Զինծառայողները պետք է լինեն պետության առաջնային ուշադրության կենտրոնում: Նամանավանդ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զնվորներին առնչվող ցանկացած խնդիր պետք է լինի պատկան գերատեսչությունների խոշորացույցի տակ:

Այսօր, գործադիր մարմնի նիստի օրակարգում քննարկվում էր սահմանապահ զինվորներին աջակցելու հարցը: Կառավարությունը հաստատեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 
Համաձայն օրենքի նախագծի, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակը սահմանելիս, առաջին գծում ծառայություն անցկացրած տարիները կրկնապատկվում են: Սա նշանակում է, որ այս նախագիծի հիման վրա շոշափելիորեն ավելանալու է վերջիններիս կենսաթոշակները:

Այս որոշումը կարևոր էր առաջին հերթին բարոյական տեսանկյունից: Այն կնպաստի մարտական հերթապահություն իրականացնող զորամասներում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Հանուն արդարության պետք է նշենք, որ սա պետության կողմից ՀՀ զինված ուժերին ուղղված միակ ծրագիրը չէ: 
Որպես օրինակ` մի քանի ամիս առաջ կառավարությունը հաստատել էր զինծառայողների դրսում բուժում ստանալու մասին օրինագիծը:

Կարծում եմ պետությունը պետք է առավելագույնս ուշադրության կենտրոնում պահի սահմանապահ զինվորներին առնչվող խնդիրները:
Օրենքը ազդելու է բոլոր առաջնագծում ծառայող զինվորների վրա՝ անկախ իրենց կոչումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել