Հայաստանում իրական անհրաժեշտություն կա մի մասնագիտության, որը ձևակերպված չէ որպես մասնագիտություն, ուստիև պահանջարկ էլ չի վայելում: Այդ մասնագիտությունը վերացարկման բարդ աստիճան պահանջող հասկացությունների <թարգմանիչի> մասնագիտությունն է: Խնդիրն այն է, որ առօրյայի բերումով հասարակության մեծամասնությունը ժամանակ չի ունենում իմաստավորելու և հասկանալու առօրյայում չտրված, սակայն հենց այդ նույն առօրյան կազմակերպող սոցիալական, մշակութային, քաղաքական կամ տնտեսական երևույթները: Օրինակ` վերջերս շատ է խոսվում քաղաքացիականությունից, և թվում է, թե այն հասկանալի ու ցանկալի բան է մեզ համար: Բայց երբ փորձում ենք կիրառել այն մեր սոցիալական կյանքում, բանից պարզվում է, որ քաղաքացիական կեցվածք ունեցողին մենք կոչում ենք երեքտառանոց հայտնի հայհոյանքով: Կամ մեկ այլ դեպքում խոսվում է ժողովրդավարությունից, բայց մեր հասարակությունում ժողովրդավարության իրականացման իրական հնարավորությունների կամ միգուցե նաև անհրաժեշտության մասին քչերը, շաատ քչերը պատկերացում ունեն: Կամ խոսվում է բարոյականությունից, որի գոյությունը հաճախ ուղղակիորեն կապում են կրոնականության հետ, ինչը աններելի երևույթ է, որովհետև դրանք տարբեր և հաճախ հակադիր իմաստային բովանդակություն ունեցող հասկացություններ են: Ու էսպես դեռ բազում հասկացություններ և երևույթներ կան, որոնք <մարդկային> լեզվով թարգմանության և իմաստավորման կարիք, նույնիսկ անհրաժեշտություն ունեն: Բայց քանի որ մենք սովորել ենք գոյություն քարշ տալու մարտավարությանը, նման բաների մասին ոչ մտածելու, ոչ էլ առավել ևս իմաստավորելու հավես չունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել