Բանակը լայն հասկացություն է. այն չի ստեղծվել միայն հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Հայ բանակն իր մեջ է պարփակել հայոց ողջ ներուժը, գուցե հենց դա է պատճառը, որ մեր տարածաշրջանում այսօր այն լավագույնն է և աչքի է ընկնում իր բարձր մարտունակությամբ ու պատրաստվածությամբ: 
Նկատենք, որ առաջնագծում մեր զինծառայողների գործադրած ջանքերի շնորհիվ է, որ այսօր սահմանին պահպանվում է հարաբերական խաղաղությունը, իսկ հակառակորդի ցանկացած ոտնձգություն ստանում է արժանի հակահարված:

Ուստի չգնահատել և արժանին չմատուցել հայրենիքի համար ամեն վայրկյան իր կյանքը տարիներ շարունակ վտանգած առաջնագծում ծառայած զինվորական և սպայական անձնակազմին, մեղմ ասած, արդար չէր լինի: 
Այդ իսկ պատճառով հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայություն իրականացնող սպաներն ու ենթասպաներն, ըստ նոր ընդունված օրենքի, այսուհետ կստանան կրկնակի թոշակ: 
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք արտոնություններ:

Բացի այդ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունն, ուղղված լինելով զինծառայողների կոնկրետ խմբին լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, կարող է խթանել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացն արդյունավետ կազմակերպելուն, ինչն էլ ավելի կբարձրացնի ՀՀ անվտանգությանը, պաշտպանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ՀՀ զինված ուժերի գործընթացի որակը:

Հարկ է նկատել, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել