Այն զարմանալիորեն գեղեցիկ ու պայծառ աշնանը, երբ պատերազմը նոր էր սկսել ծանր-ծանր քայլել մեր հպարտ լեռների վրայով՝ ամեն քայլափոխի խեղելով մեկի մարմինը ու ավերելով մյուսի հոգին, առաջին Հերոսների հետ զենք վերցրին նաև առաջին ստահակները:
Տագնապահար ու խառնակ այդ օրերին հայրենիքի պաշտպանությունը դեռ օրենքի պարտադրանք չէր, այլ անխռով քնած մանկան մահիճին կամ սիրեցյալի տագնապահար աչքերին նայելով կամովին կատարվող բախտորոշ ընտրություն: Զինվորական համազգեստը, թավ մորուքն ու անփութորեն ուսին գցած ինքնաձիգը իրենց տիրոջն արագորեն օժտում էին գերբնական հատկանիշներով: Հանդիպած յուրաքանչյուր մարդու երևակայությունը անմիջապես կառուցում էր անտառների լռության մեջ սրբապղծորեն բարձր հնչող կրակահերթերի ճարճատյունով լի մի հեքիաթային աշխարհ, որտեղ համազգեստի տերն անխուսափելիորեն հաղթում էր բորենու պես դաժան, մշուշված աչքերով թուրքին: Տղաներին ուղեկցող այդ կերպարը ունակ էր ծխնիներից պոկելու չափ միանգամից բացել ամեն դուռ՝ մինչ այդ կրնկաբաց անելով այդ դուռը փակողի ԻՐ զինվորին տասնյակ ու հարյուրավոր տարիներ անմռունչ կարոտած սիրտը: Կարճ ժամանակ անց պատերազմը դարձավ առօրյա. համազգեստ հագած տղաների համար ՝ ծանր ու վտանգավոր աշխատանք, մյուս բոլորի համար՝ անվերջանալի թվացող սպասում: Առօրյան բոլոր հեքիաթների մահացու թշնամին է, ու շուտով հասկանալի դարձավ, որ պատերազմում հերոսության հետքերով երբեմն ստվերի պես անձայն քայլում է սրիկայությունը:

Ինձ հանդիպած առավել հակակրելի ստահակներից մեկն ապրում էր մեր հարևան անխնամ, նեղլիկ փողոցում: Գորտի դուրս պրծած աչքերով ու ծուռ ոտքերով այդ տղան պարտաճանաչորեն գալիս էր մեր համերաշխ թաղամասի տղամարդկանց նոր կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատի պարապմունքներին, ցերեկներով բոլորի հետ հավասար սողում վարժադաշտի կպչուն ցեխի մեջ ու աշնանային երկար երեկոներին մասնակցում զորանոցում լամպի գունատ լույսի տակ անշտապ ընթացող զրույցին: Համատեղ զորանոցային կյանքի մի օր բոլորին պարզ դարձավ, որ խունացած կապույտ բուշլաթով տղայի ամենից հավատարիմ ընկերներն են ոգելից խմիչքներն ու թղթախաղը: Սակայն աշխարհազորին հատուկ էր իր անդամների թուլություններին ներողամտորեն նայելը, ու նա զորանոց մտնելիս ստիպված չէր լինում ամոթահար կախել գլուխը: 
Այն մութ, ամայի պատերազմական գիշերներին, երբ Ստեփանակերտի երկնքում նորից վառվում էին հրետանային փողի տեսք ունեցող իր որջից որսի դուրս եկած մահի դաժան աչքերը, մեր զորանոցի այդ հակակրելի բնակիչն անհետանում էր: Երկինքը լցրած արկերի շաչյունը, պայթյուններն ու գիշերվա պաղ մարմինը լիզող հրդեհները նրա բացակայությունը դարձնում էին աննկատելի: Ամեն հրետակոծությունից հետո մեկեն դատարկվում էր նաև զորանոցը: Մեր թաղամասի տղամարդիկ գնում էին վառոդի հոտի հետ օդում թևածող անորոշ լուրերի հետքերով. մեկը՝ որոնելու քարուքանդ փողոցի թանձր փոշու մեջ կորած իր ազգականին, մյուսը ՝ օգնելու մարել անծանոթ տան ավերակների վրա խելացնոր ուրախությամբ պարող հրդեհը:
Այսօրվա պես հիշում եմ այն գիշերը, երբ Շուշիից արձակված հրթիռներն այրեցին Ստեփանակերտի ամենակենտրոնում կանգնած հսկայական կարմիր շենքը, որտեղ մյուս հիմնարկների հետ տեղակայված էր նաև ԼՂԻՄ դատախազությունը: Մենք՝ մեր փողոցից հրացոլքի ու խավարի պայքարին հետևողներս, դեռ չգիտեինք, որ պատերազմի այդ հերթական գիշերը շուտով դառնալու է դուրս պրծած աչքերով տղայի անասելի խայտառակության վկան: Երբ մի խումբ ամրակազմ անծանոթ զինվորականներ նրան կոպտորեն ներս հրեցին զորանոցի նեղլիկ դռնից, մեր թաղամասի տղամարդկանց դեմքերը միանգամից մռայլվեցին: Տղամարդկանցից տարիքով ամենաավագը նորեկների հետ մի քանի կարճ նախադասություն փոխանակելով արագորեն պարզեց, որ հրետակոծությանը հաջորդած իրարանցումը տղան համարել էր հուսալի քողարկում, իսկ փողոց շտապած ինչ-որ մեկի բաց դուռը՝ հիանալի առիթ գողություն անելու համար: Սակայն նրա կասկածելի ուրվագիծը գրավել էր մարդկանց ուշադրությունը, իսկ զորանոցի կիսամթի մեջ տղայի աչքերից մեկի տակ փայլատակող հսկայական կապտուկը հուշում էր, որ չէր հապաղել նաև պատիժը: Հիշում եմ իր պատիվն առհավետ կորցրած տղային շրջապատած լռությունը, զորանոցի հատակին կարծես թե գամված նրա աչքերը ու տարիքով ամենից ավագ մեր հարևանի՝ մուրճի ծանրությամբ իջնող բառերը: Այդ օրվանից դուրս պրծած աչքերով տղան մեր թաղամասի զորանոցում այլևս չերևաց…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել