Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-13-ը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջիփ Թայիփ Էրդողանի և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ: Պուտինը կմասնակցի նաև Եվրոպական խաղերի բացման արարողությանը, այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: 
Ինչպես միշտ, Պուտինը շախմատի օրենքներով է խաղում և միանգամից մի քանի քայլ առաջ է մտածում, միաժամանակ հանդիպումը թե՛ Էրդողանի, թե՛ Ալիևի հետ նրան հնարավորություն է տալիս վերահսկել հարաբերությունները Եվրոպայում՝ կրկին և կրկին օգտագործելով հայկական կողմի գործոնը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկու տասնամյակից ավել չլուծվող հակամարտության կարգավորման գործընթացը: 
Ինչպես նաև նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում: Պուտինի այցն ընտրություններից հետո իր նպատակն ունի, չէ՞ որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» Մեջլիսում տեղի ուեցած ընտրություններին պահպանեց առաջատար դիրքերը, բայց խորհրդարանում կորցրեց մեծամասնությունը: Այնպես որ, իշխող կուսակցությունը ստիպված է լինելու բանակցել ընդդիմության հետ, այդ թվում՝ քրդերի: Իր այցով Պուտինը փորձելու է իր կողմ ուղղել ընդդիմության և քրդերի ներկայացուցիչներին, քանզի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացումը կախված է ոչ միայն իշխող կուսակցությունից, այլև ընդդիմությունից: 
Իսկ մեզ մնում է միայն հետևել ՌԴ նախագահի հետագա քայլերին, որպեսզի կարողանանք հայկական գործոնն օգտագործել ի օգուտ մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել