Մեր ազգային-մշակութային առանձնահատկություններից մեկը` անձնապաշտությունը, մեր սոցիալական համակարգի, որպես պետություն կայացման ամենաորոշիչ խոչընդոտներից մեկն է: Ընդհանրապես ցանկացած սոցիալական կառույցի կայացման համար (ինչպիսին է նաև պետությունը) պետք են այդ կառույցի գոյությունն արդարացնող առասպելների որոշակի համակարգեր կամ մեծ պատումներ, որոնք տվյալ հասարակության համար խմորիչի գործառույթ են կատարում: Ճիշտ է, էդ առասպելները վերջին հաշվով բացարձակ ճշմարտություններ չեն ու հաճախ նաև կեղծ էլ են, բայց կարևոր կազմակերպող գործառույթ են իրականացնում: Վերջին հաշվով իրականությունն էլ մեծ ու փոքր կեղծիքների շարան է: Բայց մեր անձնապաշտությունը կամ որոշ դեպքերում էլ խմբապաշտությունը մեզ թույլ չի տալիս մեծ կեղծիքներին` առասպելներին հավատալ: Դրա փոխարեն մենք բոլորս էլ հակված ենք հավատալու մեր անձնական կամ խմբային (ընտանեկան, ընկերային, բարեկամական կամ կլանային) կեղծիքներին` կարիերա, հաջողվածություն, երջանիկ կյանք և այլն: Եվ հենց այդ հատկության պատճառով էլ մենք դեռ չենք կարողանում որպես պետություն կայանալ: Մենք պետք է սովորենք խաբվել մեծ կեղծիքներով: Իսկ քանի դեռ չենք սովորել մեծ կեղծիքներով խաբվել, ապրելու ենք մասնատված, հատվածական, անմիասնական և սեփական ընտանիքի ու սեփական մորթու սահմաններում առկա խաբկանքների աշխարհում: Ամեն դեպքում նախընտրելի է մեծ կեղծիքներով խաբվելը... էդպես գոնե միայնակ չես լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել