Սա հաջողության լավագույն բանաձևն է և հաջողության հասնելու լավագույն օրինակներից մեկը։ Սա այն օրինակն է, որին պետք է հետևեն շատ երիտասարդներ, և սա հենց այն է, որով կարելի է ու պետք է հպարտանալ։

Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին՝ ս.թ. հունվարին թողարկված Shadowmatic համակարգչային խաղի համար:

Մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին ԱՄՆ-ում: Shadowmatic-ից բացի՝ Apple Design Awards-ին են արժանացել ևս 9 ընկերություններ տարբեր երկրներից:

Սա ուղղակի լուր չէ կամ էլ հերթական ինֆորմացիա։ Անցյալ դարի վաթսունական-յոթանասունականներին ութից տասնհինգ տարեկան տղաներն ու աղջիկները թաց աչքերով, սրտի թրթիռով ու երազանքով լսում էին լուրերը տիեզերք թռիչքի և տիեզերագնացների մասին և երազում էին հենց տիեզերագնաց դառնալ։ Մեր դարում թվում էր՝ դժվար է երազանքներն ուղղորդել։ 
Տեխնոլոգիաների զարգացումը և այն հնարավորությունները, որոնք բաց են ցանկացած մարդու համար, երազանքը դարձնում են իրականանալի։
Իմ ընկերները, տարիներ շարունակ աշխատելով, տարիներ շարունակ չդավաճանելով սեփական սկզբունքներին, ստեղծելով, արարելով, առանց բարձրագոչ խոսքերի, առանց հատուկ փիառի, համեստորեն ու նպատակասլաց կերպով հասան այն բարձր կետին, որով անսահման հպարտ եմ, որը՝ որպես հաջողության բանաձև և օրինակ, կարող եմ ներկայացնել իմ որդիներին, նրանց ընկերներին։
Triada Studio-ի հաղթանակը կարևոր է հենց այդ տեսանկյունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել