1. Խմբի (ուսանողական, աշխատանքային, ընկերական, բարեկամական և այլն) առավել ակտիվ անձնավորության պայծառ ուղեղում առկայծում է հանգստյան օրը քաղաքից դուրս անցկացնելու գաղափարը, ով շատ արագ համախմբում, ոգեշնչում և շահադրդում է խմբի մյուս անդամներին: «Քաղաքից դուրսը» բնականաբար լինում է կա՛մ Սևանը, կա՛մ Հայաստանի ձորերից որևէ մեկը՝ Աշտարակի, Կարբու, Գառնու և այլն:
2. Խմբի բոլոր անդամներն անհապաղ ներբեռնվում են ամենակարևոր աշխատանքին՝ անհրաժեշտ սննդամթերքի և այլ պարագաների չափ ու քանակի հաշվարկմանը, ինչպես նաև ծախսերի նախահաշվի կազմմանը: Պետք է նշել, որ այս աշխատանքի վրա նրանք ծախսում են բավական երկար ժամանակ, որից հետո խումբը՝ «կատարված հաշվարկին» համապատասխան, գնում է առևտուր անելու:
3. Անկախ 2-րդ կետում նշված հաշվարկից՝ խումբը, միևնույնն է, գնում է 1 լագյան (լագյան- տատական լայն և խորը թաս, որի մեջ շատ հանգիստ կարելի է տեղավորել 1 տոհմային ցլիկ) խորովածի և «խաշլամի» միս (խոզի, տավարի, հավի,…), մի քանի «բլոկ» ջրեղեն (հանքային, կոլա, ֆանտա, լիմոնադ…), բանջարեղենի, պանրի, մրգի, քաղցրավենիքի տեսականիներ, հաց ու լավաշ և ամենակարևորը՝ 3-7 կիլոգրամ «սեմուշկա»: Այլ կերպ ասած, եթե փորձենք գնված սննդամթերքի քանակը բաժանել խմբի անդամների թվի վրա, ապա կստանանք, որ մեկ օրվա ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ «ներս է անելու» մոտ 8-10 կիլոգրամ սննդամթերք և ջրեղեն: Խումբը չի մոռանում նաև հիշել առողջ ապրելակերպի մասին, չէ՞ որ այսքան ուտելիքը «ներս անելը» պետք է ուղեկցվի որոշ սպորտային միջոցառումներով: Այդ հարցն ունի միանշանակ պատասխան՝ խաղաթղթեր, գնդակ և բադմինտոն, սակայն, մի քիչ առաջ ընկնելով, պետք է նշեմ, որ գնդակն ու բադմինտոնն այդպես էլ չեն օգտագործվում՝ «շոգին խաղալ չի լինում» պատճառաբանությամբ, այսինքն՝ նախատեսված սպորտային միջոցառումներից իր նպատակին ծառայում են միայն խաղաթղթերով խաղերը (բլոտ, դուռակ, մրոցի..), փոխարենը նորից օգնության է հասնում ամենափրկիչ «սեմուշկեն»…. Խումբը մեկնում է….
4. Թե ինչ է լինում տեղում, դուք բոլորդ շատ լավ գիտեք, տեղ հասնելուն պես ողջ օրվա ընթացքում խումբը կա՛մ ուտելիք է պատրաստում, կա՛մ պատրաստածն ուտում է: Այս պրոցեսների արանքում միայն խմբի անդամները հազիվ հասցնում են զբոսնել՝ ուսումնասիրելով տեղանքը, թեթև ջրում թրջվել, տարաբնույթ դիրքերով նկարվել, բլոտել և այդ ամենը, իհարկե, «սեմուշկա չռթելու» սիմֆոնիայի ներքո: Օրվա վերջում խմբի անդամներին, որոնք արդեն իսկ բավականաչափ հոգնած են, սպասում է նոր փորձություն՝ ուտելիքի մնացորդների հավաքում և կուտակված աղբի թափում սահմանված վայրերում, իհարկե անպարկեշտ խմբերն իրենց գործը հեշտացնելու համար աղբը թափում են ջրում կամ ծառերի և թփերի տակ:
5. Օրն ավարտվելուց հետո… բոլորը սպառված, տանջված, արևայրուք ստացածներն իրենց մարմիններին մածուն քսելով, ստամոքսի խանգարումներ ունեցողները համապատասխան դեղեր խմելով, հոգնած երեխաների նվնվոցի ներքո վերադառնում են տուն:

P.S. Հանգստի մեկնում են հանգստանալու և վայելելու համար, այլ ոչ թե հոգնելու և սպառվելու… Մի՛ ծանրաբեռնեք ձեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել