IMG_9971

Առարկայական չափորոշիչ և ավարտական քննություններ. ընդհանուր դիտարկումներ

Այնպես է ստացվել, որ արդեն որերորդ տարին է՝  հունիս ամսին, կամա, թե ակամա, հայտնվում եմ սթրեսային իրավիճակներում՝ 9-րդ դասարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության նախապատրաստության և քննական արդյունքների հետ կապված:

Քանի որ նախորդ տարիներին որոշ ուսումնասիրություններ, համեմատություններ և գրառումներ ունեի արած, որոշեցի այդ ամենը միավորել ու, ավելացումներով անելով, հոդված դարձնել:

Խնդրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար նախ ընթերցենք Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշչի դրույթները և հասկանանք՝ որչափով են դրանք արտացոլվում ավարտական թեստերում:

«Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջները տրվում են ըստ հանրակրթական դպրոցի երկու աստիճանների՝ տարրական և միջին՝ յուրաքանչյուրի համար երեքական մակարդակով՝ որոնք արտացոլում են աշակերտների կողմից գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման տարբեր աստիճանները։ Յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հենվում է նախորդի վրա և ներառում է նրանում նախանշված գիտելիքներն ու կարողությունները, հետևապես դրանք նորից չեն նշվում ավելի բարձր մակարդակներում։ Տարրական և միջին դպրոցների առաջին մակարդակը նախատեսում է գիտելիքների, հմտությունների ու կարողությունների այն ծավալը, որը բավարարում է կրթական հաջորդ աստիճանին անցնելու։ Երկրորդ և երրորդ մակարդակները վկայում են սովորողների ավելի բարձր առաջադիմության մասին և ավելի լայն հնարավորություն են ընձեռում շրջանավարտին՝ ուսումը շարունակելու համապատասխանաբար՝ ավագ դպրոցի հատուկ հոսքերում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում»։

Հանրակրթական  հիմնական դպրոցի առարկայական չափորոշչում ձևակերպված են Հիմնական դպրոցի սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պարտադիր պահանջները`
1. Գիտելիքների համակարգ
2. Կարողություններ և հմտություններ
3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Հիմա փորձենք հասկանալ, թե որչափով են առարկայական չափորոշչի` սովորողներին ներկայացված պահանջները արտացոլված 9-րդ դաս.-ի ավարտական քննության թեստերում: Եվ այսպես`

1. Գիտելիքների համակարգ
Այս բաժինը ներառում է գիտելիքի «տեսական» մասը: Թեստերում արտացոլված է ամբողջական և լիարժեք՝  երրորդ մակարդակ:
2. Կարողություններ և հմտություններ
Քերականական և գրականագիտական գիտելիք. գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է, մինչդեռ բանավոր դաշտը` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով, ամբողջովին բաց է: Թեստերում արտացոլված է մասամբ` երկրորդ մակարդակ:
3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
Հավաքել-համադրել, վերլուծել-պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով բանիվ` ցուցաբերել քննադատական մոտեցում: Դաշտն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին բաց է:
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ
Ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն. հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ  նախապատրաստել`  հորինելով հերոսներ,  միջավայր, իրավիճակներ: Դաշտն ամբողջովին  կամ գրեթե ամբողջովին բաց է:
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Դաշտն ամբողջովին բաց կամ գրեթե ամբողջովին է:

Իսկ հիմա փորձենք պարզել, թե որչափով են առարկայական չափորոշիչի պահանջները արտացոլվում Հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` մայրենիի դասաժամերին: Եվ այսպես`
1. Գիտելիքների համակարգ
«Տեսական» գիտելիք, որպես այդպիսին, բացակայում է կամ գրեթե բացակայում է: Բովանդակային նվազագույն պարտադիր մաս` առաջին մակարդակ:
2. Կարողություններ և հմտություններ

Քերականական, գրականագիտական գիտելիք, ասել է թե` ճանաչողական-տրամաբանական կարողություններ և հմտություններ: Գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է մասամբ, բանավոր դաշտում` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով` նույնպես: Արտացոլվում է մասամբ` երկրորդ մակարդակ:

3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
Հավաքել-համադրել, վերլուծել-պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով բանիվ` ցուցաբերել քննադատական մոտեցում: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ:
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ

Ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն` հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ նախապատրաստել` հորինելով հերոսներ, միջավայր, իրավիճակներ, միով բանիվ` ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ:
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ: Մեկ պարզաբանում: Առարկայական չափորոշիչում ինքնուրույն գործունեության կարողությունների և հմտությունների բացահայտման դաշտը ֆիզիկական միջավայրն է, մեզանում` մեդիան: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը՝ ուսուցանվող նյութը ավելի մատչելի ու գրավիչ դարձնելու, յուրացման գործընթացն արագացնելու, սովորողի ինքնուրույն աշխատանք կատարելու ունակությունները զարգացնելու, նոր տեղեկատվություն ստանալու միջոցներին տիրապետելու և առհասարակ ինքնակրթության նախաձեռնությունը խթանելու նպատակով»։ (Բ կետ, Ժ)

Հետազոտական աշխատանք

Առարկայական չափորոշչի «Ուսումնական գործունեության տեսակները» (զ կետ) բաժնում խոսվում է հետազոտական աշխատանքի, կազմակերպման ձևերի,  իրականացման փուլերի մասին:

Հետազոտական աշխատանքը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության որոնում, կուտակված տեղեկատվության օգնությամբ հիմնահարցի լուծման ուղիների որոնում, որոնողական աշխատանքի արդյունքների ամփոփում և ձևակերպում, այլև խնդիրների և հարցերի ճշգրիտ ձևակերպում, նախագծերի կազմում և քայլ առ քայլ իրականացում, քննադատական մոտեցում ընդունված տեսակետներին, վարկածների առաջադրում և ստուգում, լսարանի առջև փաստերով հիմնավորումն ու իր ասածի ապացուցումը:

Պարզից էլ պարզ է, որ ավարտական քննության թեստերում հետազոտական աշխատանքի մասին խոսք լինել անգամ չի կարող: Այն, որպես այդպիսին, ընդհանրապես բացակայում է:

Մեզանում հետազոտական աշխատանքի կազմակերպումն առանձին դեպքերում տեսանելի է բլոգավարության, երևում է մասնավորապես նախագծային ուսուցման և ակումբային գործունեության ընթացքում:

Հետևություն

Ավարտական քննության թեստերում (խոսքը մասնավորապես 9-րդ դաս.-ի ավարտական թեստերի մասին է) առարկայական  չափորոշչի` սովորողներին ներկայացված պարտադիր պահանջները, մեղմ ասած, արտացոլված չեն: Թեստերում բացակայում է առարկայական չափորոշչի, թերևս, ամենակարևոր ասելիքը` «Կարողություններ ու հմտություններ» մասնաբաժինը, որը, ինչպես նկատեցինք, կազմում է պարտադիր պահանջների գերակշիռ մասը` հինգ կետից չորսը:

Թեստերը չունեն կամ գրեթե չունեն սովորողի կարողություններն ու հմտությունները ստուգող առաջադրանքներ ու հարցադրումներ:

Եզրակացություն
Ավարտական քննության թեստերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառված է գիտելիքի «տեսական» մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի «գործնական» մասը: Հեղինակային կրթական ծրագրերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառվում է գիտելիքի «գործնական» մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի «տեսական» մասը:

Համեմատություն և վերլուծություն

Մենք ունենք քննական արդյունքների հետևյալ պատկերը: Օրինակները՝  թվերի լեզվով:

Նախորդ տարի  9.2 դաս.-ի 23 սովորողներից 10-ը ստացել է 8 միավոր, մյուսները՝  9, 10, 11, 12:

9.4 դաս.-ի 19 սովորողներից 9-ը ստացել է 8 միավոր, մյուսները՝  9, 10, 11, 13:

Այս տարի 9-րդ դասարանցի 29 սովորողներից 5-ը ստացել է 8 միավոր, մյուսները՝  9, 10, 11, 12, 13, 14:

Ինչպես տեսնում ենք՝ այս և անցյալ տարվա ընդհանուր պատկերը նույնն է. միջին գնահատանիշը գտնվում է 9-ից 13-ի միջակայքում: Ի դեպ, նմանատիպ պատկեր ենք ունեցել նաև նախանցյալ տարի:

Հիմա փորձենք հասկանալ՝  ինչու:

  • Ուսուցումը հիմնականում իրականացվում է նախագծերի միջոցով, որի շեշտը կարողությունների ու հմտությունների զարգացումն է, մի բան, որը արտացոլված չէ թեստերում:
  • Սովորողները թեստերին սկսում են ծանոթանալ վերջին մեկ ամսվա ընթացքում (խոստովանում եմ՝  դա ինձ համար պարտադրված ու ոչ այնքան սիրելի գործ է), որը բավարար չի կարող լինել քննությունից ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել