Գիտության ֆինանսավորումը ավելացնելու հարցում շահագրգռվածները փորձում են հասկանալ` 2013-ի բյուջեի նախագծում ի՞նչ փոփոխություններ կարելի է անել, որ  մեծանա գիտության ֆինանսավորումը:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը առաջարկում է բոլոր ոլորտներում ծախսերի մի մասը այնպես կատարել, որ դրանք միաժամանակ խթանեն նաև գիտության զարգացումը: Բանակի դեպքում, օրինակ, ըստ գիտնականի՝ ռազմական արդյունաբերությանը հատկացումները պետք է ենթադրեն գիտական ուղղվածության հստակ ծրագրեր, որոնք պարզապես չեն կարող չբարձրացնել մեր բանակի մարտունակությունը երկարաժամկետում: Իշխանյանի այս մի առաջարկը, փաստորեն, չի նշանակում, թե անպայման պետք է կրճատել որևէ ոլորտի որևէ ծախս և այդ գումարները տանել մտցնել բյուջեի «գիտություն» բաժնի տակ:

Սակայն, ինչպես Իշխանյանը, այնպես էլ այլ գիտնականներ ու պատգամավորներ կարևորում են նաև գիտության համար այլ ոլորտներից ծախսերը ուղղակիորեն կրճատելու տարբերակը: «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, օրինակ, Աժ-ի մշտական հանձնաժողովի նիստին առաջարկեց կրճատել «մարզպետարանների և նախագահի աշխակազմի ֆինանսավորումը»: Փոստանջյանի այս ու ընդհանրապես` «Ձեզ  օպտիմալացրեք» կարգի դատողություններին ՀՀ ֆինանսների փորձառու փոխնախարար (մոտ 16 տարի) Պավել Սաֆարյանը տնտեսագիտորեն գրագետ ձևով է արձագանքում` ասեք կոնկրետ ո´ր հոդվածի ո´ր բաժնի ո´ր կետից կրճատել:

Իսկապես, եթե, օրինակ, վերցնենք մարզպետարանները, ուրեմն` խոսքը գրեթե ամբողջությամբ աշխատավարձերի մասին է, որոնց հատկացումների ցանկացած կրճատումը հազարավոր կոնկրետ մարդկանց վրա է ազդելու: «Բայց չէ՞ որ այս էլ 5-րդ տարին է, ինչ քաղծառայողների բազային աշխատավարձը չի ավելացվում, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածի կուտակային գնաճը արդեն անցնում է 30 տոկոսից: Այսինքն` այդ մարդկանց իրական աշխատավարձը անընդհատ նվազում է»,- կարող է լինել արձագանքը:

Կամ` «ինչպես եք ակնկալում որակյալ պետական ծառայություն և կոռուպցիայի ցածր մակարդակ մի երկրում, որտեղ չինովնիկի միջին աշխատավարձը 110-120 հազար դրամ է» և այլն: Այս կարգի արձագանքներ կարող են լինել բազմաթիվ ոլորտների հետ կապված: Տեսականորեն բոլորս գիտենք, որ միջոցները խիստ անարդյունավետ են ծախսվում, պետական գնումների ոլորտում «ատկատները» միլիարդներով են չափվում, բայց հենց գալիս է կոնկրետ հոդվածի կոնկրետ բաժին ու կոնկրետ ծախս նշելուն, գործը, կարծես թե, դժվարանում է:

Բայց վերջին տարիների բյուջեների նախագծերում կա մի կոնկրետ բաժին, որով հատկացվող միլիարդները ոչ միայն բացարձակապես արդարացված չեն, այլև, մեղմ ասած, խայտառակություն են` տարածքային համաչափ զարգացման և «ֆինանսական համահարթեցման» հասկացությունների տեսակետից: Այսպես. Հայաստանում կա մի օրենք` «Ֆինանսական համահարթեցման մասին» վերնագրով, որում գրված է. «Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով … համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերության նվազեցումն է»: Սա, կոպիտ ասած, նշանակում է, որ պետությունը պետք է (ի թիվս այլ միջոցառումների) փող տա միայն աղքատ տարածքներին, ընդ որում` ավելի շատ այն համայնքներին, որոնք ավելի աղքատ են,  և ընդհանրապես փող չտա հարուստներին: Դրա համար հորինվել է, օրինակ, «դոտացիան», որը նորմալ երկրներում տրվում է միայն փոքր ու աղքատ համայնքներին և չի տրվում մայրաքաղաքաներին կամ խոշոր ֆինանսական կենտրոններին: Հայաստանում ֆինանսների 80-90%-ը կենտրոնացված է Երևանում, բայց արի ու տես, որ Երևանին տարեկան 9-10 մլրդ դրամ էլ դոտացիա է տրվում (երկրի ողջ դոտացիայի շուրջ քառորդ մասը):

Սա դեռ չարյաց փոքրագույնն է և դժվար է ուղղել 2013թ. համար, քանի որ դոտացիայի հաշվարկման այդ արատավոր բանաձևը ֆիքսված է օրենքով: «Սուբվենցիաներ ուղղված Երևանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանը աջակցելուն»,- այ սա է մեծագույն չարիքը, որով 6,6 մլրդ դրամ է նախատեսված (2013 թվականի բյուջեի մասին օրենքի հավելված 1, աղյուսակ 18), որից`

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման համար (600 մլն) 
- Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների համար (3,3 մլրդ)
-Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար (1,7 մլրդ):

Ինչո՞ւ պետք է ուրիշ համայնքները աշխատակազմ պահեն իրենց հարկերի ու դոտացիաների հաշվին, իսկ Երևանը պետբյուջեի: Ինչո՞ւ պետք է մյուս համայնքները իրանց փողոցը ճաքալցնեն իրանց եկամուտներով, իսկ առանց այն էլ «փողի վրա նստած» Երևանը պետբյուջեի փողերի հաշվին: Այստեղ անգամ խոսքն այն մասին չէ, որ մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերը զգալիորեն բարձրացվեցին (մեկ աշխատողի հաշվով շուրջ 50 հազար դրամով), կամ որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները տասնյակ հազար դոլարանոց «պադավատներով» են շրջում: Խոսքն այն մասին է, որ երբ բազմաթիվ աղքատ ու փոքր քաղաքներ ու գյուղեր ստիպված են բավարարել իրենց ծախսերը իրենց հավաքած հարկերով ու դոտացիաներով, Երևանը առավել ևս պարտավոր է բավարարվել հարկերով ու դոտացիաներով: Ավելին, եթե նույնիսկ մյուս համայնքներին տրվեն սուբսիդիաներ, ապա Երևանին ոչ միայն որևէ սուբսիդիա չպետք է տրվի, այլև օրենսդրական փոփոխությունների միջոցով պետք է իսպառ վերացվի պետբյուջեից դոտացիաներ տրամադրելու արատավոր ավանդույթը:

Իսկ այս պահին ընդամենը կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանի համար նախատեսված այդ 6,6 մլրդ դրամը պետք է ամբողջությամբ կտրել և հատկացնել գիտությանը, ինչը կնշանակի (եթե այլ ոլորտներից գիտության համար կրճատումներ չլինեն) նախագծով նախատեսվածի համեմատ գիտության ֆինանսավորման մոտ 60 % ավելացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել