրավիրելով շահագրգիռ անձանց՝ պարզելով նաև հուշարձանների սոցիալհոգեբանական գործառույթը: Ցանկալի է, որպեսզի քննարկումները լինեն նաև համացանցում, ի նկատի ունենալով, որ շատերը աշխատանքից չեն կարող բացակայել, բայց իրենց հարմար ժամերին կարող են իրենց հուզող հարցերը բարձրացնել, պատասխանողներն էլ իրենց հարմար ժամերին պատասխանել: Քննարկումները կարելի է ծավալել հենց «Պատմական հուշարձանների պահպանություն» ֆեյսբուքյան խմբում:Մշակույթի նախարարությանը նաև առաջարկում ենք՝Ա. Դրամական հոսքերն ու դրամաշնորհներն օգտագործել ոչ թե պատմական հուշարձանները տեղահանելու ու տեղափոխելու, այլ դեպի դրանց տանող ճանապարհներն ու դրանց շրջակայքը բարեկարգելու համար, ինչպես նաև շարունակական և բավարար միջոցներ ներդնել դրանք պատշաճ տեսքի բերելու և հուսալի պահպանության համար, որը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը:Բ. Համապատասխան մասնագետների օգնությամբ պատրաստել այն հուշարձանների կրկնօրինակները, որոնք ենթակա են ցուցասրահներում կամ թանգարաններում ցուցադրվելու: Ինչպես նաև կազմակերպել հուշարձանների պահպանությունը իրենց բուն տեղակայման վայրերում՝ ներգրավելով համապատասխան մասնագետների: Այս մոտեցմամբ կապահովվեն նաև մասնագետների համար նախատեսված աշխատատեղեր մարզերում:Գ. Առավել լայնորեն օգտագործել համացանցային ծրագրային ու գրաֆիկական միջոցները, որպեսզի միջազգային ասպարեզներում պատշաճ կերպով ներկայացվեն հայկական պատմական հուշարձաններն ու մշակութային արժեքները:Դ. Մշակել և առաջարկել այդ նույն կոթողներն իրենց միջավայրում տեսնելու տուրիստական և ճանաչողական այցելությունների շարք, որին գումարած վերոնշյալ համացանցային ինֆորմացիոն դաշտը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում:«Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնություն